Jump to content

ՏՏՀ/Բոցենի

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԲՈՑԵՆԻ, բոցածաղիկ, զարմանազանազգիների ընտանիքի բազմամյա և միամյա խոտաբույսերի ու կիսաթփերի ցեղ։ Ընդգրկում է ավելի քան 60 տեսակ։ ՀՀ-ում վայրի վիճակում չի հանդիպում։ Գեղազարդիչ պարտեզագործության մեջ օգտագործվող Բ-ները բաժանվում են երկու խմբի, ուղղաձիգ ցողուններով բարձրաճ թփային տեսակներ, որոնք ծաղկում են ամռանը և աշնանը, ու ցածրաճ, հաճախ գետնատարած ընձյուղներով, վաղ գարնանը ծաղկող բույսեր։

Հուրանավոր Բ-ու պարտեզային ձևերն ու սորտերը պատկանում են թփային Բ-ների (ծաղկում են ամռանը և աշնանը) խմբին։ 60-180 սմ բարձրությամբ ուղղաձիգ, ամուր, հիմքում փայտացող ցողուններով բազմամյա բույսեր են։ Ծաղիկները բազմազան գունավորմամբ են, միագույն և խառը երանգներով, հաճախ կենտրոնում այլ գույնի, հոտավետ են խմբված բրգաձև, կոնաձև, գնդաձև կամ գլանաձև հուրաններում։ Օգտագործվում են ծաղկային ձևավորումներում (ճանապարհների եզրերում, ծաղկաթմբերում, կանաչ գորգերում և այլն)։ Ըստ ծաղկման ժամկետի պարտեզային թփային Բ-ները բաժանվում են երեք խմբի, վաղահաս (ծաղկում են հունիսի առաջին կեսին), միջահաս (հուլիսի վերջին) և ուշահաս (օգոստոսի կեսերից մինչև վերջը)։

Տեղի ընտրությունը. Բ-ները լավ է տնկել այնպիսի բաց վայրերում, որտեղ շոգ կեսօրվա ժամերին բույսերը գտնվեն նոսր ծառերի և թփերի ստվերում, որոնք միաժամանակ կպաշտպանեն քամիների չորացնող ներգործությունից։ Հողամասը պետք է լինի հարթ, աննշան թեքությամբ՝ ավելորդ ջրերի հոսքի համար։

Հողը. Բ-ներն ամենալավ գեղազարղիչ տեսքը ստանում են փուխր, օրգանական պարարտանյութերով լավ մշակված, բավարար խոնավությամբ հողերում։ Ջրի անբավարարության դեպքում աղերի խտությունը հողում մեծանում է, որը վնասակար ազդեցություն է ունենում բույսերի զարգացման վրա (ստորին տերևները գորշանում են, ժամանակից շուտ չորանում և թափվում)։ Պիտանի չեն նաև ծանր, կավային հողերը։ Բույսերը գարնանը տնկելու համար հողը պետք է նախապատրաստել աշնանը, աշնան համար՝ ամռանը։ Սկզբում պետք է փորել 20-25 սմ խորությամբ, խնամքով հեռացնել մոլախոտերը։ Այնուհետև պարարտացնել օրգանական պարարտանյութերով (1 մ²-ի 1-2 դույլ գոմաղբ, կոմպոստ, տորֆակոմպոստ կամ 1/4 դույլ թռչնաղբ), 100-200 գ փայտի մոխիր և հանքային պարարտանյութեր (30 գ ամոնիակային բորակ, 50-60 գ սուպերֆոսֆատ, 30 գ կալիումական աղ)։ Պարարտանյութերը լցնել 10-15 սմ խորությամբ, քանի որ արմատների հիմնական զանգվածը գտնվում է մինչև 15 սմ խորության վրա։

