ՏՏՀ/Բուժական սնունդ
ԲՈՒԺԱԿԱՆ ՍՆՈՒՆԴ, դիետային սնունդ, բուժական մյուս միջոցառումների համալիրում կիրառվում է մի շարք հիվանդությունների բուժման և կանխարգելման համար։ Ստամոքսաբորբի, հաստ աղիքի բորբոքման, ստամոքսի խոցի, լյարդի հիվանդությունների ժամանակ Բ. ս. բուժման հիմնական միջոցն է։ Կիրառվում է ինչպես ստացիոնար, այնպես էլ ամբուլատոր պայմաններում։
Բ. ս-ի հիմնական սկզբունքներն են. անհատական մոտեցումը սննդի օրաբաժինը սահմանելու, սնվելու օրակարգի և սննդի խոհարարական մշակման եղանակի նկատմամբ, սննդի օրաբաժնի քանակական և որակական համապատասխանությունը հիվանդության բնույթին, հիվանդի և նրա օրգանիզմի առանձնահատկություններին, հավասարակշռված (հիմնական սննդարար նյութերի առավել բարենպաստ հարաբերակցություն) և ֆիզիոլոգիական առումով լիարժեք օրաբաժնի կազմումը։ Բ. ս. կիրառվում է միայն բժշկի խորհրդով և հսկողությամբ, քանի որ ինքնուրույն սահմանված մշտական սննդակարգը կարող է հանգեցնել անցանկալի հետևանքների։
Բ. ս-ում լայնորեն կիրառվում են սննդի քանակական (օրաբաժնի պակասեցում և ավելացում) և որակական (առանձին սննդամթերքի սահմանափակ ընդունում կամ բացառում) փոփոխումներ։ Դրանք նպաստում են մարսողության օրգանների խնայմանը, հիվանդ օրգանի վրա անբարենպաստ ազդող նյութերի ընդունման սահմանափակմանը կամ հակառակը խանգարված ֆունկցիայի վերականգնմանը նպաստող, կենսականորեն կարևոր, պակասող քիմիական նյութերի լրացմանը։ Բ. ս. պետք է լինի բազմազան, հիվանդի ճաշակին համապատասխան, եթե այն չի հակասում սննդակարգի պահանջներին։ Անհրաժեշտ է հիվանդին հնարավորին չափ ընտելացնել սննդի մեջ հարկադրական սահմանափակումներին։ Բ. ս-ի մթերքների խոհարարական մշակման եղանակներն ունեն որոշ առանձնահատկություններ։ Օրինակ, սրտի, երիկամների որոշ հիվանդությունների դեպքում նշանակվում է անալի սննդակարգ։ Որպեսզի անալի սնունդը տհաճություն չպատճառի, ուտեստներին ավելացնում են շաքար, մեղր, կիտրոնաթթու, մրգեր և հատապտուղներ, որոշ ճաշատեսակներին՝ եփած, ապա տապակած սոխ։ Հաճախ անհրաժեշտ է լինում սնվել տրորած ուտելիքով։ Դրա համար եփած բանջարեղենը անցկացնում են մաղով կամ մանրացնում մսաղացով, կարտոֆիլը տրորում են։ Շիլա եփելիս խորհուրդ է տրվում ձավարը նախապես աղալ սրճաղացով։ Որոշ դեպքերում (օրինակ, ստամոքսի և աղիքների վարակիչ հիվանդությունների ժամանակ) կերակուրն անհրաժեշտ է եփել գոլորշով։ Հատուկ կաթսայի (տես Շոգեեփոց) բացակայության դեպքում կարելի է օգտագործել սովորական լայն կաթսա։ Մեջը լցնում են մի քիչ ջուր, ապա տեղադրում մաղը (հատակը դեպի վեր), վրան կերակրով ամանը, ծածկում են կափարիչով և դնում կրակին։
Մեծ նշանակություն ունի նաև ուտելիքի ջերմաստիճանը։ Տաք կերակրատեսակների համար առավել բարենպաստ է 60 °C–ին մոտ ջերմաստիճանը, իսկ սառը ուտեստների համար՝ 10 °C–ից ոչ պակաս։ Ավելի տաք և սառն ուտելիքը, որպես կանոն, գրգռում է կերակրափողի և ստամոքսի լորձաթաղանթը։ Սննդակարգով կերակրատեսակներում շատ կարևոր է պահպանել մթերքների համամասնությունը։ Տարբեր հիվանդությունների համար մշակված բուժական սննդակարգերն ունեն իրենց կարգահամարները։
Բ. ս. տան պայմաններում՝ որոշ հիվանդությունների դեպքում.
