Jump to content

ՏՏՀ/Արիշտա

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՐԻՇՏԱ, պատրաստում են ցորենի ալյուրից (ջրով շաղախած)։ Որոշ տեսակների մեջ ավելացնում են ձու (կամ ձվի փոշի), վիտամիններ։ Ա. կարելի է պատրաստել նաև տան պայմաններում։

Ա. տնական։ Տախտակի վրա լցրած ալյուրի թմբի մեջ փոս անել, մեջը լցնել ձու, ջուր և աղ։ Պինդ խմոր հունցել, բարակ բացել, վրան ալյուր ցանել, բաժանել 5-6 սմ լայնության շերտերի, վերջիններս դնել մեկը մյուսի վրա (5-6 շերտ) և բարակ կտրտել։ Կտորներն առանձնացնել և լցնել անձեռոցիկի կամ սրբիչի վրա, թողնել, որ չորանա։ Ա-ին կպած ալյուրը մաղելով զատել, պատրաստի Ա. լցնել մսի, հավի, սնկի եռացող արգանակի կամ կաթի մեջ։ Որպես խավարտ մատուցելիս Ա. եփում են աղ գցած եռացող ջրում։

1 բաժակ ալյուր, 1 ձու, 1/4 բաժակ ջուր, մի պտղունց աղ։

Ամոքահանց Ա.։ Պատրաստում են նույն եղանակով, ինչ տնական Ա.։

3/4 բաժակ ալյուր, 1 դեղնուց, 1 ճաշի գդալ կարագ, 1/4 բաժակ ջուր, մի պտղունց աղ։ Ա-փլավ: Ա. յուղով թեթևակի բովել մինչև մուգ դեղնավուն դառնալը, լցնել աղ գցած եռացող ջրի մեջ և եփել, ապա շուռ տալ քամիչի մեջ, վրան գոլ ջուր լցնել և թողնել, որ քամվի։ Յուղի մի մասը հալեցնել լայն կաթսայի մեջ, ավելացնել եփած Ա., վրան լցնել մնացած յուղը, կափարիչը դնել և 15-20 րոպե եփել մարմանդ կրակի վրա։ Մատուցել սկուտեղի մեջ։

70 գ Ա-ին՝ 30 գ հալած յուղ, աղը՝ ըստ ճաշակի։

Ա-հալվայի մասին տես Խմոր հոդվածում։