Տնկումը. լավագույն ժամկետը վաղ գարունն է (ապրիլ-մայիսի սկիզբ), քանի որ հողի բարձր խոնավությունն ու օդի համեմատաբար ոչ բարձր ջերմաստիճանը նպաստում են բույսերի արագ արմատակալմանը և աճին։ Բ. կարելի է տնկել նաև օգոստոսի վերջին-սեպտեմբերի սկզբներին։ Ժամանակին և ճիշտ աշնանային տնկումը նույնպես ապահովում է լավ արմատակալումը և հաջորդ տարվա առատ ծաղկումը։ Աշնանը Բ. պետք է տնկել ցողունների հետ միասին՝ կտրելով վերջիններիս միայն վերին 1/3 մասը, քանի որ առանց տերևների (որոնց միջոցով սննդարար նյութերը հասնում են արմատներին) բույսը չի կարող լավ արմատակալել և հաջորդ տարվա աճման բողբոջներ առաջացնել։ Ցողունները կտրել հողը սառելուց և տերևները մահանալուց հետո։ Որպես բացառություն Բ. կարելի է տնկել նաև ամռանը, բայց այդ ժամկետում բույսի աճը խիստ ուշանում է։ Թփերը հանելուց առաջ պետք է ջրել, հողը պահպանել արմատների վրա։ Թուփը բաժանել խոշոր մասերի։

Ցածրաճ սորտերի սնուցման մակերեսը 35x35 սմ է, բարձրաճներինը՝ 50x50 սմ։ Նման պայմաններում Բ. նույն տեղում կարող է աճել 4-6 տարի։ Պետք է տնկել նախապես ջրով լցված փոսիկներում, որտեղ արմատներն ազատ տեղավորվեն։ Արմատներն ուղղել տարբեր կողմեր ու մի փոքր ներքև, այնուհետև ծածկել հողով և պնդացնել արմատների մոտ։ Կոճղարմատը պետք է լինի 3-5 սմ խորությամբ։ Տնկելուց հետո պարտադիր ջրել։ Հաջորդ երկու շաբաթվա ընթացքում ջրել 2-3 օրը մեջ։ Սածիլելիս արմատները չպետք է չորանան, իսկ եթե չորացել են, ապա 10-12 ժամ պահել ջրում կամ հետերոաուքսինի լուծույթում։

Ուշ աշնանը ձեռք բերած տնկանյութը չտնկել, թաղել հողում (20-25 սմ խորությամբ), սառը քամիներից պաշտպանված վայրում։ Հողը սառելուց հետո ծածկել չոր տերևներով կամ տորֆով։

Խնամքը. Բ. կենսակայուն, սակավ պահանջկոտ բույս է։ Բնականոն խնամքի դեպքում գեղազարդիչ հատկությունները լավանում են։ Հողը պետք է պարարտացնել, ջրել, փխրեցնել, տորֆածածկել, մոլախոտերը քաղհանել և պայքարել վնասատուների ու հիվանդությունների դեմ։ Խորհուրդ է տրվում 1 մ² ջրել 15-20լ ջրով (հիմնականում երեկոյան), որպեսզի այն հասնի մինչև 20 սմ խորության։

Չոր, տաք աշնանը Բ-ները վաղ են ծաղկում, ուստի վեգետացիան երկարացնելու, բույսերին սննդարար նյութեր կուտակելու հնարավորություն տալու համար պետք է ջրել նաև ծաղկաթափից հետո։ Ջրելուց հետո հողը փխրեցնել, մոլախոտերը քաղհանել, ծածկել բուսահողով, կոմպոստով, տորֆով (2-3 սմ շերտով)։

Բ. ցրտադիմացկուն է, սակայն անբարենպաստ եղանակին (վաղ սառնամանիք, անձյուն ձմեռ և այլն) տեղի է ունենում բույսերի զանգվածային ոչնչացում։ Սառչում են աճման բողբոջները, այնուհետև կոճղարմատները, իսկ արմատները քիչ են տուժում։ Պահպանության համար այդպիսի ձմռանը բույսերը պետք է ծածկել չոր տերևներով կամ տաքացնող նյութով։

Ավելի ուշ ծաղկման համար խորհուրդ է տրվում կոկոնակալումից առաջ ծերատել, այդ դեպքում զարգանում են կողմնային ընձյուղներ, որոնք զգալիորեն ուշ են ծաղկում։ Ծաղկման շրջանը կարելի է երկարացնել նաև ծաղկաբույլից հեռացնելով առանձին ծաղիկներ և ծաղկաթափ ճյուղեր։

