Jump to content

ՏՏՀ/Բալ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԲԱԼ, Հայաստանում մշակում են գրեթե ամենուրեք։ Ըստ սորտի և մշակության գոտու բերքը (ցանկալի է պտղակոթով) հավաքում են հունիսի վերջին-հուլիսին, երբեմն՝ օգոստոսին։ Բ. պարունակում է շաքար, օրգանական թթուներ, հանքային աղեր, 10-20 մգ % C վիտամին։ Անգամ պտղակոթով հավաքված Բ. սովորական պայմաններում պահպանվում է մինչև 3 օր (մոտ 0 °C–ի պայմաններում՝ մինչև 15 օր)։

Բ-ի սորտերն ըստ պտղի և պտղահյութի գույնի բաժանվում են 2 խմբի. մորելներ և ամորելներ։ Մորելներն ավելի թթու են, պտուղները մուգ կարմիր են, նույնքան մուգ է և պտղահյութը։ Հայաստանում տարածված են Լյուբյան, Վլադիմիրյան, Սիսիանի տեղական սորտերը։ Բ-ի այս սորտերի գույնը, համը, յուրահատուկ բուրմունքը լավ պահպանվում են վերամշակումներից հետո։ Ամորելների պտուղները բաց վարդագույն կամ բաց կարմիր են, պտղահյութը՝ անգույն, քաղցր, առավելապես օգտագործվում են թարմ։ Այս խմբից են Հայաստանում մշակվող Շպանկա սորտի բազմաթիվ ձևերը։ Բ-ի վերամշակման եղանակների մասին տես Մուրաբա, Կիսել, Կոմպոտ, Թրմօղի հոդվածներում։ Բ-ի ըմպելիք. 1/2 բաժակ Բ-ի հյութին ավելացնել 1 ճաշի գդալ կիտրոնի հյութ, 1/2 ճաշի գդալ շաքարավազ, մի քիչ աղ։ Խառնուրդը 5 րոպե եռացնել մարմանդ կրակի վրա և հովացնել։ Օշարակին ավելացնել 1 1/2 բաժակ կաթ, հարիչով հարել և մատուցել սառը։

Բալենու մշակության մասին տես Այգի հոդվածում։