ՏՏՀ/Եղնջացան
ԵՂՆՋԱՑԱՆ, հիվանդություն, որի դեպքում մաշկի վրա ի հայտ է գալիս ուժեղ քորվող ցան՝ նման եղինջով դաղելուց առաջացած բշտիկներին (այստեղից՝ անվանումը)։ Ե. օրգանիզմում ալերգիական ռեակցիաների առկայության հետևանք է (տես Ալերգիա): Առավելապես պայմանավորված է որոշ սնընդամթերքի (հաճախ ձու, ելակ, շոկոլադ, ցիտրուսներ, մեղր, ձկան որոշ տեսակներ) և դեղորայքային պատրաստուկների (առավելապես հակաբիոտիկներ) նկատմամբ օրգանիզմի անհանդուրժողականությամբ։
Քրոնիկական, պարբերաբար վերսկսվող, երբեմն մի քանի ամիս տևող Ե., որպես կանոն, պայմանավորված է ներքին օրգանների (լյարդ, ստամոքսաղիքային համակարգ, երիկամներ) հիվանդությունների, նյութափոխանակության խանգարումների, դանդաղ ընթացող վարակիչ հիվանդությունների օջախների, նշիկների (տոնզիլիտ), քթի հավելյալ ծոցերի (հայմորիտ), ականջի (օտիտ) քրոնիկական բորբոքումների առկայությամբ։
Հիվանդությունն սկսվում է հանկարծակի, մեծամասամբ բշտիկներն անհետանում են մի քանի ժամից։ Երբեմն հիվանդությունը ձգձգվում է և ուղեկցվում մարմնի ջերմաստիճանի բարձրացմամբ, ընդհանուր թուլությամբ։ Կոկորդի լորձաթաղանթի վրա ցաների առաջացումն ուղեկցվում է հազով, հազվադեպ շնչահեղձությամբ։ Բուժումը կատարվում է բժշկի նշանակմամբ։ Խորհուրդ է տրվում պահպանել կաթնաբուսական սննդակարգ՝ օրաբաժնում բացառելով ալերգիա առաջացնող սննդամթերքը, ինչպես նաև սուր ճաշատեսակները և ապուխտները։ Քորը թեթևացնելու համար հարկավոր է ախտահարված հատվածին դնել սառը կոմպրես, ընդունել տաք լոգանք, մաշկը սրբել սոդայի լուծույթով (1 թեյի գդալը 1 բաժակ ջրին), օղիով, վաղենակի թուրմով։ Հիվանդության կրկնվելուց խուսափելու համար հարկավոր է հայտնաբերել օրգանիզմի զգայունությունը բարձրացնող սննդամթերքը և դեղամիջոցները, դադարեցնել դրանց օգտագործումը։