Աշնանը, հողը սառելուց անմիջապես հետո, պետք է ցողունները հիմքից կտրել և այրել։

Պարարտանյութերը. վեգետացիայի շրջանում բույսերը պետք է սնուցել՝ հաշվի առնելով զարգացման փուլերը։ Ձյունը հալվելուց և հողը չորանալուց անմիջապես հետո 2-3-ամյա թփերը պարարտացնել՝ օգտագործելով (չոր վիճակում) 20-30 գ ամոնիակային բորակ, 30 գ սուպերֆոսֆատ և 40-50 գ փայտի մոխիր (թակուջակով հողի մեջ խորացնելով 3-5 սմ)։ Մայիսի երկրորդ կեսին սնուցել խմորված բուսահողով՝ 1:15 (թռչնաղբ 1:25) կամ ամոնիակային բորակի լուծույթով (10 լ ջրին 15-20 գ, 1 մ²–ի հաշվով)։ Կոկոնակալման շրջանում պարարտացնել նույն պարարտանյութերով ավելացնելով 20-30 գ մոխիր։ Ծաղկման սկզբում օգտագործել 20-30 գ լրիվ հանքային պարարտանյութեր (10 լ ջրին՝ 30-40 գ մոխիր)։ Ծաղկման վերջում տալ ֆոսֆորական և կալիումական պարարտանյութեր չոր վիճակում 25-30-ական գ։ Հեղուկ սնուցում տալուց առաջ և հետո հողը ջրել։ Չոր պարարտանյութերը զգուշորեն լցնել թփի հիմքի մոտ, այնպես որ տերևների վրա չթափվեն։ Օգտակար է միկրոտարրերի (1 մ²–ի հաշվով 10 լ ջրին 2-3 գ բորաթթու և 0,1-0,2 գ կալիումի պերմանգանատ) օգտագործումը (ամառվա ընթացքում մեկ անգամ)։

Բազմացումը. սորտային Բ-ները բազմացնում են թփի բաժանմամբ, ցողունային և տերևային կտրոններով, գարնանային ընձյուղներով, ամռան-աշնան տերևանութային ընձյուղներով, արմատային կտրոններով։

Թփերի բաժանումը կատարվում է վաղ գարնանը կամ վաղ աշնանը (թփերը բաժանել խոշոր մասերի)։ Հանված թուփը թափ տալ կամ լվանալ և ձեռքերով բաժանել սկզբում արմատավզիկների միահյուսվածքները, այնուհետև արմատները։ Կոճղարմատը բաժանել ձեռքերով (դանակով կտրել սոսկ արմատավզիկների սերտաճած տեղերը)։ Յուրաքանչյուր բաժանված մաս պետք է ունենա աճման բողբոջ՝ «աչիկ», կամ ընձյուղի սաղմ և մի քանի արմատ։ Ցողունային կտրոններով բազմացումը կարելի է կատարել մայիսի վերջերից մինչև հուլիսի երկրորդ կեսը։ Կտրոնի համար պետք է առողջ բույսից վերցնել կանաչ, լավ զարգացած ցողուններ, որոնցից յուրաքանչյուրն ունենա 2 հանգույց, ընդ որում ստորին կտրվածքն անել անմիջապես ստորին հանգույցի տակ, իսկ վերինը՝ 5-10 մմ վերին հանգույցից վերև։ Ստորին տերևներն ամբողջովին կտրել՝ պահպանելով անութային բողբոջները, իսկ վերինների կեսը կտրել, որպեսզի կտրոնից ջրի գոլորշիացումը փոքրանա։ Կտրոնները տնկել ստվերոտ տեղում՝ մինչև վերին հանգույցը խորացնելով հողի (ավազի) մեջ։ Առաջին շաբաթը ջրել տաք (30°C) ջրով օրը մի քանի անգամ, հետագայում՝ հողի չորանալուն զուգընթաց։ Տնկելուց 3-4 շաբաթ հետո առաջանում են արմատիկներ, իսկ վերին հանգույցի տերևանութներում՝ 1-2 ընձյուղներ։ Որպեսզի կտրոններն արագ և լավ արմատակալեն, կարելի է դրանց ծայրերը 8-10 ժամ պահել հետերոաուքսինի լուծույթում կամ հալվեի թարմ մզված հյութում (կիսով չափ ջրով նոսրացված)։

