ՏՏՀ/Դահուկներ
ԴԱՀՈՒԿՆԵՐ, առաջինը գործածել են հյուսիսային ցեղերը դեռևս նեոլիթի դարաշրջանում։ Դ-ով քայլքը (սահքը), հանգստի լավ միջոց է, զարգացնում է արագություն, դիմացկունություն։ Դահուկային մարզաձևը մատչելի է բոլոր տարիքի մարդկանց։
Դ-ով սահել սովորելը դժվար չէ։ Սկսնակները համեմատաբար հեշտությամբ են տիրապետում նրանցով տեղափոխվելու եղանակներին։ Առավել հեշտ եղանակը, որից հարկավոր է սկսել սահքի ուսուցումը՝ փոխնիփոխ երկքայլ ընթացքն է (նկ.1)։ Այդ եղանակի հիմքում ընկած է սահումը մերթ մեկ, մերթ մյուս դահուկով, ձախ ոտքի քայլի հետ առաջ է նետվում աջ ձեռքը ձողափայտով և, ընդհակառակը, աջ ոտքի քայլով առաջ է նետվում ձախ ձեռքը։ Այդպիսով, փոխնիփոխ երկքայլ ընթացքում յուրաքանչյուր սահող քայլ ուղեկցվում է ձողափայտի մեկ հրումով։ Նման եղանակը լավագույնն է սովորական դահուկուղիով կամ ձյունածածկ տարածքով տեղաշարժվելիս։
Հարթեցված դահուկուղիով և սարն ի վար սահելու ժամանակ առավել շահեկան են ձողափայտերով միաժամանակյա հրումները։ Բոլոր միաժամանակյա քայլերի ընթացքում (բացի անքայլից) ձողափայտերով հրումներից առաջ կատարվում է մեկ կամ մի քանի սահող քայլ։ Ընթացքը լինում է միաքայլ, երկքայլ և եռաքայլ։ Միաժամանակյա երկքայլ ընթացքը ցույց է տրված նկ. 2-ում։ Նշված եղանակներին տիրապետելը առավել հարմար է ուսումնական դահուկուղու վրա։ Սովորաբար նման դահուկուղիները բացվում են դահուկային կայանների մոտակայքում, որպեսզի սկսնակները կարողանան ստանալ մեթոդական օգնություն։ Յուրացնելով դահուկասահքի տեխնիկայի ամենապարզ տարրերը՝ դրանց կատարելագործումը կարելի է շարունակել զբոսանքների ժամանակ։ Միջին տարիքի և տարեց մարդկանց համար առաջին զբոսանքները 3 կմ-ից ավելի չպետք է լինեն։ Այնուհետև տարածությունը կարելի է աստիճանաբար մեծացնել՝ սեզոնի վերջում այն հասցնելով մինչև 10 կմ։ Վերելքներն ու վայրէջքները հաղթահարվում են տարբեր եղանակներով՝ կախված թեքության աստիճանից։ 3-րդ և 4-րդ նկ-ներում ցույց են տրված վերելքի և վայրէջքի հիմնական եղանակները։
Առանձնահատուկ ուշադրության են արժանի դահուկորդի հագուստն ու կոշիկը։ Հագուստը պետք է լինի թեթև, տաք, հարմարավետ։ Վերնահագուստը բրդե սվիտեր և տաբատ։ Մրցարշավների համար հարմար են ծնկից ներքև կոճկվող կարճ տաբատը և զանգապանները։ Ուժեղ քամու կամ սառնամանիքի դեպքում սվիտերի վրայից պետք է հագնել տաք բաճկոն։ Խորհուրդ է տրվում օգտագործել բրդե սպիտակեղեն։ Առավել թեթև և հարմար է կոշտ ներբանով հատուկ կաշվե կոշիկը, որը պետք է մեկ համարով մեծ լինի երկու զույգ բրդե կամ մեկական զույգ բամբակե և բրդե գուլպաներ հագնելու համար։ Խորհուրդ է տրվում օգտագործել կաշվե կամ բրեզենտե թաթմաններ (բայց ոչ ձեռնոցներ). ցածր ջերմաստիճանի պայմաններում տակից հագնում են նաև բրդե ձեռնոցներ։ Գլուխը ծածկում են թեթև գործած կամ ականջակալներով գլխարկով։
