ՏՏՀ/Եգիպտացորեն
ԵԳԻՊՏԱՑՈՐԵՆ, սիմինդր։ Ե-ի հասած հատիկները շատ սննդարար են. պարունակում են ածխաջրեր, սպիտակուցներ, ճարպեր, կալիումի, ֆոսֆորի, մագնեզիումի, կալցիումի հանքային աղեր, վիտամիններ։
Ե-ի հատիկներից պատրաստում են ալյուր և ձավարի տարբեր տեսակներ, վերջիններից՝ Ե-ի փաթիլներ, փքուն հատիկներ, ձողիկներ։
Ե-ի փաթիլները, փքուն հատիկները և ձողիկները լրացուցիչ խոհարարական մշակում չպահանջող, լավ յուրացվող սննդարար մթերք են. շատ օգտակար են երեխաներին (տաք կաթով եփած շիլա)։ Գիրության հակված մարդկանց և շաքարախտով հիվանդներին խորհուրդ չի տրվում օգտագործել շաքարով մշակած Ե-ի փաթիլներ ու քաղցր ձողիկներ։
Ե-ի փաթիլները, ձողիկները և փքուն հատիկներն անհրաժեշտ է պահել չոր տեղում։ Փափկած փաթիլները կարելի է չորացնել ջեռոցում։
Ե-ի փաթիլներով քաղցրաբլիթներ. 2 ձվի սպիտակուցը հարել մինչև պինդ փրփուրի գոյանալը, հարելով քիչ-քիչ ավելացնել վանիլինի հետ խառնած 3/4 բաժակ շաքարավազ, ապա 2 բաժակ Ե-ի փաթիլներ, 1/2 բաժակ լվացած չորացրած չամիչ։ Ստացված զանգվածը գդալով դնել յուղած սաճի վրա և թխել 30-40 րոպե ոչ շատ տաք ջեռոցում (մինչև թեթև կարմրելը)։ Պատրաստ լինելուն պես քաղցրաբլիթները վերցնել թիակով և դնել ափսեի մեջ։
Ռումինիայում, Մոլդովայում և Կովկասում (հատկապես Վրաստանում) Ե-ի ալյուրից կամ մանրաձավարից պատրաստում են, այսպես կոչված, մամալիգա, որի համար ալյուրը կամ ձավարը եփում են ջրով և ստացված թանձր շիլան մատուցում կաթով։ Երբեմն շիլան տարածում են 5-6 սմ հաստության շերտով, հովացնում, պնդանալուց հետո բաժանում են կտորների և օգտագործում հացի փոխարեն։
Ե-ի ձավարով շիլա. ձավարը լցնել եռացող ջրի կամ կաթի մեջ և անընդհատ խառնելով եփել մարմանդ կրակի վրա 20-25 րոպե։ Մատուցել կարագով։
1 բաժակ ձավարին՝ 2 բաժակ ջուր կամ կաթ, 1/2 թեյի գդալ աղ. կարագը և շաքարավազը՝ ըստ ճաշակի։
Տնային խոհանոցում օգտագործում են շաքարային Ե., որի բերքը հավաքում են կաթնային հասունացման շրջանում։ Շաքարային Ե-ի կողրերն օգտագործում են աղ արած ջրում եփած (1-1 1/2 ժամ)։ Մատուցում են կարագով տաք վիճակում։
Թարմ սառեցրած շաքարային Ե. (կողրերը կամ հատիկները), ինչպես և թարմ Ե., օգտագործում են եփած (առանց նախնական հալեցման)։
Պահածոյած Ե. կարագով. Ե-ի պահածոյած հատիկները և լցվածքը շուռ տալ տապակի կամ կաթսայի մեջ, եռման հասցնել, շուռ տալ փլավքամիչի մեջ և կարագ ավելացնել։
1 բանկա պահածոյին՝ 2 ճաշի գդալ կարագ։
Շաքարային Ե-ի ապուրախյուս. 1 բանկայի (350 գ) պարունակությունը շուռ տալ փլավքամիչի մեջ։ Ե-ի հատիկներն անցկացնել մսաղացով, լցնել կաթսայի մեջ, ավելացնել 3 բաժակ ջուր։ Կաթսան դնել կրակի վրա և խյուսը եռման հասցնել։ 2 ճաշի գդալ ցորենի ալյուրն առանձին բովել 2 ճաշի գդալ կարագով, ավելացնել 2-3 բաժակ տաք կաթ, հասցնել եռման, խառնել Ե-ի խյուսի հետ և եփել 15-20 րոպե։ Խառնուրդն անցկացնել մաղով, տաքացնել, ավելացնել աղ և 2 ճաշի գդալ կարագ։ Ապուրը մատուցել բովահացով կամ Ե-ի փաթիլներով։