ՏՏՀ/Դեղձ
ԴԵՂՁ, Հայաստանում մշակվում է Արարատյան դաշտում, նախալեռնային, Եղեգնաձորի, Զանգեզուրի, հյուսիս-արևելյան գյուղատնտեսական գոտիներում։ Դ. հասունանում է հուլիսի կեսից մինչև հոկտեմբերի վերջը։ Պարունակում է շաքար, օրգանական թթուներ, պեկտինային (դոնդողացնող), ազոտային նյութեր, հանքային աղեր, ինչպես նաև A, B1,B2, P1 վիտամիններ, 10 մգ % C վիտամին։ Լինում է վաղահաս, միջահաս և ուշահաս։ Տարբերում են Դ-ի սեղանի, պահածոյի և չրի սորտեր։ Հայաստանում տարածված վաղահաս սորտերից են Նարնջի վաղահասը, Պճղովի դեղինը, միջահասներից՝ Զաֆրանի միջահասը, Նարնջի միջահասը, Լոձ շերտավորը, Ճուղուրին, Լիմոնին, ուշահասներից՝ Նարնջի ուշահասը, Զաֆրանի ուշահասը, Օշականին, Բյուրականին։ Պտուղները նուրբ են, արագ փչացող. սենյակային պայմաններում կարելի է պահել 5-10 օր, սառնարանում (0 °C)՝ մինչև 2 ամիս։ Օգտագործում են թարմ և վերամշակված (մուրաբա, ջեմ, պովիդլո, հյութ, կոմպոտ, ալանի, չիր)։