ՏՏՀ/Դդում
ԴԴՈՒՄ, մշակում են Հայաստանի գրեթե բոլոր շրջաններում՝ գլխավորապես տնամերձերում։ Դ. լինում է սեղանի՝ օգտագործում են սննդի մեջ, կերի՝ գործածում են որպես անասնակեր և դեկորատիվ՝ տարբեր գույների և ձևի։ Բացի այդ կան նաև Դ-ի շշանման սորտեր, որոնք ունեն փայտացած կարծր կեղև և օգտագործվում են հեղուկ ու սորուն մթերքներ պահելու համար։
Սեղանի Դ-ի առավել տարածված սորտերն են՝ Մեղրու, Մոլոլեևյան, Մուսկատյան, Բիրյուչեկուտյան, Խոշորապտուղ հարյուրֆունտանոց։ Սեղանի սորտերը պարունակում են 90,3 % ջուր, շաքար, սպիտակուցներ, թաղանթանյութ, մոխիր, 8 մգ % C վիտամին, կարոտին (A նախավիտամին) ևն։ Սերմերը պարունակում են մինչև 50 % ճարպ։ Հասուն Դ. ունենում է չորացած պտղակոթ։ Դ-ից պատրաստում են շատ համեղ, սննդարար և դիետիկ կերակրատեսակներ, մուրաբա, հյութ, ջեմ։
Դ-ի սերմերը սննդի մեջ օգտագործում են հում կամ բոված։
Դ-ի աճեցման մասին տես Բանջարանոց հոդվածում։
Դ. լցոնած. Դ. լվանալ, պտղակոթի մասից բոլորաձև կտրել, գդալով հեռացնել կորիզներն ու պտղամսի փափուկ մասերը և նորից լվանալ։
Փափուկ մասերն առանձնացնել կորիզներից, կտրտել, ավելացնել կիսաեփ բրինձ, չամիչ (լվացած), կորիզը հանած սալորաչիր, ձողիկաձև կտրտած խնձոր, շաքար, դարչին և խառնել։ Պատրաստած խճողակը լցնել Դ-ի մեջ, ծածկել կտրած վերնամասով, դնել յուղ քսած տապակի մեջ և եփել ջեռոցում։ Մատուցել վրան յուղ լցրած կտորներով։
1,5 կգ Դ-ին՝ 70 գ բրինձ, 70 գ կարագ, 70 գ սալորաչիր, 25 գ շաքար, 30 գ չամիչ, 200 գ խնձոր, 1 գ ծեծած դարչին. աղը և պղպեղը՝ ըստ ճաշակի։
Դդմաքաշովի. կեղևը և սերմերը հեռացրած Դ. կտրտել, լցնել կաթսայի մեջ, վրան կաթ լցնել, ավելացնել կիսաեփ բրինձ, աղ, շաքար, յուղ և խառնել։ Կաթսան ծածկել կափարիչով և եփել։ Կարելի է մատուցել և՛ տաք, և՛ սառը։
150 գ Դ-ին` 20 գ բրինձ, 70 գ կաթ, 6 գ շաքար, 15 գ հալած յուղ, աղը՝ ըստ ճաշակի։