ՏՏՀ/Արևահարություն և ջերմահարություն
ԱՐԵՎԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՋԵՐՄԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ, օրգանիզմի գերտաքացման հետևանքով առաջացող հիվանդագին վիճակ։ Ջերմահարության հատկապես նախատրամադրված են երեխաները, գեր մարդիկ, սիրտանոթային և ներզատիչ գեղձերի հիվանդություն ունեցող անձինք։
Արևահարության պատճառն օրգանիզմի (հատկապես գլխի) գերտաքացումն է արևի ուղիղ ճառագայթների ազդեցության հետևանքով։
Օրգանիզմի գերտաքացման առաջին նշաններն են թուլությունը, ջարդվածության զգացումը, սրտխառնոցը, գլխացավը, գլխապտույտը։ Հետագայում բարձրանում է մարմնի ջերմաստիճանը (մինչև 38-40°C), հնարավոր են փսխում, ուշագնացություն, ջղաձգություններ։
Ջերմահարությունը ամենից շատ տեղի է ունենում շոգ, անհողմ եղանակին։ Ջերմահարության նկատմամբ հատկապես զգայուն են շոգը դժվար տանող և ֆիզիկական ծանր աշխատանքով զբաղվող մարդիկ։ Ջերմահարության առաջացմանը նպաստում է նաև մուգ գույնի (արեգակնային ճառագայթները վատ անդրադարձնող) կամ անօդանցիկ (մարմնի գոլորշիացումն արգելակող) հագուստը։ Ջերմահարվում են նաև փակ շինությունում՝ բարձր ջերմաստիճանի և օդի բարձր խոնավության դեպքում (օրինակ, տաք արտադրամասերում աշխատելիս)։
Ջերմահարության կամ արևահարության նշանների ի հայտ գալու դեպքում անհրաժեշտ է անմիջապես դիմել բժշկի։ Մինչ այդ տուժածին հարկավոր է պառկեցնել ստվերում կամ զով սենյակում, հանել կաշկանդող հագուստը (թուլացնել գոտին, արձակել կոճակները)։ Գլխին, վզի կողմնային մասերին, թևատակերին և աճուկային շրջանում հարկավոր է սառույց դնել։ Կարելի է հիվանդին փաթաթել թաց սավանով, խորհուրդ է տրվում շատ հեղուկ տալ (թեթևակի աղիացրած սառը ջուր, սառը թեյ, սուրճ)։ Շնչառությունը խթանելու համար կարելի է տուժածի դեմքին թեթևակի հարվածել սառը ջրով թրջած սրբիչով կամ թաշկինակով, անուշադրի սպիրտ կամ թթվածին տալ շնչելու, շփել մարմինը։ Մինչև բժշկի ժամանումը կարելի է հիվանդին տալ մեկ թեյի գդալ կորդիամին, 1-2 սրվակ կոֆեինի 10 %-անոց լուծույթ։ Դժվարացած շնչառության կամ դրա բացակայության դեպքում անհրաժեշտ է կիրառել արհեստական շնչառության մեթոդներ (տես Առաջին օգնություն):
Ա. և ջ. կանխելու համար անհրաժեշտ է տաք եղանակին հագնել թեթև, շարժումները չկաշկանդող բաց գույնի հագուստ, գլխարկ դնել կան գլխաշոր կապել։ Շոգ եղանակին երկարատև քայլելուց առաջ ստամոքսը չի կարելի ծանրաբեռնել սննդամթերքով կամ օգտագործել ոգելից խմիչք։ Չի կարելի նաև քնել արևի տակ։ Լողափին հանգստանալիս հարկավոր է զգուշանալ, երկար ժամանակով արևի տակ (տես Արևայրուկ) կամ տաք շինություններում մնալուց։