Դահուկային գույքի անհրաժեշտ պարագաներից են ամրակապերը։ Դահուկային մարզաձևի պրակտիկայում կիրառում են տարբեր տեսակի ամրակապեր (նկ. 5, 6), նրանց կառուցվածքը պայմանավորված է Դ-ի կիրառման նպատակով։ Այսպես, օրինակ, որսորդական Դ-ի համար օգտագործվում են փափուկ, իսկ մրցարշավային և զբոսանքի Դ-ի համար՝ կոշտ ամրակապեր։
Դ. մաշվածքից պաշտպանելու և սահունությունը բարելավելու նպատակով օգտագործում են դահուկային քսուքներ։ Ըստ եղանակի և ձյան վիճակի կիրառվում են տարբեր գույնի քսուքներ, փոփոխական ջերմաստիճանի և թարմ ձյան ժամանակ սովորաբար օգտագործվում է դեղին, հին ձյան ժամանակ մանուշակագույն, զրոյին մոտ ջերմաստիճանի պայմաններում։ Կոշտ քսուքները մանուշակագույն, զրոյին մոտ ջերմասնախատեսված են 0°–ից ցածր ջերմաստիճանի պայմաններում (–1° C...–3° C)՝ կարմիր, միջին ջերմաստիճանի ժամանակ (–3° C...-10°C)՝ երկնագույն, -10° C...-18° C-ի պայմաններում՝ կանաչ և ցածրի դեպքում (-18° C...-25°C)՝ դեղին կամ սև քսուք։ Քսուքները լինում են հեղուկ և կոշտ։ Հեղուկ քսուքները խորհուրդ է տրվում կիրառել 0°–ից բարձր ջերմաստիճանի, հալոցքի և սառցակալման պայմաններում: Կոշտ քսուքները նախատեսված են 0°-ից ցածր ջերմաստիճանի համար: Փաթեթավորման գույնը սովորաբար համապատասխանում է քսուքի գույնին։
Դահուկները քսուքներով յուղելիս անհրաժեշտ է պահպանել հետևյալ կանոնները, այն պետք է քսվի Դ-ի բացարձակ չոր մակերեսին, քսուքի շերտը պետք է հավասարաչափ տարածվի Դ-ի ամբողջ մակերեսով, սենյակում քսված դահուկները պետք է հանվեն մաքուր օդի (15-20 րոպե)։ Հատիկավոր, խիտ ձյան դեպքում անհրաժեշտ է քսուքի ավելի հաստ շերտ, փաթիլավոր, նոր տեղացած ձյան համար՝ համեմատաբար բարակ։ Ելնելով ձյան վիճակից՝ դահուկուղու առանձին հատվածներում կարող է կիրառվել համակցված յուղում։
Տուն վերադառնալուց հետո անհրաժեշտ է Դ. մաքրել ձյունից, չորացնել և դնել պահանգների վրա։ Պարբերաբար, սեզոնում 2-3 անգամ, Դ-ի սահող մակերեսը հարկավոր է մաքրել քսուքի մնացորդներից և հագեցնել խեժանյութով. դրա համար սահող մակերեսին քսում են խեժանյութ և կրակի վրա տաքացնում այնքան ժամանակ, մինչև խեժանյութը դադարի ներծծվելուց։ Խեժանյութի ավելցուկները հեռացնում են լաթով, իսկ Դ. կրկին թեթևակի տաքացնում։ Մետաղե ամրակներն անհրաժեշտ է մաքրել մեքենայի յուղով։ Կոշիկները խորհուրդ է տրվում հաճախակի յուղել կենդանական ճարպով։
Դ. գնելիս հարկ է հիշել, որ յուրաքանչյուր դահուկի երկարությունը չպետք է գերազանցի ձեռքը վեր պարզած դահուկորդի բարձրությունը, իսկ ձողափայտերի երկարությունը պետք է լինի ուսերից փոքր-ինչ ցածր (ձողափայտը բռնելու ձևը ցույց է տրված նկ. 5, ա-ում)։