Տերևային կտրոններով բազմացման դեպքում օգտագործվում է անութային բողբոջը տերևի հետ։ Ամռանը, ցողունների լրիվ զարգացման շրջանում, դրանց միջին մասից սար դանակով կամ սրիչով պետք է կտրել 8-10 մմ երկարության վահանիկ անութային բողբոջով և տերևով։ Կարելի է օգտագործել հանգույցների տեղում կիսաճեղքված ցողունի կտորներ (2-3 սմ երկարության)։ Սննդարար հողով լցված արկղերում տնկելիս (վերևում ավազի 2 սմ շերտով) վահանիկը պետք է տեղադրել ուղղահայաց՝ տերևանութային բողբոջը 1,5 սմ խորացնելով հողի մեջ, խոշոր տերևները կտրել 1/3-ով։ Տնկած բույսերը ցողել տաք ջրով, արկղերը ծածկել ապակիով և տեղադրել 25-28 °C ջերմաստիճան ունեցող շինությունում։ Ավազը մշտապես պետք է խոնավ լինի։ Աշնանը տերևային կտրոններից առաջանում են մեկ ցողուն ունեցող բույսեր։ Ձմռանը արկղերը դնել սառը ջերմոցում՝ վերևից ծածկելով տերևներով կամ որևէ տաքացնող ծածկույթով։ Հաջորդ տարվա գարնանը արմատակալած կտրոնները կարելի է տնկել բաց գրունտում։

Գարնանային աճման ընձյուղներով բազմացման դեպքում պետք է վերցնել շատ խտացած թփերի աճման ընձյուղները՝ զգուշորեն կտրելով անմիջապես հիմքից (մի փոքր կտորով)։ Լավ արմատակալման համար ընձյուղները տնկել տաք ջերմոցում (բաց գրունտում ուշ են արմատակալում)։

Ամռան-աշնան տերևանութային ընձյուղներով բազմացնում են նախորդի պես՝ օգտագործելով տերևանութային ընձյուղները։

Արմատային կտրոններով բազմացումը կատարում են վաղ գարնանը։ Անհրաժեշտ է բաժանել այն թփերը, որոնցից կարելի է վերցնել արմատների 1/3-ը, որոնք առողջ են ու երկար և փայտացած չեն։ Դրանք կտրել անմիջապես կոճղարմատի հիմքից, բաժանել 3-5 սմ երկարության կտորների և թեքությամբ տնկել սննդարար հողով լցված բացովի արկղերում։ Վերջիններս տեղավորել 10-15 °C ջերմաստիճան ունեցող շինությունում, 10-15 օր հետո տեղափոխել 18-25 °C ջերմաստիճան ունեցող այլ տեղ և պահել ստվերում։ Ծիլերի առաջացումից հետո բույսերն աստիճանաբար վարժեցնել լույսին, իսկ հետո տնկել բաց գրունտում։ Ոչ բոլոր արմատային կտրոններն են տալիս ծիլեր, որոնք իրենց հերթին զարգանում են անհավասար։ Ուստի բույսերը թաց գրունտում պետք է տնկել ընտրողաբար, ծիլերի աճմանը զուգընթաց։ Բազմացման այս եղանակն առանձնապես արժեքավոր է, երբ բույսերն ախտահարված են ցողունային նեմատոդով, իսկ սորտն անհրաժեշտ է պահպանել։

Հիվանդությունները. տերևների բծավորության (սեպտորիոզ) դեպքում տերևների մակերևույթի վրա առաջանում են մուգ գորշավուն կետիկներ և կլորավուն կամ անկանոն ձևի բծեր, որոնք հետագայում մեծանում են, դեղնում և դրանց շուրջը գոյանում է գորշ կարմրավուն երիզ։ Հիվանդության զարգացմանը զուգընթաց բծերը ձուլվում են միմյանց հետ։ Տերևի ախտահարված հյուսվածքը մահանում է, չորանում ու թափվում։

Պայքարի միջոցները. ախտահարված տերևներով ցողունները կտրել և այրել։ Հիվանդ բույսերը, շրջակայքի հողը և մոտակա բույսերը մշակել պղինձ պարունակող պատրաստուկներով։ Հիվանդության կանխարգելման համար աշնանը պետք է ցողունները կտրել հիմքից և այրել, իսկ վաղ գարնանը բույսերը և շուրջը եղած հողը սրսկել պղինձ պարունակող պատրաստուկներով։ Շատ հաճախ Բ. ախտահարվում է ալրացողով։ Հիվանդությունը տարեցտարի կրկնվում է, և եթե միջոցներ ձեռք չառնվեն բույսերը մահանում են։

Պայքարի միջոցները. ախտահարված թփերն ամռանը մի քանի անգամ սրսկել լվացքի սոդայի լուծույթով (1 %-անոց) կամ պղինձ պարունակող պատրաստուկներով։