№1 սննդակարգ նշանակվում է ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցի դեպքում, ստամոքսաբորբի, ստամոքսահյութի բարձր կամ բնականոն թթվայնության դեպքում։ Ուտելիքը եփվում է ջրով կամ գոլորշու վրա և մատուցվում գերազանցապես տրորված վիճակում։ Պատրաստի ճաշատեսակների ջերմաստիճանը մոտ 60 °C է։ Սնունդը պետք է ընդունել օրը 5-6 անգամ։ Սննդի օրաբաժինը պարունակում է 100 գ սպիտակուցներ, 100 գ ճարպեր, 400-450 գ ածխաջրեր, 10-12 գ կերակրի աղ։
Թույլատրվում է օգտագործել նախորդ օրվա ցորենի հաց, սպիտակ պաքսիմատ, ոչ ամոքահունց թխվածքաբլիթ, չոր բիսքվիտ, լորձային եփուկով զանազան ապուրներ ձվակաթնային խառնուրդների, տրորած ձավարի, եփած բանջարեղենի (բացի կաղամբից, թրթնջուկից ու սպանախից) ավելացմամբ, բրնձով կամ վերմիշելով կաթնապուր, շոգեխաշած ճաշատեսակներ տավարի, թռչնի և ձկան (առանց մաշկի) կտրտած կամ աղացած անյուղ մսից, տրորած կաթնաշիլա, եփած բանջարեղենի խյուս և սուֆլե, թերխաշ ծու և շոգեխաշած ձվածեղ, հատապտուղների և մրգերի քաղցր սորտերից հյութեր (տաք ջրի հետ հավասար), կիսել, դոնդող, մրգի քաղցր սոուսներ, ձմերուկ, տրորած կոմպոտ, խորոված քաղցր խնձոր և տանձ, շաքար, մեղր, մուրաբա, անարատ խտացրած և չոր կաթ, բնական սերուցք, ոչ թթու թթվասեր (միայն ճաշատեսակների հետ), թարմ կաթնաշոռ և դրանից պատրաստված շոգեխաշած կերակրատեսակներ, թարմ մածուն (եթե օրգանիզմն ընդունում է), կաթի և թթվասերի շիլա, անալի պանիր, անյուղ խոզապուխտ, բժշկական երշիկ, կաթով թեյ (ոչ թունդ), սուրճի փոխնյութեր, մասուրի եփուկ, անալի կարագ և բուսական յուղ (ձիթապտղի, եգիպտացորենի, արևածաղկի՝ պատրաստի ուտելիքին ավելացնելու համար, եթե օրգանիզմն ընդունում է)։
Պիտի բացառվեն տապակած, ապխտած կերակուրները, թթուն, մարինադը, կծու և թթու կերակուրները, հում բանջարեղենը և միրգը, խոշոր աղացվածքի հացը, ամոքահունց խմորը, նրբաբլիթը, համեմունքները, մսի, ձկան և սնկի արգանակը և կերակրալցուկը, կաղամբը, հատապտղի և մրգի բնական անարատ հյութերը, պահածոները, այդ թվում՝ տան պատրաստած կոմպոտները։
№2 սննդակարգ նշանակվում է ստամոքսահյութի ցածր թթվայնությամբ ուղեկցվող ստամոքսաբորբի, հիպերտոնիկ հիվանդության դեպքում (ոչ սուր շրջանում)։ Ուտելիքն առավելապես եփվում է ջրով կամ գոլորշով (առանձին կերակրատեսակներ թույլատրվում է տապակել), մատուցվում է մանրած վիճակում։ Սնունդը պետք է ընդունել օրական առնվազն 4 անգամ։ Սննդի օրաբաժինը պարունակում է 100 գ սպիտակուցներ, 100 գ ճարպեր, 400-450 գ ածխաջրեր, 12-15 գ կերակրի աղ։
