ՏՏՀ/Գրպան
ԳՐՊԱՆ, լինում է վրադիր, կտրովի և կարերի կամ դարսերի մեջ տեղադրված։ Տարբերում են արտաքին, ներսի, կրծքի և կողքի վրադիր Գ-ներ։ Դրանք լինում են պարզ, ուղիղ և ձևավոր զոլակով, կափույրով, կտրվածքով և կափույրով, երիզված կտրվածքով, հանդիպակաց դարսով, վերևի ձևավոր եզրագծով և ուռուցիկ կարով ևն։ Վրադիր Գ-ների կափույրները լինում են մերակներով, առանց մերակների, ուղղանկյունաձև և ձևավոր։ Վրադիր Գ-ները ձևավորվում են ծալքերով, սեղմակներով կամ ասեղնագործվում։ Կտրովի Գ-ները երբեմն տեղադրում են մոդելի ուռուցիկ մասերում, ծալքերի կամ կարերի մեջ։ Սպորտային ոճի հագուստի Գ-ները հաճախ անում են շղթայով։
Վրադիր Գ., կախված գործվածքի հատկություններից, կարում են միտակ կամ երկտակ կտորից։ Դրվագում են նույն գործվածքի կտորով, ժանյակով, նախշագործվածքով, տարբեր տեսակի տրեզներով ևն։ Գ-ի տեղն ու չափերը որոշում են ըստ մոդելի և ճշտում չափափորձման ժամանակ։ Այդ նպատակով թղթից կտրում են Գ-ի ձևանմուշը և չափափորձելիս, քորոցներով ամրացնելով, ճշտում Գ-ի վերջնական տեղն ու չափերը։
Եզրի թակալակարով վրադիր Գ.։ Բամբակե գործվածքից հագուստի Գ-ի վերևի եզրը մշակելու համար 3,5-4 սմ ծալաբաժին են թողնում և ծալում մուտքի գծով դեպի Գ-ի հակառակ երեսը, իսկ ծալաբաժնի եզրը 0,7-1 սմ ծալում դեպի ներս, թերակարում և թակալում ծալագծին մոտ։ Գ-ի բոլոր եզրերը 0,7-1 սմ լայնությամբ ծալում են դեպի Գ-ի հակառակ երեսը, թերակարում և արդուկում։ Պատրաստի Գ. դնում են հիմնական դետալի վրա նշված տեղում, ամրացնում թերակարով, ապա թակալում եզրին մոտ։
Լրացուցիչ կտորով մշակված վրադիր Գ.: Բամբակե գործվածքից մեծ չափի Գ-ների կոր եզրերը սովորաբար մշակում են լրացուցիչ կտորով։ Բրդե, մետաքսե կամ սինթետիկ գործվածքներից հագուստի, ինչպես նաև փոքր չափի Գ-ները նախընտրելի է անել երկտակ։ Լրացուցիչ կտորի ներսի եզրը նախօրոք մաքրակարում են, ապա շիտակ երեսով դնում Գ-ի շիտակ երեսի վրա այնպես, որ Գ-ի և կտորի վերևի եզրերը համընկնեն, այնուհետև կտրված եզրերը թերակարում են և թակալում 0,7 սմ լայնության կարով, ապա կարերը բացում և արդուկում։ Միաժամանակ արդուկում են նաև Գ-ի վերևի եզրը և թակալում ծալագծին մոտ։ Լրացուցիչ կտորը և Գ. ծալում են նշված մուտքի գծով՝ շիտակ երեսով դեպի ներս, 2 դետալների եզրերը հավասարեցնում, թերակարում և թակալում։ Գ. և լրացուցիչ կտորը շրջում են շիտակ երեսով դեպի դուրս։ Այնուհետև պատրաստի Գ. դնում են հագուստի վրա և թակալում նախօրոք նշված գծով։
Ուղղանկյունաձև վրադիր Գ. ձևելիս նկատի են ունենում ծալաբաժինը։ Կտրովի գրպանների կտրվածքի տեղը որոշում են չափափորձման ժամանակ։ Կտրվածքի ընդունված չափը 14-16 սմ է։ Կտրովի Գ-ի մուտքը երիզում են լրացուցիչ կտորով, դրվագում կափույրով կամ զոլակով։