Ժանգը ախտահարում է տերևները։ Ուժեղ ախտահարման և պայքարի միջոցների բացակայության դեպքում բույսերի վերգետնյա մասերը մահանում են, թփերը թոշնում և աստիճանաբար չորանում։ Պայքարի միջոցները նույնն են, ինչ այլ բույսերինը։

Ֆոմոզը ախտահարում է ցողունը և տերևները, որոնց վրա գոյանում են գորշ, թույլ արտահայտված բազմաթիվ սև կետիկներով բծեր։ Տերևները ոլորվում են, չորանում, ցողունի հյուսվածքները ճաքճքում են, բույսերը լավ չեն աճում, վատ են ծաղկում։ Հիվանդությանը նպաստում են ցողունի մեխանիկական վնասվածքները, օդի ավելցուկային խոնավությունը, խոր տնկումը։ Պայքարի միջոցները նույնն են, ինչ այլ սնկային հիվանդությունների դեպքում։

Վերտիցիլյոզային թառամում. տերևները դեղնում են և թառամում, առանձին ընձյուղները և բույսերը մահանում են։

Պայքարի միջոցները. հիվանդ բույսերի ոչնչացում, հողի փոխում կամ ֆորմալինով (250 մլ 40 %-անոց ֆորմալինի լուծույթը 10 լ ջրում, տնկաբույսերի 1 մ²–ի վրա) ախտահանում։

Գանգրոտությունը հարուցում է մեռուկացման վիրուսը։ Տերևներն ուժեղ ձևափոխվում են, պատվում դեղին, անկանոն ձևի բծերով։ Ցողունները թուլանում են և դառնում բեկուն, միջհանգուցային հեռավորությունները կարճանում են, որը բույսերին տալիս է գաճաճ թփակալած տեսք։

Պայքարի միջոցները. հիվանդ բույսերի, հարուցիչների փոխանցողների՝ լվիճների ոչնչացում։

Ցողունային նեմատոդ. հիվանդ բույսերն աճման ու զարգացման մեջ հետ են մնում, ցողունները հաստանում են, կարճանում, տերևներն ու ցողունները ձևափոխվում են և այլն։

Պայքարի միջոցները. հիվանդ բույսերի ոչնչացում, բույսերի հաջորդափոխում (թավշածաղիկ աճեցնել), պայքար մոլախոտերի դեմ, բազմացումը կատարել առողջ կտրոններով, տնկելուց առաջ թփերը 30 րոպե թրջել 15 °C ջերմաստիճանից ոչ ցածր հետերոֆոսի լուծույթում (0,2 %-անոց)։

Ցողունի ճաքճքում (ոչ վարակիչ). ցողունի ստորին մասում առաջանում են երկայնական ճաքեր։ Հիմնականում դիտվում է խոնավ տարիներին ուժեղ աճման շրջանում (ներքին և արտաքին հյուսվածքների անհավասար աճ), որը կապված է հողում ազոտական պարարտանյութերի ավելցուկի և կրի անբավարարության հետ, ինչպես նաև տնկած բույսերի խտացման դեպքում։

Տերևների չորացում և թափում (ոչ վարակիչ). տերևները չորանում են ու թափվում, ցողունի վերին մասում մնում են քիչ քանակությամբ տերևներ։ Այդ ֆիզիոլոգիական երևույթը դիտվում է խոնավության անբավարարության և արմատային ոչ ճիշտ սնուցումների (տաք, չոր եղանակին ցերեկը ցողելու) դեպքում։

Վնասատուները. պարտեզային Բ-ների վրա հարձակվում են սովորական ականջմտուկը, թքափրփրացիկադները և ականաճանճիկները։ Դրանք վնասում են տերևները և կոկոնները (կրծոտում են, հյութը ծծում, մաշկի տակ անցքեր բացում)։

Պայքարի միջոցները. աշնանը հողի վերափորում, ավելացնելով 25 %-անոց հեքսաքլորանի փոշի, բույսերի մշակում հատուկ պատրաստուկներով։

ՀՀ-ում մշակվում են միամյա և բազմամյա Բ-ների (հուրանավոր, դրյումոնդի, ճմային և այլն) բազմաթիվ սորտեր։ Կարճահասակ տեսակներն աճեցվում են ջերմատներում և բնակարաններում թաղարների մեջ։ Գեղազարդիչ պարտեզագործության մեջ լայնորեն մշակվում են վաղ ծաղկող սորտեր՝ շուտ ծաղկող ծաղիկներ ստանալու նպատակով։