Jump to content

ՏՏՀ/Բռնչի

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԲՌՆՉԻ, սովորական, բնական պայմաններում տարածված է ամենուրեք։ Գեղազարդիչ, պտղատու և դեղատու բույս է։ Թարմ պտուղները վալերիանաթթվի և դրա էսթերների առկայության շնորհիվ օժտված են յուրահատուկ բույրով, պարունակում են շաքարներ, օրգանական թթուներ, տանիններ, վիտամին C և P, պեկտիններ և աղանյութեր։ Բ. 2-2,5 մ բարձրության թուփ է։ Ծաղկում է մայիսի վերջին, որը համընկնում է հնարավոր վերջին ցրտահարություններին։ Ծաղիկները երկսեռ են։ Բավական ցրտադիմացկուն, ստվերադիմացկուն բույս է, լավ է աճում խոնավ, բերրի հողերում։ Բ. բազմացնում են մացառներով, կանաչ կտրոններով և սերմերով։ Հողամասում բավական է ունենալ 2-3 բույս, տնկել շենքի և տաղավարի մոտ՝ միմանցից մոտ 2 մ հեռավորությամբ։ Աշնանը կամ գարնանը պետք է վերատնկել 30x40 սմ չափերի փոսերում, ուր հողի վերին բերրի շերտի հետ միասին լցնել 10-15 կգ բուսահող և 0,5 կգ փայտի մոխիր։ Տնկելուց հետո հողը պնդացնել, ջրել, ծածկել տորֆով կամ թեփով և անմիջապես ցողունները մեկ երրորդով կարճացնել, որպեսզի բույսը լավ ճյուղակալի։ Առաջին տարիներին խորհուրդ է տրվում պահպանել բոլոր ընձյուղները՝ բացառությամբ թույլերի և վնասվածների։ Հետագայում հեռացնել ավելորդ արմատամերձ ընձյուղները և ծերացած պտղաբերող ճյուղերը։ Բ. սկսում է պտղաբերել կյանքի 5-6-րդ տարում։ Պտուղները հասունանում են օգոստոս-սեպտեմբերին և տերևների թափվելուց հետո երկար մնում են ճյուղերի վրա։ Թեթև սառնամանիքներից հետո պտուղները կորցնում են դառնահամությանը։ Քանի որ պտուղները հասունանալիս չեն թափվում, ապա դրանք կարելի է հավաքել մի քանի անգամից։ Հայաստանում սովորական Բ. աճամ է հյուսիս-արևելյան մարզերում և Զանգեզուրում՝ կաղնու, բոխու անտառներում, թփուտներում և գետափերին։ Բարձր լեռնային շրջաններում կիրառվում է կանաչապատման համար։