ՏՏՀ/Գուլպա և կիսագուլպա
ԳՈՒԼՊԱ ԵՎ ԿԻՍԱԳՈՒԼՊԱ, պատրաստում են քիմիական թելքերից, բնական մետաքսից, բրդից կամ բամբակից։ Գ-ի և կ-ի չափսը (համարը) որոշվում է ոտնաթաթի երկարությամբ (սանտիմետրերով)։ Օրինակ, 25 չափսը նշանակում է, որ ոտնաթաթի երկարությունը հավասար է 25 սմ-ի։ Թողարկում են կանացի՝ 19, 21, 23, 25, 27 չափսերի Գ. և կ., տղամարդու՝ 21, 23, 25, 27, 29 չափսերի կիսագուլպա, մարզագուլպա և զանգապան, մանկական՝ 12, 14, 16, 18, 20, 22 չափսերի Գ. և կ.։ Որոշ երկրներում թողարկում են 8 1/2, 9, 9 1/2, 10, 10 1/2 Գ. և կ.։ Արտասահմանյան արտադրանք գնելիս պետք է ի նկատի ունենալ, որ 34-35 չափսի կոշիկին համապատասխանում է 8 1/2, 36-37-ին՝ 9, 38-ին՝ 9 1/2, 39-40-ին՝ 10, 41-42-ին՝ 10 1/2 չափսի Գ. և կ.։
Քիմիական թելքերից նուրբ գուլպան պետք է ամեն օր լվանալ գոլ օճառաջրով կամ լվացափոշիով. չպետք է ուժգին տրորել, ոլորելով քամել (ավելի լավ է քամել սրբիչի մեջ փաթաթած)։ Չի կարելի նուրբ գուլպան չորացնել արևի տակ, կրակի կամ ջեռուցիչ սարքերի մոտ։ Քիմիական թելքերից նոր գուլպա հագնելուց առաջ պետք է ցայել գոլ ջրով։