Jump to content

ՏՏՀ/Գեղձանմաններ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Գեղձանմաններ
Առողջություն և կոսմետիկա
Աղբյուր՝ ՏՏՀ, էջ 259
Այս էջը կարող է պարունակել հնացած կամ ոչ ճշգրիտ բժշկական կամ առողջապահական տեղեկատվություն։

ԳԵՂՁԱՆՄԱՆՆԵՐ, ադենոիդներ, չափից ավելի մեծացած (հիպերտրոֆիկ) քիթըմպանային նշագեղձերը։ Ավելի հաճախ նկատվում են 3-10 տարեկան երեխաների մոտ, բայց կարող են զարգանալ նաև երեխայի կյանքի առաջին տարիներին, ինչպես նաև սեռական հասունացումից հետո։ Գեղձանմանների առաջացմանը նպաստում են նաև քթի և քիթըմպանի բորբոքային ռեակցիաներ առաջացնող վարակիչ հիվանդությունները (կարմրուկ, կապույտ հազ, դիֆթերիա, քութեշ, գրիպ և այլն), ինչպես նաև վերին շնչուղիների քրոնիկական բորբոքային հիվանդությունները։

Գեղձանմանները պարբերաբար կամ մշտապես խանգարում են քթային շնչառությունը, նկատվում է քթից առատ արտադրություն, որը հաճախ հոսում է դեպի քիթըմպան։ Երեխաները քնում են բերանը բաց, խռմփացնում, քունն անհանգիստ է, հաճախ առաջանում են շնչահեղձության նոպաներ։ Գեղձանմանների առկայությունը երբեմն ուղեկցվում է լսողության թուլացմամբ, հատկապես հարբուխի սրացման ժամանակ։ Լսողության պարբերաբար թուլացումը, վատ քնի հետևանքով առաջացած թորշոմածությունը, հանգեցնում են ցրվածության և անուշադրության, որոնք հաճախ մտավոր թերզարգացման պատճառ են դառնում։ Կրծքի երեխաների գեղձանմանները դժվարացնում են ծծելու պրոցեսը և հանգեցնում թերսնման ու ֆիզիկական թերզարգացման։ Գեղձանմաններն այդ տարիքում կարող են նաև բրոնխաբորբերի պատճառ դառնալ։ Եթե գեղձանմաններն առաջանում են վաղ մանկական տարիքում, երեխաները բավականին ուշ են սկսում խոսել, դպրոցականների առաջադիմությունն ընկնում է։ Մեծ գեղձանմանների առկայության դեպքում զարգանում է փակ ռնգախոսություն, ձայնը ձեռք է բերում խուլ երանգ, դժվարանում է «մ» և «ն» բաղաձայնների արտասանությունը, դրանք հնչում են որպես «բ» և «դ»։ Քանի որ երեխան մշտապես շնչում է բերանով, նրա ստորին ծնոտը կախվում է, քիթշրթունքային ծալքը հարթվում, նկատվում է ատամների կառուցվածքի անկանոնություն (վերին կտրիչները ստորինների նկատմամբ բավականին առաջ են ցցված), դեմքն ունենում է հատուկ արտահայտություն (այսպես կոչված «ադենոիդային դեմք»)։ Քթային շնչառության երկարատև դժվարացումը կարող է հանգեցնել կրծքավանդակի անկանոն զարգացման («հավի կուրծք»), ստամոքսաղիքային համակարգի օրգանների գործունեության խանգարման (ախորժակի վատացում, կրկնվող փսխումներ, փորկապություն կամ լուծ), սակավարյունության և հյուծման («ադենոիդային հյուծում»)։

Բուժումը վիրահատական է։ Վիրահատությունից հետո երեխան 5-7 օր հատուկ ռեժիմի կարիք ունի, բացառվում են տաք, ինչպես նաև կոպիտ սնունդը (հացակեղև, պաքսիմատ), գրգռող կերակրատեսակները (սուր, աղի, թթու) և շոկոլադը։ Հակացուցված են ակտիվ խաղերը և արևի տակ մնալը։ Երեխայի սենյակը հարկավոր է լավ օդափոխել, կատարել խոնավ հարդարանք։ Գեղձանմանների առաջացումը կանխելու համար անհրաժեշտ է ժամանակին բուժել վերին շնչուղիների հիվանդությունները, իսկ քթային շնչառության երկարատև դժվարացման դեպքում՝ խորհրդակցել քիթկոկորդականջաբանի հետ։