Jump to content

ՏՏՀ/Բադ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԲԱԴ ընտանի և վայրի։ Ընտանի Բ–ի մսի ուտելի մասը պարունակում է մինչև 49,8 % ճարպ և 15 % սպիտակուց։ Բ-ի մսեղիքի նախնական մշակման և կտրտման մասին տես Թռչնամիս հոդվածում։ Բ. սովորաբար տապակում են ամբողջական (առանց կտրտելու)։ Ծեր Բ. ավելի լավ եփել։ Բ. տապակում են նույն եղանակով, ինչ սագը և մատուցում խավարտով (խորոված խնձոր, խաշած կաղամբ, տապակած կարտոֆիլ, սևաձավարի շիլա)։

Լցոնած Բ։ 1. Կեղևած հում կարտոֆիլը (ամբողջական կամ կտրտած) թեթևակի տապակել թեժ կրակի վրա՝ լավ տաքացրած մարգարինով կամ յուղով։ Աղը ցանել ըստ ճաշակի։ Բ-ի մշակված մսեղիքին ներսից և դրսից աղ ցանել և լցոնել տապակած կարտոֆիլով։ Փորի բացվածքը կարել և Բ. դնել տապակի մեջ մեջքի վրա։ Յուղոտ Բ-ի վրա, կարելի է լցնել 1/2 բաժակ տաք ջուր կամ արգանակ (մսի, հավի), իսկ անյուղի վրա հալած ճարպ և դնել ջեռոցի մեջ (1-1 1/2 ժամ)։ Տապակելու ընթացքում Բ. հարկավոր է շրջել, որպեսզի բոլոր կողմերից կարմրի, և վրան լցնել գոյացած հյութը։ Պատրաստի Բ. ամանից հանելուց հետո սուր դանակով կամ հատուկ մկրատով բաժանել կտորների (լցոնն էլ հետը)։

2. Բ-ի լյարդն ու սիրտը մանր կտրտել, ավելացնել մանրած գլուխ սոխ, մաղադանոս, աղ, պղպեղ, կոնյակ, կարագ և լավ խառնել։

Լցոնը տեղավորել Բ-ի փորի մեջ, կարել, դնել յուղած տապակի մեջ մեջքի վրա, ջուր լցնել (50-75 գ) և դնել ջեռոցի մեջ։ Տապակվելու ընթացքում վրան պարբերաբար լցնել գոյացած հյութը և յուղը։ Բաժանել կտորների, մատուցելուց առաջ վրան հյութ լցնել։

150 գ Բ-ին՝ 20 գ գլուխ սոխ, 12 գ կարագ, 10 գ կոնյակ, աղը, պղպեղը, մաղադանոսը՝ ըստ ճաշակի։