Jump to content

ՏՏՀ/Երգեցիկ թռչուններ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԵՐԳԵՑԻԿ ԹՌՉՈՒՆՆԵՐ, տանը թռչուններ պահելը հաճելի զբաղմունք է։ Այն սովորեցնում է հոգատար լինել բնության և կենդանի էակների նկատմամբ

Ե. թ. լինում են հատիկակեր և միջատակեր։ Հատիկակեր Ե. թ. են սերինոսները, հատբեկիչները, կանաչ սերինոսները, ամուրիկները, դեղձանիկները, կանեփուկները, խաչկտուցները, թութակները, խածկտիկները, ազնվասարեկները, կարմրակատարները, թանձրակտուցները ևն։ Միջատակեր Ե. թ. են կարմրատուտները, կեռնեխները, արտույտները, սիտեղները, արշալուսիկները, երաշտահավերը, սարյակները, շիկահավերը, սոխակները ևն։ Ճիշտ խնամելիս թռչունները վանդակում ապրում և երգում են մինչև 25 (երբեմն ավելի) տարի։ Առավել արագ են ընտելանում ազնվասարեկները, խածկտիկները, խաչկտուցները, արշալուսիկները, սարյակները, երաշտահավերը։ Ընտելացվել և վանդակում հաջողությամբ բազմանում են արտաքին տեսքով և երգով միմյանցից տարբերվող շատ ցեղերի դեղձանիկները։ Հիանալի երգում են կեռնեխները, սոխակները, սարյակները, կարմրատուտները, երաշտահավերը, արշալուսիկները։ Լավ են երգում նաև ազնվասարեկները, կարմրակատարները, ամուրիկները, կանեփուկները, խաչկտուցները։ Խածկտիկին և կանաչ սերինոսին պահում են գեղեցիկ փետրածածկի, թութակներին՝ նաև հնչյուններ ու բառեր վերարտադրելու համար։

Վանդակներ։ Փոքր թռչունների (խածկտիկ, ազնվասարեկ, կարմրակատար ևն) վանդակների երկարությունը պետք է լինի 40-50 սմ, լայնությունը՝ 35-45 սմ, բարձրությունը՝ 30-40 սմ։ Նեղ վանդակներում թռչունները պատերին դիպչելով կոտրում են իրենց թևերի և պոչի փետուրները, ուստի քիչ են շարժվում և ճարպակալում են։ Մեծ վանդակում թռչունները երկար ժամանակ վախվորած են լինում։ Արտույտների և մյուս ցամաքաբնակ թռչունների վանդակի հատակը պետք է փոքր-ինչ ավելի մեծ լինի այդ տեսակի թռչունների համար նախատեսված վանդակի հատակից։ Ունենալով վանդակի նմուշը՝ կարելի է ցանկացած մեծության վանդակ պատրաստել։ Վանդակը հեշտությամբ մաքրելու համար պետք է կրկնակի հատակ պատրաստել. ներքևինը՝ անշարժ, վերինը՝ շարժական, ցածր պատերով արկղի ձևով։ Շարժական հատակի վրա կողքից պատրաստվում է նեղ փայտե արկղ՝ կտաման։ Ջրի համար դրվում է ճենապակե կամ ապակե ջրաման (կարելի է աղաման օգտագործել)։ Վանդակի հատակին հաստ շերտով փռում են գետի մաքուր ավազ, որը ներծծում է աղտոտությունը։ Ավազահատիկները նպաստում են նաև թռչունների մարսողությանը։ Բացի արտույտներից ու լորերից բոլոր թռչունների վանդակներում տեղադրվում են 8-12 մմ տրամագծով հղկած 2 թառ։ Վանդակում սովորաբար պահում են մեկ թռչուն, իսկ ավելի մեծ թվով թռչուններ կարելի է պահել մեծ վանդակում (վոյլեր)։ Վանդակը կախում են լուսավոր, միջանցիկ քամուց պաշտպանված տեղում։ Ե. թ. չեն դիմանում ջերմաստիճանի և օդի խոնավության կտրուկ փոփոխություններին։