Թույլատրվում է օգտագործել նախորդ օրվա ցորենի հաց, ոչ ամոքահունց թխվածքաբլիթ և պաքսիմատ, մսով, բրնձով, ջեմով ոչ ամոքահունց թխած կարկանդակ, մսի և ձկան արգանակով ոչ յուղալի և ոչ թանձր ապուրներ, բուսական (այդ թվում սնկով) ապուրներ ձավարեղենով, մանր կտրատած բանջարեղենով, խաշած, շոգեխաշած և տապակած (առանց պաքսիմատի մեջ թավալելու) միս, ձուկ և թռչնամիս (ոչ յուղոտ), շիլաներ (բացի կորեկաձավարից և գարեձավարից), վերմիշել, մակարոն, եփած և շոգեխաշած բանջարեղեն, կարտոֆիլը գերազանցապես խյուսի և ջեռեփուկի տեսքով, խաշած ծաղկակաղամբ կարագով, վաղահաս դդմիկ և դդում տապակած, խաշած կաղամբ և ճակնդեղ (եթե օրգանիզմն ընդունում է), թերխաշ ձու, ակնիկ ձվածեղ, անարատ կաթ (կերակուրների մեջ), կաթնաթթվային մթերքներ, ոչ թթու լոռ և դրանից պատրաստված ռուլետներ, ոչ թթու թթվասեր (կերակուրների մեջ՝ 1 ճաշի գդալի չափով), խաշած բանջարեղենի եփուկով և մսի արգանակով սոուսներ (թթվասերով և պոմիդորի թանձր հյութով), անալի պանիր, ջուրը դրած (աղազրկած) աղացած տառեխ, բժշկական երշիկ, անյուղ խոզապուխտ, տավարի լյարդից և թռչնամսից պաշտետ, մսի և ձկան դոնդողակ, թարմ պոմիդորով, վարունգով, գազարով, եփած բանջարեղենով և մրգով սալաթներ, քաղցր սորտերի հասած միրգ (բացի ծիրանից, սալորից և սեխից) և հատապտուղ (թարմ և կոմպոտի, կիսելի, դոնդողի, մուրաբայի, ջեմի տեսքով), թեյ, ջրով բացած կաթով կամ սերուցքով սուրճ, մասուրի եփուկ, անալի կարագ, տապակելու համար հալած յուղ, կերակուրներին ավելացնելու համար ձեթ (եթե օրգանիզմն ընդունում է)։ Մսով, ձկով և բանջարեղենով պատրաստված կերակուրների մեջ կարելի է ավելացնել 1-2 դափնու տերև, հատիկավոր պղպեղ և դարչին (եթե օրգանիզմն ընդունում է), սահմանափակ քանակությամբ խաշած սոխ։
Պիտի բացառվեն հում սոխը, սխտորը, թրթնջուկը, սպանախը, բողկը, շաղգամը, քացախը, մանանեխը, աղացած պղպեղը, ծովաբողկը, ապուխտը, թթուն, մարինադը։
№3 սննդակարգ նշանակվում է քրոնիկական փորկապության ժամանակ։ Մթերքը խորհուրդ է տրվում տապակել զգալի քանակությամբ բուսական կամ կենդանական յուղով՝ կոշտ կեղև գոյանալու աստիճանի։ Օգտակար է ձավարեղենի քաշովի փլավը։ Սնունդը պետք է ընդունել օրը 4 անգամ։ Սննդի օրաբաժինը պարունակում է 85-100 գ սպիտակուցներ, 100-120 գ ճարպեր, 400–500 գ ածխաջրեր։
Թույլատրվում է օգտագործել կոշտ աղացվածքի ալյուրից հաց (գերադասելի է սևը), հում բանջարեղեն (ինչպես նաև վինեգրետ, սալաթներ) և միրգ։ Օգտակար է սոված փորին բանջարեղեն ուտելը, թարմ կաթնաթթվային մթերքներ, շաքար, մեղր, մուրաբա օգտագործելը։ Օրաբաժնի մեջ խորհուրդ է տրվում օգտագործել թթու, մարինադ, պահածոյացված բանջարեղեն և միրգ, լիմոնադ, յուղալի ուտելիք, ձեթ, յուղով ձկան պահածո, գարեձավարի և սևաձավարի շիլաներ։
