ՏՏՀ/Գեղասահք
ԳԵՂԱՍԱՀՔ, բազմաթիվ երկրներում տարածված մարզաձև, որն աչքի է ընկնում շարժումների արտահայտչականությամբ և հուզականությամբ։ Շարժումները կատարվում են սառույցի վրա չմուշկներով՝ զույգ և մեկ ոտքի վրա, շարժումների ուղղությունների փոփոխումով, տարատեսակ պտույտներով, ոստյուններով, ցատկ պտույտներով և անցումներով։ Գ-ի հայրենիքը Հոլանդիան է։ 1772-ին Ռոբերտ Դոժուսը հրատարակում է Գ-ին նվիրված առաջին գիրքը։ 1890-ին անցկացվեցին Գ-ի առաջին միջազգային մրցումները, 1896-ին անցկացվեց աշխարհի անդրանիկ առաջնությունը, 1908-ին Գ. ընդգրկվեց օլիմպիական խաղերի ծրագրում։ Գ-ի առաջին մրցումները Հայաստանի Հանրապետությունում անցկացվել են 1976-ին։
Գ-ի ժամանակակից ծրագիրն ընդգրկում է տղամարդկանց և կանանց մենասահքեր, խառը զույգերով զուգասահքեր և մարզական պարեր, որոնք կատարվում են պարտադիր և կամավոր ծրագրերով։ Տարբեր ծրագրերի, տարբեր տարիքային խմբերի և տարբեր սեռերի համար սահմանվում են վարժությունների կատարման տարբեր ժամանակահատվածներ (2 րոպեից մինչև 4 րոպե 30 վ)։ Մենասահքի և զուգասահքի պարտադիր տարրերի խումբը յուրաքանչյուր մրցաշրջանի համար որոշվում է վիճակահանությամբ՝ Չմշկորդների միջազգային միության գեղասահքի կոմիտեի հաստատած 3 խմբից։ Մարզական պարերը որոշակի պարային ֆիգուրների համակարգի կատարում են։ Ի տարբերություն Գ-ի մյուս ձևերի, մարզական պարերում բացակայում են ոստյունները, զույգի երկարատև անջատ սահումները։ Բոլոր տիպի կամավոր սահքերի համար երաժշտության ընտրությունն ազատ է։ Մարզիկների ելույթը գնահատվում է 1-6 միավորների համակարգով՝ ըստ վարժությունների կատարման տեխնիկայի և արտիստականության։ Գրաված տեղը որոշվում է մրցավարների տված տեղերի և միավորների ընդհանուր գումարով։