ՏՏՀ/Արևայրուկ
ԱՐԵՎԱՅՐՈՒԿ, մաշկի թխացում, որն առաջանում է անդրամանուշակագույն ճառագայթների կամ լույսի արհեստական աղբյուրների (օրինակ, քվարցային լամպ) ներգործության հետևանքով։ Մաշկը թխանում է արևի թե՛ ուղիղ, թե՛ անդրադարձած (վրանածածկի, հովանոցի տակ) ճառագայթներից։ Ստվերում մաշկը նույնպես մի փոքր թխանում է։ Ա-ի շնորհիվ կարգավորվում է սիրտանոթային և նյարդային համակարգերի գործունեությունը, բարելավվում նյութափոխանակությունը, լավանում ախորժակը ևն։ Բացի այդ, օրգանիզմում ավելանում է D վիտամինի առաջացումը։ Սակայն, Ա-ի աստիճանը և առաջացման արագությունը միշտ չէ, որ առողջության ցուցանիշ է։
Ա. հարկավոր է ձեռք բերել աստիճանաբար։ Առաջին օրը կարելի է արևի ուղիղ ճառագայթների տակ գտնվել 10-15 րոպեից ոչ ավելի։ Արդեն թխացած մաշկով մարդու արևի տակ գտնվելու ժամանակը չպետք է գերազանցի 1-1 1/2 ժամ։ Հարավում Ա. ստանալու համար առավել նպաստավոր ժամանակը առավոտվա ժամերն են (մինչև 11-12-ը)՝ ուտելուց առնվազն մեկ ժամ անց։ Հարկավոր է գլխարկ դնել կամ գլխաշոր կապել։ Արևի տակ քնել չի կարելի։ Աչքերը պաշտպանելու համար անհրաժեշտ է մուգ ակնոց դնել, քանի որ արևային ճառագայթներից կարող է աչքերի լորձաթաղանթը բորբոքվել (տես Շաղկապենաբորբ)։ Հավասարաչափ Ա. ստանալու համար խորհուրդ է տրվում մաշկին քսել ընկույզի, մեխակի կամ այլ բուսական յուղ (ձեթ)։ Դեմքի մաշկը Ա-ից պաշտպանելու համար խորհուրդ է տրվում գարնանը և ամռանը օգտվել պաշտպանական մաշկաքսուքներից։
Արևի տակ գտնվելու ռեժիմը չպահպանելու դեպքում կարող են առաջանալ արևային մաշկաբորբ (մաշկի այրվածք), օրգանիզմի գերտաքացում, արևահարություն և ջերմահարություն: Արևային մաշկաբորբը հաճախ դրսևորվում է մաշկի համապատասխան մասում կարմրության և թեթև այտուցի առաջացմամբ, որը երբեմն ուղեկցվում է դողով, մարմնի ջերմաստիճանի բւսրձրացմամբ, գլխացավով, սրտխառնոցով։ Այտուցը պակասեցնելու և այրոցը վերացնելու համար կարելի է կիրառել սառը թրջոցներ, այրվածքի տեղերին մածուն կամ օդեկոլոն քսել և խուսափել արևի տակ լինելուց, մինչև կարմրությունը լրիվ անցնի։ Արևային մաշկաբորբի հետևանքով բշտիկներ առաջանալու դեպքում հարկավոր է դիմել բժշկի։
Ա. օգտակար է ոչ բոլորի համար. տարեց մարդկանց, մինչև երկու տարեկան երեխաներին, ինչպես նաև թոքերի քրոնիկական, նյարդային և սիրտանոթային հիվանդություններով տառապող անձանց արևի տակ երկարատև մնալը հակացուցված է։ Արևի ճառագայթների նկատմամբ գերզգայում են, այսպես կոչված, լսնամաշկ ունեցողները (ալբինոսները)։