Պիտի բացառվեն տտիպ և խնայող ազդեցություն ունեցող մթերքը և կերակրատեսակները, կիսելը, մուգ թեյը, կակաոն, հապալասը, տրորած ուտելիքը, 2-3 օրվա կաթնաթթվային մթերքները, պաքսիմատը։ Խորհուրդ չի տրվում օգտագործել սպիտակաձավարի շիլա, կարտոֆիլախյուս, ձու (հում և թերխաշ), սպիտակ հաց, կարկանդակ, մանր աղացվածքի ալյուրից հրուշակեղեն։
№4 սննդակարգի տարբերակները նշանակվում են մարսողության խանգարումներով ուղեկցվող՝ աղիքների սուր և քրոնիկական հիվանդությունների ժամանակ։ Ապաքինման ընթացքում նշանակվում է №4 սննդակարգը, որի դեպքում ուտելիքը եփվում է ջրով կամ գոլորշու վրա, կամ էլ ջեռեփվում և մատուցվում առավելապես չմանրած վիճակում։ Սնունդը պետք է ընդունել օրը 4-5 անգամ՝ փոքր բաժիններով։ Սննդի օրաբաժինը պարունակում է 100 գ սպիտակուցներ, մինչև 70 գ ճարպեր, 250 գ ածխաջրեր, 8-10 գ կերակրի աղ։
Թույլատրվում է օգտագործել նախորդ օրվա ցորենի հաց, չոր և ոչ ամոքահունց թխվածքաբլիթ (շաբաթական 1-2 անգամից ոչ հաճախ), սահմանափակ քանակությամբ լավ թխած բլիթներ կամ եփած մսով, բրնձով, ձվով, խնձորով և պովիդլոյով կարկանդակ, մսի կամ ձկան ոչ թունդ անյուղ արգանակով, լավ եփած ձավարով և վերմիշելով, մանր կտրտած բանջարեղենով (կարտոֆիլ, գազար, դդմիկ, դդում, ծաղկակաղամբ), շոգեխաշած մսագնդիկներով կամ ձկան կտորներով ապուրներ, եփած կամ շոգեխաշած ձուկ, միս, թռչնամիս, եփած և տրորած կարտոֆիլ, դդմիկ, դդում, գազար, կանաչ ոլոռ (եթե օրգանիզմն ընդանում է), ջրով բացած կաթով կամ 10 %-անոց սերուցքով եփած տրորած շիլաներ (բացի կորեկաձավարից և գարեձավարից), եփած վերմիշել և մակարոն, ձու կերակուրներում, ինչպես նաև թերխաշ, շոգեխաշած ձվածեղ, քաղցր սորտերի հատապտուղների և մրգերի հյութ (տաք ջրի հետ կես առ կես), կիսել, տրորած կոմպոտ, մաս, դոնդող (բացի ծիրանից, սեխից և սալորից), մարմելադ, պաստեղ, զեֆիր, մուրաբա, ջեմ, սահմանափակ քանակությամբ անարատ կաթ կերակուրներում, կաթնաթթվային մթերքներ (եթե օրգանիզմն ընդունում է), անալի պանիր, ոչ թթու թթվասեր (միայն կերակրատեսակներում, օրը 1-2 ճաշի գդալ), թարմ կաթնաշոռ և լոռով կերակուրներ, կաթնային և մրգային սոուսներ, ձկան դոնդողակ, բժշկական երշիկ, ոչ յուղոտ խոզապուխտ, ջուրը դրած (աղազրկած) տառեխ, մսով և եփած բանջարեղենով, հում խնձորով և թթվասերով սալաթներ, թեյ, թույլ սուրճ՝ ջրով բացած կաթով կամ 10 %-անոց սերուցքով, անալի կարագ (ավելացնել պատրաստի կերւսկրին 5-10 գ, կախված նրանից, թե օրգանիզմն ինչպես կընդունի)։ Մսային և ձկնային կերակրատեսակներին թույլատրվում է ավելացնել 1-2 դափնու տերև, մաղադանոս։ Հում հատապտուղներից, մրգերից և բանջարեղենից թույլատրվում են հասած քաղցր խնձոր, տանձ, ելակ, գետնամորի, ազնվամորի, ինչպես նաև պոմիդոր, հազար (օրը 100-200 գ-ից ոչ ավելի)։
