Jump to content

ՏՏՀ/Դիֆթերիա

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Դիֆթերիա
Առողջություն և կոսմետիկա
Աղբյուր՝ ՏՏՀ, էջ 274
Այս էջը կարող է պարունակել հնացած կամ ոչ ճշգրիտ բժշկական կամ առողջապահական տեղեկատվություն։

ԴԻՖԹԵՐԻԱ, սուր վարակիչ հիվանդություն։ Հարուցիչը Դ-ի ցուպիկն է։ Առավել հաճախ հիվանդանում են 1-10 տարեկան երեխաները, հազվադեպ՝ մեծահասակները։ Վարակը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով, ինչպես նաև հիվանդի գործածած առարկաների միջոցով։ Դ-ով վարակվում են նաև առողջացածների (որոշ ժամանակ շարունակում են արտազատել մանրէներ) և բակտերիակիրների (տես Բակտերիակրություն) հետ շփվելիս։

Հիվանդությունը բնորոշվում է բակտերիային թույնով օրգանիզմի ընդհանուր թունավորման երևույթներով և հարուցիչի թափանցման տեղում (բկանցք, կոկորդ, քթի խոռոչ, երբեմն աչք, սեռական օրգաններ, վերքեր, նորածնի պորտը) բորբոքման օջախների առաջացմամբ։ Նշագեղձերի վրա (բկանցքի Դ. հիվանդության ավելի հաճախ հանդիպող ձևերից է) առաջանում է փառ, երբեմն զարգանում է կոկորդի այտուց, որը կարող է հանգեցնել շնչափողի նեղացման և շնչառության խանգարման (Դ-ային կրուպ)։ Հնարավոր են նաև ծանր բարդություններ, սրտի, ծայրամասային նյարդերի, երիկամների ախտահարումներ։ Մարմնի ջերմաստիճանի բարձրացման և կոկորդի ցավերի ժամանակ հիվանդին պետք է պառկեցնել, հնարավորության դեպքում մեկուսացնել և բժիշկ հրավիրել։

Դ-ով հիվանդին անհրաժեշտ է հոսպիտալացնել։ Հիվանդի հետ շփված երեխաներին թույլատրվում է հաճախել մանկական հիմնարկություն՝ նրանց մեկուսացնելուց, բնակարանը վարակազերծելուց և քթի ու բկանցքի լորձի բակտերիաբանական հետազոտության բացասական արդյունք ստանալուց հետո։ Հիվանդացածներին թույլատրվում է մանկական հիմնարկներ հաճախել հիվանդանոցից դուրս գրվելուց հետո՝ բակտերիաբանական հետազոտության կրկնակի բացասական արդյունք ստանալու դեպքում։ Դ-ի կանխարգելման համար կարևոր են պատվաստումները (տես նաև Կանխարգելիչ պատվաստումներ, Մանկական վարակիչ հիվանդություններ, Հակահամաճարակային միջոցառումներ