ՏՏՀ/Բորանի
ԲՈՐԱՆԻ, կանաչ լոբով, բազկաթերով կամ այլ բանջարեղենով և մսով պատրաստվող կերակրատեսակ։
Հավի Բ. կանաչ լոբով և ձվով հավի մսեղիքը տապակում են, կտրտում, լցնում կաթսայի մեջ, ավելացնում կարագ, խաշած կանաչ լոբի, սոխառած, այնուհետև լցնում են հարած ձու և ջեռոցում եփում մոտավորապես 5 րոպե։
Մատուցում են վրան հալած կարագ լցրած և մաղադանոս ցանած։
300 գ հավին՝ 2 գլուխ սոխ, 400 գ կանաչ լոբի, 2 ճաշի գդալ յուղ, 50 գ կարագ, 2 ձու. աղը և մաղադանոսը՝ ըստ ճաշակի։
Ճտի Բ. կանաչ լոբով. կանաչ լոբին ընտրում են, թելերը հեռացնում, կտրտում, ավելացնում յուղ, մի քիչ ջուր, մարմանդ կրակի վրա խաշում և ավելացնում սոխառած։ Ճուտը մանր կտրտում են, լցնում լոբու կաթսայի մեջ, կաթսան ծածկում և եփում մինչև պատրաստ լինելը։
Մատուցում են մաղադանոսով զարդարած։ Առանձին մատուցում են շաքարով, դարչինով և զաֆրանով համեմած մածուն։
300 գ ճտին՝ 400 գ կանաչ լոբի, 1/2 գլուխ սոխ, 3 ճաշի գդալ յուղ, 1/2 բաժակ մածուն, 1 թեյի գդալ շաքարավազ, 1 թեյի գդալ դարչին, 1/2 թեյի գդալ զաֆրան։
Ճտի Բ. բադրիջանով պատրաստելիս լոբու փոխարեն օգտագործում են կեղևած և կտրտած բադրիջան։ Առանձին մատուցում են ծեծած սխտորով մածուն։
300 գ ճտին՝ 400 գ բադրիջան, 1/2 գլուխ սոխ, 2 ճաշի գդալ յուղ, 1/2 բաժակ մածուն, 2 պճեղ սխտոր, աղը, մաղադանոսը՝ ըստ ճաշակի։
Բ. լոռու. ոչխարի միսը (մեջքամիսը կամ կրծքամիսը) մանր կտրտում են, լցնում եռացող յուղով կաթսայի մեջ, տապակում։ Այնուհետև ավելացնում են սոխառած, մանր կտրտած կանաչի, կիսած պոմիդոր, աղ, պղպեղ և եփում փակ կաթսայում։
300 գ ոչխարի միս, 1 գլուխ սոխ, 2-3 ճաշի գդալ յուղ, 1 տրցակ խառը կանաչի, 2 պոմիդոր. աղը և պղպեղը՝ ըստ ճաշակի։