Պիտի բացառվեն մրգահատապտղային բնական անարատ հյութերը, կաթը, պղպեղը, մանանեխը, քացախը, ծովաբողկը, տապակած, սուր և թթու կերակուրները, մարինադը, թթուն։
№5 սննդակարգ մեծ մասամբ նշանակվում է լյարդի և լեղուղիների հիվանդությունների ժամանակ։ Ուտելիքը եփվում է ջրով կամ գոլորշու վրա և մատուցվում առավելապես չմանրած տեսքով։ Սնունդը պետք է ընդունել օրը 4-5 անգամ։ Սննդի օրաբաժինը պարունակում է 100 գ սպիտակուցներ, 100 գ ճարպեր (որոնցից 1/3-ը՝ բուսական), 400-450 գ ածխաջրեր, 10-12 գ կերակրի աղ։
Թույլատրվում է օգտագործել նախորդ օրվա ցորենի և աշորայի (եթե օրգանիզմն ընդունում է) հաց, պաքսիմատ, ոչ ամոքահունց թխվածքաբլիթ, չոր բիսքվիտ, թխած կարկանդակ (անպայման հովացած, շաբաթը 1–2 անգամից ոչ հաճախ), բանջարեղենի եփուկով, ձավարով, բանջարեղենով, կաթով, մրգով ապուրներ, եփած կամ եփելուց հետո ջեռոցը դրած տավարի, ձկան, թռչնի անյուղ մսից պատրաստված տարբեր կերակրատեսակներ, հում և եփած բանջարեղենով կերակուրներ, քաշովիներ և շիլաներ (հատկապես վարսակի ձավարով և սևաձավարով), ձվի սպիտակուցից պատրաստված ուտեստներ (կերակուրների մեջ օրը մեկից ոչ ավելի ձու), տարբեր մրգերի և հատապտուղների քաղցր սորտեր (հում և կերակրի մեջ), մրգահատապտղային բնական հյութեր (բացի լոռամրգից, կարմիր հաղարջից և ցիտրուսներից), կիսել, կոմպոտ, դոնդող, անարատ կաթ բնական տեսքով և կերակուրներում, չոր և խտացրած կաթ, թարմ լոռ և լոռից պատրաստված ուտեստներ (եփած կամ ջեռեփած), թթվասեր և սերուցք (1-2 ճաշի գդալ) կերակուրը համեմելու համար, կաթով, թթվասերով, բանջարեղենով և միրգ-բանջարեղենով սոուսներ, անալի պանիր, ջուրը դրած (աղազրկած) տառեխ, բժշկական երշիկ, մսի և ձկան դոնդողակ, կաթով թեյ, սուռոգատային սուրճ, կարագը և ձեթն ավելացնել պատրաստի կերակուրներին։
Պիտի բացառվեն տապակած, ապխտած, յուղալի, կծու և թթու կերակուրները, թթուն, մարինադը, մսի, ձկան և սնկի արգանակը, ոչխարի, խոզի, սագի, բադի մսից կերակրատեսակները, ուղեղը, սոխը, սխտորը, բողկը, սպանախը, ծովաբողկը, մանանեխը, պղպեղը, քացախը, պոմիդորը, մսի և ձկան պահածոները (տոմատով և յուղով)։ Լեղապարկում քար ունեցող հիվանդները պիտի սահմանափակեն նաև շաքարի, մուրաբայի, մեղրի և հրուշակեղենի օգտագործումը։
№8 սննդակարգ նշանակվում է գիրության դեպքում։ Սննդի օրաբաժնում սահմանափակվում են ածխաջրերը, ճարպերը և ախորժաբեր նյութերը, իջեցված է ընդհանուր կալորիականությունը։ Կերակուրները պատրաստվում են անալի։ Սնունդը պետք է ընդունել օրը 4-5 անգամ (երբեմն՝ ավելի հաճախ), փոքր բաժիններով։ Սննդի օրաբաժինը պարունակում է 90-130 գ սպիտակուցներ, 60-90 գ ճարպեր, 100-200 գ ածխաջրեր, 3-5 գ աղ (պատրաստի կերակուրներին ավելացնելու համար)։ Բժշկի խորհրդով սննդակարգը պարբերաբար փոխարինում են բեռնաթափման օրերով։