Վանդակում ապրող թռչունները խիստ զգայուն են ուժեղ լույսի, աղմուկի, կտրուկ շարժումների, մոտակա կատվի, շան նկատմամբ, որոնցից սաստիկ վախենում են և կարող են սատկել։ Դժվար ընտելացող թռչունի վանդակը պետք է սենյակում կախել մարդու հասակից բարձր տեղում։ Նոր բերված թռչունին պետք է 14 օր պահել առանձին, քանի որ շատ հիվանդությունների թաքնված միջին շրջանը 14 օր է։

Լորերի, արտույտների, սոխակների և որոշ շիկահավերի վանդակների առաստաղի մետաղալարերը պետք է փոխարինել փափուկ գործվածքով, քանի որ այդ թռչունները վախենալիս ուղղաձիգ վեր են թռչում և կարող են վնասել գլուխը։

Խորհուրդ չի տրվում վանդակում դնել զարդարանքներ. դրանք կարող են դառնալ մակաբույծների թաքստոց։

Կերակրումը և խնամքը. Ե. թ-ի կերը պետք է լինի հնարավորին չափ բազմազան և նմանվի ազատության մեջ նրանց օգտագործած կերին։

Հատիկակեր թռչուններին կերակրում են կորեկով, վուշով և սերինոսահատիկով, շաղգամի, եղևնու ու սոճու սերմերով, վարսակով, վարսակաձավարով ևն։ Արևածաղկի և կանեփի սերմերը ցանկալի կեր են շատ թռչունների համար, սակայն դրանց չափից ավելի օգտագործումից թռչունները կուրանում են և սատկում։ Կանեփի սերմերը պետք է լավ խաշել եռման ջրով, որպեսզի քայքայվի կանարին կոչվող թունավոր նյութը։ Թռչունների լավ կեր են ընկույզը և մայրու սերմերը, որոնք ևս պետք է տալ չափավոր քանակությամբ և ոչ հաճախ։ Կերը պետք է լինի բազմազան՝ ըստ թռչունների տեսակի։ Այսպես, խորհուրդ է տրվում ազնվասարեկին կերակրել արևածաղկի ճզմած սերմով, կանեփուկի կերին պետք է ավելացնել քերած գազար և մրջնաձու, կարմրակատարին պետք է տալ կռոթուկի սերմեր, ամուրիկին չի կարելի կերակրել արևածաղկի և կանեփի սերմերով, նա կկուրանա։ Խածկտիկը հաճույքով ուտում է բռինչի և արոսենու հատապտուղներ, խաչկտուցը՝ եղևնու և սոճու սերմեր, դրախտապանը՝ կորեկ։ Չի կարելի թռչուններին կերակրել կեղտոտված, փոշոտված, դառը կամ խակ սերմերով ու հատիկներով։ Հատիկակեր թռչուններին պետք է տալ ոչ մեծ քանակությամբ կերակրի աղ, երկաթի արջասպ և մանրացրած փայտածուխ։

Միջատակեր թռչունների հիմնական կերը եռացրած ջրով կամ կաթով խաշած մրջնաձվերը և, հատկապես, անտառային շեկ խոշոր մրջյունների չոր «ձվերն» են։ Պիտանի չեն սև, մանր և վառ դեղին հողի մրջյունների «ձվերը»։

Թռչուններին բռնելուց հետո սկզբում նրանց պետք է տալ ալրաորդեր (օրական 10-12 հատ), արտույտներին նաև մանր հատիկային կեր, երաշտահավերին՝ փոքր քանակությամբ արևածաղկի ճզմած սերմ և եփած կանեփ։

