Jump to content

ՏՏՀ/Բեկոն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԲԵԿՈՆ, մսամթերք, որը պատրաստում են հատուկ բտած մատղաշ խոզի անյուղ մսից։ Տարբերում են աղ դրած և ապխտած Բ.։ Աղ դրած Բ. քիչ աղով մշակած խոզի միս է, որից հիմնականում պատրաստում են կրծքապուխտ, կողապուխտ և ազդրապուխտ՝. Ապխտած Բ. ոսկորներից անջատած խոզի կրծքապուխտն է՝ 2-3 շերտ մկանային հյուսվածքով։ Ապխտած Բ. օգտագործում են որպես սառը խորտիկ և երկրորդ կերակրատեսակների (խաշած կաղամբ Բ-ով ևն) պատրաստման համար։

Ապխտած եփովի Բ.: Բ. լվանալ և 4-5 ժամ թողնել սառը ջրի մեջ։ Ջուրը թափել, թարմ ջուր լցնել, ավելացնել գազար, մաղադանոս, գլուխ սոխ, դափնու տերև, հատիկավոր սև պղպեղ և եփել մարմանդ կրակի վրա (մոտավորապես 2-2 1/2 ժամ) մինչև մսի փափկելը։ Պատրաստի Բ. (կաշին հետը) բարակ կտրտել թելքերի լայնքով։ Մատուցել տաք վիճակում։ Խավարտը՝ խաշած կաղամբ (թարմ կամ թթու դրած), խյուս (կարտոֆիլից կամ լոբազգիներից)։ Առանձին կարելի է մատուցել տոմատի սոուս։