Թույլատրվում է օգտագործել ցորենի և աշորայի հաց (օրը 200 գ-ից ոչ ավելի), մսի, ձկան, կամ բանջարեղենի եփուկով ապուրներ, ոչ յուղոտ միս և ձուկ, հում և եփած բանջարեղեն (կաղամբ, վարունգ, դդմիկ, բողկ, կանաչ լոբի, լոլիկ, ծնեբեկ՝ առանց սահմանափակման, կարտոֆիլը, գազարը, ճակնդեղը, դդումը, շատ ածխաջրեր պարունակող այլ բանջարեղեն խիստ սահմանափակ քանակությամբ), քիչ քանակությամբ ձու (թերխաշ և կերակուրների մեջ), հում միրգը և հատապտուղները խիստ սահմանափակ քանակությամբ, կաթնամթերք (թթվասերը միայն որպես համեմունք), թեյ, սուրճ, կարագը, հալած յուղը և ձեթը՝ միայն պատրաստի կերակուրներին ավելացնելու համար, յուրաքանչյուր բաժնին 5 գ-ից ոչ ավելի։
Պիտի բացառվեն ձավարեղենը, մակարոնը, տապակած կարկանդակը, շաքարը, մեղրը, մուրաբան, կոմպոտը, խաղողը, ձմերուկը, ադամաթուզը, թուզը, ինչպես նաև համեմունքները, ապուխտը, մարինադը, թթուն, կծու և թթու ուտելիքը։
№ 9 սննդակարգ նշանակվում է շաքարախտի դեպքում։ Սննդի օրաբաժնում սահմանափակ է ածխաջրերի և ճարպերի քանակը։ Սննդի օրաբաժնի քիմիական կազմը հաշվարկվում է հատուկ աղյուսակներով, որոնք տալիս է բուժող բժիշկը։ Սննդի խոհարարական մշակումը կամայական է։ Սնունդը պետք է ընդունել առնվազն օրը 4 անգամ։ Մթերքի քանակը, օրական օգտագործման չափը որոշվում են ըստ ածխաջրերի, ճարպերի կալորիականության բժշկի սահմանած քանակի և չափի։ Խորհուրդ է տրվում շաքարի փոխարեն օգտագործել քսիլիտ, սորբիտ։ Շաքարախտով հիվանդների համար արտադրվում է զգալի քանակությամբ թեփ պարունակող հատուկ հաց։ Կարտոֆիլը, գազարը, ճակնդեղ, շաղգամը և մեծ քանակությամբ ածխաջրեր պարունակող այլ բանջարեղեն կարող են սննդի մեջ օգտագործվել միայն խոհարարական հատուկ մշակումից հետո։ Բանջարեղենը նախապես մանրում են, ապա 8-12 ժամ թողնում սառը ջրում, որը մի քանի անգամ փոխում են։ Այսպիսի մշակման շնորհիվ օսլայի զգալի մասը հեռացվում է։ Բացի շաքարից, բացառվում են նաև մեղրը, մուրաբան, խաղողը, թուզը, ձմերուկը։
№ 10 սննդակարգ նշանակվում է սիրտանոթային համակարգի, երիկամների որոշ հիվանդությունների դեպքում։ Խստորեն սահմանափակվում է կերակրի աղի և հեղուկների օգտագործումը։ Ուտելիքը եփվում է կամ պատրաստվում գոլորշու վրա և մատուցվում առավելապես չմանրած տեսքով։ Կերակուրը տապակելն արգելվում է։ Անալի կերակուրների համը լավացնելու համար խորհուրդ է տրվում ավելացնել շաքար, մեղր, կիտրոն, կիտրոնի հյութ, կիտրոնաթթու, պոմիդորի թանձր հյութ, վանիլին, դարչին, մեխակ։ Սննդի օրաբաժինը պարունակում է 80 գ սպիտակուցներ, 70 գ ճարպեր, 350-400 գ ածխաջրեր, 3 գ կերակրի ադ (միայն կերակուրների մեջ)։ Բժշկի թույլտվությամբ պատրաստի կերակուրներին կարելի է ավելացնել 5 գ-ից ոչ ավելի աղ, հեղուկ օգտագործել 0,8 լ-ից ոչ ավելի։