Թռչուններին ըստ սննդի հատիկակերների և միջատակերների բաժանելը զուտ պայմանական է, որովհետև հատիկակերները կարիք անեն նաև կենդանական կերի։ Միջատակեր շատ թռչուններ հաճույքով սնվում են նաև հատապտղով ու բույսերի սերմերով։ Միջատակեր և հատիկակեր թռչունների համար լավ կեր է մանրացրած գազարի, պաքսիմատի և մրջյունների «ձվերի» խառնուրդը (1 մաս գազար, 1 մաս պաքսիմատ և 1-2 մաս մրջնաձու խառնում են մինչև խառնուրդը դադարի կպչել մատներին)։ Կերախառնուրդին ավելացվում է ձվի մանր ծեծած կեղև։ Թռչունները լավ են ուտում պինդ շիլաներ (ձավարի, վարսակի, սպիտակաձավարի, բրնձի), աղացած միս (հում և եփած), թանթրվենու և արոսենու հատապտուղներ, մրգեր։ Նշված թռչուններին պետք է կերակրել նաև թարմ կանաչիով, կաղամբով, կեչու տերևներով, սենյակում ծլած ցորենի, վարսակի հատիկներով։ Կանաչ սոխը թունավոր է թռչունների համար։

Հատիկակեր թռչաններին պետք է կերակրել օրական մեկ անգամ (առավոտյան), միջատակերներին (որոնց կերն ամռանը շուտ փչանում է)՝ երկու անգամ, այնպես, որ կերի մի մասը մնա մինչև հաջորդ կերակրումը։ Ջուրը պետք է փոխել ամեն օր։

Հատիկակեր թռչունների վանդակը խորհուրդ է տրվում մաքրել շաբաթը մեկ, իսկ միջատակերներինը՝ 2 անգամ՝ փոխելով հատակի ավազը, մաքրելով վանդակի կողապատերի աղբն ու կեղտը։

Ե. թ., ինչպես և մյուս կենդանիները, հիվանդանում են վարակիչ և ոչ վարակիչ հիվանդություններով։ Նախատրամադրող գործոններից են վանդակում շարժվելու տեղի պակասը, ինչպես նաև այն կերերի անբավարարությունը, որով նշված թռչունները սնվում էին ազատ պայմաններում։ Ե. թ-ի հիվանդությունների ընդհանուր նշաններն են ախորժակի բացակայությունը, թուլությունը, քնկոտությունը։ Հիվանդ թռչունը շատ է նստում, փակում է աչքերը, անընդհատ կկոցում, գլուխը թաքցնում է թևերի տակ։ Փետուրները կորցնում են փայլը, դառնում են չոր, ոչ առաձգական, գզգզված, թևերը կախ են ընկնում։ Տենդի ժամանակ թռչունը հաճախ ջուր է խմում։ Հիվանդության նշաններով թռչունին պետք է ցույց տալ անասնաբույժին։

Եթե ուզում եք ձեր պահած թռչուններին գարնանը բաց թողնել, պետք է իմանաք, որ վանդակում թռչունը կորցնում է իր բնական հմտությունները և պետք է աստիճանաբար հարմարվի բնության մեջ ապրելուն։ Մարդու բնակավայրի մոտ ազատ արձակված թռչունը հաճախ սատկում է, ուստի պետք է նրան բաց թողնել հեռու վայրերում՝ այդ տեսակի թռչունների ապրելատեղի մոտ։ Միաժամանակ պետք է հիշել, որ ընտելացված թռչուններին կարելի է բաց թողնել միայն ձնհալից հետո (այլապես նրանք կարող են քաղցից սատկել)։ Չի կարելի բաց թողնել վատ թռչող կամ մի քանի տարի վանդակում ապրած թռչուններին։ Եթե որոշել եք գարնանը բաց թողնել թռչունին, ապա ձմռանը նրան պահեք մեծ վանդակներում, որտեղ շարժվելիս թևերը չվնասվեն։