ՏՏՀ/Գիշերամիզություն
ԳԻՇԵՐԱՄԻԶՈՒԹՅՈՒՆ, գիշերային անմիզապահություն, նկատվում է հատկապես երեխաների քնի ժամանակ։ Հիվանդության հիմքում առավել հաճախ կենտրոնական նյարդային համակարգի միզապարկի գործունեությունը կարգավորող բաժինների գործունեության ժամանակավոր (ֆունկցիոնալ) խանգարումն է (հատկապես բնորոշ է ասթենիկ հատկանիշներով, տպավորվող, դյուրագրգիռ, իր ուժերին անվստահ, անկայուն բնավորությամբ երեխաներին)։ Հիվանդության պատճառ կարող են լինել միզուղիների և ողնուղեղի միզարձակման կարգավորմանը մասնակցող բաժինների անկանոն զարգացումը, միզուղիների բորբոքային հիվանդությունները և այլն։ Գիշերային անմիզապահությունն ընդհատվում է մեծ մասամբ 12-13 տարեկանում։ Պատճառները բացահայտելու համար հարկավոր է որքան հնարավոր է վաղ հետազոտել երեխային, քանի որ չափազանց կարևոր է բուժումը վաղ հասակում սկսելը։
Գ. կանխելու համար անհրաժեշտ է վաղ մանկական տարիքից մշակել կամային միզարձակման ունակություն (երեխային ստիպել քնից առաջ միզել, ինչպես նաև այդ նպատակով գիշերը նրան արթնացնել)։ Խորհուրդ չի տրվում քնելուց առաջ մեծ քանակությամբ հեղուկ ընդունել։ Կարևոր նշանակություն ունի կանոնավոր կազմակերպված օրվա ռեժիմը, հոգեկան հույզեր առաջացնող իրադրության բացառումը, ընտանեկան հանգիստ պայմանների ապահովումը, օրգանիզմի կոփումը։ Անկողինը թրջելու համար երեխային պատժելն անթույլատրելի է։