Կտրովի երիզված Գ-ի մուտքը երիզում են նույն գործվածքի երկտակ շերտով։ Հիմնական դետալի շիտակ երեսին՝ մուտքի գծին զուգահեռ, միմյանցից 0,7-0,5 սմ հեռավորությամբ 2 ուղիղ են գծանշում (կավճով կամ թերակարով)։ Ուղղահայաց գծերով նշում են Գ-ի մուտքի գծի երկարությունը։ Հիմնական դետալը և վրայի պարկագործվածքը հակառակ երեսով դնում են իրար վրա այնպես, որ պարկագործվածքի վերևի եզրը 1,5-2 սմ բարձր լինի վերևի գծից, իսկ կարաբաժինը բոլոր կողմերից հավասար լինի։ Պարկագործվածքը եզրին մոտ թերակարով ամրացնում են հիմնական դետալին։ Վերևի և ներքևի լրացուցիչ կտորները ծալագծով ծալում են հակառակ երեսով դեպի ներս և արդուկում։ Որպեսզի լրացուցիչ կտորները կցակարելիս կարն ուղիղ ստացվի, խորհուրդ է տրվում օճառով նշել կարագիծը (կարագծի հեռավորությունը ծալագծից հավասար է շրջանակի լայնության կեսին)։ Լրացուցիչ կտորները դնում են հիմնական դետալի շիտակ երեսին՝ կտրված եզրերը դեմ դիմաց, ծալագծերը համատեղելով նշված գծերի հետ, ապա թերակարում են և թակալում նշված գծերով այնպես, որ կարերը շրջանակից դուրս չանցնեն, և մեքենայով կարփակ անում։ Գ-ի մուտքը բացելու համար հիմնական կտորը և պարկագործվածքը կտրում են հակառակ երեսից, մուտքի գծով։ Կտրում են կենտրոնից դեպի եզրերը 1,5-2 սմ կարերին չհասնելով։ Կտրվածքի ծայրերից դեպի կարերը թեքությամբ հատում են 0,1-0,2 սմ կարին չհասնելով։ Հետո լրացուցիչ կտորների ծալաբաժինները ծալում են Գ-ի կտրվածքի միջով դեպի հիմնական դետալի հակառակ երեսը՝ վերևի կտորը ուղղելով վեր, իսկ ներքևինը՝ վար։ Հատելուց առաջացած անկյունները շտկում են, ծալում և ամրացնում լրացուցիչ կտորներին կտրվածքին ուղղահայաց կրկնակի կարով։ Լրացուցիչ կտորների ծալատեղերն ամրակարում են խաչաձև կութերով, Գ-ի «շրջանակը» արդուկում հակառակ երեսից, այնուհետև ներքևի լրացուցիչ կտորի եզրը 1 սմ ծալելով թերակարում պարկագործվածքին և թակալում ծալագծին մոտ։ Տակի և վրայի պարկագործվածքները շիտակ երեսով դեպի ներս դնում են իրար վրա, եզրերը հավասարեցնամ և հիմնական դետալը հետ ծալելով թակալում վրայի պարկագործվածքի կողմից 1 սմ լայնության կարով։ Կտրված եզրերը մաքրակարում են զիգզագաձև կարով:
Կարերի մեջ տեղադրված Գ.։ Պարկագործվածքից կտրված դետալները շիտակ երեսով դնում են հիմնական դետալի շիտակ երեսին՝ համատեղելով Գ-ի մուտքի չափը նշող փոքր կտրվածքները։ Պարկագործվածքի կտորները երկարությամբ թերակարում են և թակալում 1,5 սմ լայնության կարով, ապա կտրված եզրերը մաքրակարում զիգզագաձև կարով։ Պարկագործվածքի կտորները հետ են ծալում և արդուկում 1,5 սմ ծալաբաժին թողնելով պարկագործվածքի կողմը։ Առջևի մասին ամրացված պարկագործվածքը մուտքի գծի երկարությամբ թակալում են միացման թակալակարին մոտ։ Պատրաստի դետալները շիտակ երեսով դեպի ներս դնում են իրար վրա՝ համատեղելով ըստ ստուգիչ կտրվածքների և թակալում Գ-ի սահմաններին կարփակ անելով։ Պարկագործվածքներն ամրացնում են թերակարով, ապա թակալում հիմնական դետալները միացնելուց հետո։