Jump to content

ՏՏՀ/Արջտակ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՐՋՏԱԿ, ալպիական մանուշակ, գնարբուկազգիների ընտանիքի պալարավոր բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայրենիքը Փոքր Ասիան, Հունաստանն են։ Տերևները գեղազարդ են, մուգ կանաչ, երկար կոթուններով։ Ծաղիկները վառ են, տարաշխարհիկ, արևադարձային թիթեռներին նմանվող։ Բնակարաններում աճեցվում են պարսկական Ա. և դրա բազմահիբրիդային ձևերը։ Սենյակում Ա-ի ճիշտ խնամքի հիմնական պայմանը զով միջավայրն է, որը կարելի է ստեղծել բույսը դնելով պատուհանի երկու փեղկերի միջև կամ պատուհանային զով ջերմոցում, մարտկոցից և սենյակի օդից ապակիով, թաղանթով մեկուսացված։ Ծաղկող Ա. պետք է չափավոր ջրել (թաղարի եզրից) և պարարտացնել։ Ծաղկելուց հետո անհրաժեշտ է ջրելն աստիճանաբար պակասեցնել, իսկ տերևաթափից հետո պալարները հանել և պահել մութ տեղում։ Պալարները պետք է երբեմն խոնավացնել, իսկ հուլիսի սկզբից նորից հաճախակի ջրել, բացի այդ օրը 2-3 անգամ ջրցողել։ Սեպտեմբերի սկզբին անհրաժեշտ է վերատնկել թարմ հողի մեջ կամ փոխել հողի վերին շերտը (բացելով պալարների գագաթները), որի համար պետք է վերցնել փուխր, սննդարար հումուսի, տորֆի, թեթև ճմահողի և ավազի հավասարաչափ հողախառնուրդ։ Վերատնկելուց հետո թաղարները հարկավոր է տեղափոխել լուսավոր տեղ՝ պաշտպանելով արևի ճառագայթներից։ Անհրաժեշտ խնամքի դեպքում Ա. լավ ծաղկում է մի քանի տարի։ Բազմացվում է սերմերով, հազվադեպ պալարների բաժանումով, որը սենյակային պայմաններում դժվար է, ուստի խորհուրդ է տրվում ձեռք բերել արդեն ծաղկող բույս։ Ա-ի կտրած ծաղիկները և տերևները ծաղկամանում բավական երկար են դիմանում։