ՏՏՀ/Արմավենիներ
ԱՐՄԱՎԵՆԻՆԵՐ, արմավենիների ընտանիքի թփեր կամ ծառանման բույսեր տարածված երկրագնդի արևադարձային և մերձարևադարձային գոտիներում։ Բնակարաններում խորհուրդ է տրվում աճեցնել Ա-ի հետևյալ տեսակները.
Կենտիա կամ հովեա և ռոպալոստիլիս՝ թեթևակի դեպի ներքև թեքված փետրաձև տերևներով։
Խամեդորեա՝ մանր ծաղիկներով, գեղազարդ ծաղկաբույլերով բազմացողուն գաճաճ։
Փյունիկ՝ նրբագեղ է, փետրաձև տերևներով, լայնասաղարթ պսակով։
Տրախիկարպուս՝ չճյուղավորված բարձր բունը պատած է բազմաթիվ դարչնագույն թելերով՝ մահացած տերևների մնացորդներով, տերևները հովանոցանման են, երկար կոթունով։
Խամերոպս՝ կարճաբուն է, բազմաթիվ ընձյուղներով։
Վեդելի՝ սենյակային պայմաններում աճող, շատ դիմացկուն գաճաճ Ա.։
Ա. դանդաղ են աճում։ Ցանկալի է բույսերը տեղադրել լուսավոր պատուհանների մոտ, արևի ուղիղ ճառագայթներից և միջանցիկ քամուց հեռու։ Գարնանը և ամռանն անհրաժեշտ է առատ ջրել, թողնելով տակդիրում ջուրը և պարբերաբար ջրցողել կամ տերևները սրբել գոլ ջրով թրջած սպունգով։
Ձմռանը Ա. շատ քիչ են ջրում՝ ապահովելով արմատների անհրաժեշտ խոնավությունը։ Տերևները կտրում են միայն տերևակոթունները չորանալուց հետո։ Հասուն Ա. տեղափոխում են 3-4 տարին մեկ անգամ, իսկ երիտասարդները՝ ավելի հաճախ։ Ա. տնկում են խորը, բայց նեղ թաղարներում։ Ծեր Ա-ի համար հողախառնուրդը պատրաստում են կավաճմային հողով և ավազով, երիտասարդների համար 3 մաս ճմային, 2 մաս տերևային հող և 1 մաս խոշորահատիկ ավազով։ Ա. բազմանում են սերմերով՝ ցանելով տերևային հողում կամ տորֆի և թեփի տաքացրած (25-30 °C) խառնուրդում։ Ծիլերը երևում են մի քանի ամսից, 10-15 սմ բարձրության բուսակները կարելի է փոխադրել հումուսի և ավազի հողախառնուրդով թաղարների մեջ։