Jump to content

ՏՏՀ/Գերձգվածություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Գերձգվածություն
Առողջություն և կոսմետիկա
Աղբյուր՝ ՏՏՀ, էջ 260
Այս էջը կարող է պարունակել հնացած կամ ոչ ճշգրիտ բժշկական կամ առողջապահական տեղեկատվություն։

ԳԵՐՁԳՎԱԾՈՒԹՅՈՒՆ, հոդակապանների վնասվածք։ Ավելի հաճախ հանդիպում է սրունքթաթային հոդի կապանների գերձգվածաթյուն (ոտնաթաթը ոլորվելիս)։ Արտահայտվում է ուժեղ ցավով, հետագայում (սովորաբար երկրորդ օրը) այտուցվում է, հնարավոր է նաև գերձգման հատվածում կապտուկ։ Ամենից առաջ հարկավոր է ապահովել վնասված ծայրանդամի հանգիստը։ Վեգոսկրի (կոճի) կամ ծունկի շրջանի գերձգվածության ժամանակ հիվանդին պառկեցնել այնպես, որ ոտքը լինի մի փոքր բարձր։ Առաջին ժամերին վնասված հատվածին հարկավոր է դնել սառը (սառցապարկիկ), ոչ թե ջեռակ կամ տաքացնող կոմպրես, որովհետև ջերմության ազդեցությունից արյունազեղումը, ցավն ուժեղանում են և առողջացումը երկարաձգում։ Որպեսզի արյունազեղումը չուժեղանա և ցավը թուլանա (հատկապես վեգոսկրի շրջանի գերձգվածության ժամանակ և այնպիսի դեպքերում, երբ հիվանդը որևէ պատճառով ստիպված է քայլել), հարկավոր է վնասված հոդը ուժեղ (ոչ չափից ավելի, որպեսզի արյան շրջանառությունը չխանգարվի) վիրակապել ութաձև կապով (տես Վիրակապ)։ Երրորդ օրը կարելի է օրական 1-2 անգամ ընդունել ոտքերի տաք լոգանքներ (ջրի ջերմաստիճանը 36-38 °C) և կատարել մերսում։ Լոգանքից հետո կրկին վիրակապ դնել։ Պետք է հիշել, որ Գ-ից հետո ոտքը կրկին անգամ շատ հեշտ է ոլորվում, ուստի հարկավոր է քայլելիս զգույշ լինել, մշտապես պահպանել մկանային համակարգի տոնուսը, հոդերը կապել առաձգական վիրակապով և այլն։

Գ. հաճախ շփոթում են ոսկրի կոտրվածքի կամ ճաքի հետ, ուստի հիվանդությունը ճիշտ ախտորոշելու և համապատասխան բուժում նշանակելու համար անհրաժեշտ է դիմել բժշկի։