Jump to content

ՏՏՀ/Բոզբաշ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԲՈԶԲԱՇ, ոչխարի մսով, սիսեռով, տոմատախյուսով, սոխով, կանաչիով և այլ մթերքով եփած կերակրատեսակ։

Երևանի ձմեռային Բ.: Ոչխարի կրծքամիսը լվանալ, բաժանել 30-40 գրամանոց կտորների, լցնել կաթսայի մեջ, վրան ավելացնել սառը ջուր և, քափը քաշելով, եփել։ Միսը կաթսայից հանել, արգանակը քամել, լցնել եփած սիսեռով կաթսայի մեջ, ավելացնել եփած մսի կտորները, սոխառած, տոմատախյուս, խոշոր կտրտած կարտոֆիլ, ծիրանաչիր, չորացրած կանաչի, աղ, պղպեղ, կաթսան ծածկել և եփել 10-15 րոպե։

500 գ ոչխարի մսին՝ 1 բաժակ սիսեռ, միջին չափի 4 կարտոֆիլ, մի բուռ ծիրանաչիր, 2 գլուխ սոխ, 2 ճաշի գդալ տոմատախյուս, 2 ճաշի գդալ հալած յուղ. աղը, կարմիր պղպեղը, չորացրած կանաչին՝ ըստ ճաշակի։

Էջմիածնի ամառային Բ.: Ոչխարի կրծքամիսը լվանալ, բաժանել 30-40 գրամանոց կտորների, վրան սառը ջուր լցնել, կաթսան ծածկել և մարմանդ կրակի վրա կիսաեփ անել։ Մսի կտորները հանել, յուղով տապակել, ավելացնել քամած արգանակը, սոխառած, կտրտած կարտոֆիլ, սմբուկ, լայնակի կտրտած կանաչ լոբի, կոթերը կտրած մանր բամիա, տաքդեղ և եփել։ Կրակից վերցնելուց 15 րոպե առաջ ավելացնել աղ, կտրտած պոմիդոր և կանաչի։ 500 գ ոչխարի մսին միջին չափի 4 կարտոֆիլ, 2 գլուխ սոխ, 2 ճաշի գդալ հալած յուղ, 4 պոմիդոր, 10-12 հատ կանաչ լոբի, 2 տաքդեղ, 10 բամիա, 2 սմբուկ, գինձը, ռեհանը, մաղադանոսը, աղը և պղպեղը՝ ըստ ճաշակի։

Շուշվա Բ.: Ոչխարի կրծքամիսը լվանալ, բաժանել 30-40 գրամանոց կտորների, լցնել ջրով կաթսայի մեջ և, քափը քաշելով, կիսաեփ անել։ Միսը և մանր կտրտած գլուխ սոխը յուղով տապակել, այնուհետև ալյուր ավելացնել և տապակել այնքան, մինչև ալյուրը մուգ դարչնագույն դառնա։ Քամած արգանակը լցնել ալյուրի և սոխի հետ տապակած մսի վրա, ավելացնել կտրտած կարտոֆիլ, աղ, պղպեղ, կտրտած սերկևիլ, եփել մինչև սերկևիլը կիսաեփ լինի, հետո ավելացնել կտրտած խնձոր, կանաչի և եփել մեղմ կրակի վրա։

500 գ ոչխարի մսին՝ 4 կարտոֆիլ, 2 թեյի գդալ ալյուր, 2 ճաշի գդալ յուղ, 2 խնձոր, 2 սերկևիլ, 2 գլուխ սոխ. խառը կանաչին, աղը, պղպեղը՝ ըստ ճաշակի։

Քուֆթա-բոզբաշ (կոլոլիկ)։ Ոչխարի ազդրը ոսկրազատել, ոսկորներից արգանակ եփել, իսկ փափուկ միսը երկու անգամ մսաղացով աղալ։ Աղացած մսին ավելացնել ձու, աղ, մանրած գլուխ սոխ, մաղադանոս, լավ խառնել և փոքր գնդիկներ ձևավորել։ Քամած տաք արգանակին ավելացնել սոխառած, մսի գնդիկները, ընտրած և լվացած բրինձ, թարխուն, եփել մինչև կոլոլիկի պատրաստ լինելը։ Վերջում, անընդհատ խառնելով, ավելացնել ջրով բացած հարած ձու, և ապուրը եռման հասցնել։

500 գ մսին՝ 1/2 բաժակ բրինձ, 2 ձու, 2 գլուխ սոխ, 2 ճաշի գդալ հալած յուղ, թարխունը, մաղադանոսը, աղը և սև պղպեղը՝ ըստ ճաշակի։