Թույլատրվում է օգտագործել նույն մթերքն ու ճաշատեսակները, ինչ № 5 սննդակպրգի դեպքում, սակայն քիչ քանակությամբ, միսն ու ձուկը օրը 2 անգամից ոչ հաճախ։ Ավելացվում է կալիումի աղերով հարուստ մթերքի քանակը (չամիչ, ծիրանի չիր, թուզ, կարտոֆիլ, կաղամբի հյութ)։
№ 5 սննդակարգի սահմանափակումներին ավելանում են խորտիկները, աշորայի հացը, կաղամբը և դրանից պատրաստված ուտելիքը։
№ 11 սննդակարգ նշանակվում է տուբերկուլոզի և թոքերի թարախային հիվանդությունների դեպքում, երկարատև ու ծանր հիվանդությունից (հյուծվածություն, սակավարյունություն ևն) ապաքինվելու ժամանակաշրջանում։ Ուժեղ սնունդով ապահովելու նպատակով ավելացվում է սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի, կալցիումի և ֆոսֆորի աղերի քանակը։ Օրաբաժնում կենդանական ծագում ունեցող սպիտակուցների գերակշռությունը ձեռք է բերվում գլխավորապես կաթնամթերքի հաշվին։ Ճաշացուցակում պետք է տեղ գտնեն այնպիսի մթերքներ, որոնք պարունակում են վիտամիններ, առաջին հերթին C վիտամին (բանջարեղեն, միրգ, մասուրի եփուկ), B խմբին պատկանող վիտամիններ (լյարդ, խմորիչով ըմպելիք), կալցիումի (կաթնաշոռ, պանիր) և ֆոսֆորի (հիմնականում ձուկ) աղեր։ Ախորժաբերության համար խորհուրդ է տրվում օգտագործել կծու, թթու, աղի կերակուրներ և համեմունք։ Սննդամթերքի ընտրության և խոհարարական մշակման հարցում սահմանափակումներ չկան։ 40 տարեկանից բարձր հիվանդներին ուժեղ սնունդը թույլատրվում է միայն հյուծվածության դեպքում՝ սահմանափակելով սագից, ոչխարի և խոզի յուղոտ մսից պատրաստված կերակուրների օգտագործումը։ Խորհուրդ է տրվում սնունդն ընդունել առնվազն օրը 4 անգամ։ Սննդի օրաբաժինը պարունակում է 120 գ սպիտակուցներ, 120 գ ճարպեր, 500 գ ածխաջրեր, 1,6-2 գ կալցիում, 1,6-2 գ ֆոսֆոր։
Սննդի օրաբաժնի քանակական սահմանափակումները լայնորեն կիրառվում են Բ. ս-ի մեջ, այսպես կոչված, բեռնաթափման օրերի ձևով։ Այդ օրերին օգտագործվում է մի տեսակի մթերք (օրինակ, խնձոր, կաթնաշոռ, կաթ)՝ որոշակի քանակությամբ։ Բեռնաթափման օրերն անցկացվում են միայն բժշկի նշանակմամբ։ Սննդի քանակի կտրուկ պակասեցումը թույլատրվում է բացառիկ դեպքերում, այն էլ հիվանդանոցային պայմաններում և բժշկի մշտական հսկողությամբ։ Դա վերաբերում է նաև լրիվ քաղցած մնալուն, որն օրգանիզմի համար խիստ վնասակար է և կարող է առաջ բերել տարբեր օրգանների ֆունկցիաների էական, երբեմն անդառնալի փոփոխություններ (օրինակ, լյարդի, գլխուղեղի ևն)։ Առանձնապես վտանգավոր է քաղցով ինքնաբուժումը, հատկապես մարմնի զանգվածը պակասեցնելու նպատակով։ Այն աղավաղված սննդի ամենավնասակար ձևերից մեկն է, որը Բ. ս-ի հետ ոչ մի ընդհանուր բան չանի։