Jump to content

ՏՏՀ/Զբոսաշրջություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ, զբոսաշրջային արշավները, ճանապարհորդությունները, էքսկուրսիաները ակտիվ հանգստի տարածված ձևեր են, առողջության ամրապնդման կարևորագույն միջոց։ Ճանապարհորդությունները նպաստում են մարդու բազմակողմանի զարգացմանը, ընդլայնում նրա մտահորիզոնը, հարստացնում նոր գիտելիքներով աշխարհագրության, պատմության և մշակույթի բնագավառներում, զարգացնում հայրենասիրության, ընկերասիրության զգացումները, կամքը և տոկունությունը, դաստիարակում սեր բնության նկատմամբ։

Իրենց բովանդակության, երկարատևության, փոխադրամիջոցների և կազմակերպման ձևերի բազմազանությամբ արշավներն ու ճանապարհորդությունները կոփում և ամրապնդում են մարդու օրգանիզմը, նպաստում օգտավետ հմտությունների մշակմանը, սովորեցնում են կողմնորոշվել անծանոթ տեղանքում, օգտվել կողմնացույցից և քարտեզից, հաղթահարել տարբեր խոչընդոտներ, ուտելիք պատրաստել, ցույց տալ առաջին բուժական օգնություն։ Տարբերում են պլանավորված (ուղեգրով) և ինքնագործ (ինքնուրույն) ճանապարհորդություններ։

Պլանավորված ճանապարհորդությունները կատարվում են զբոսաշրջային կազմակերպության կողմից ըստ մշակած և նախապատրաստած երթուղով՝ հանգրվաններում զբոսաշրջիկներին հատկացնելով տեղ և սնունդ, ապահովելով տրանսպորտային, էքսկուրսիոն և այլ ծառայություններով։

Երիտասարդների և միջին տարիքի մարդկանց համար հետաքրքիր են տեղաշարժման ակտիվ եղանակով՝ ոտքով, դահուկով, նավակով, լաստով ճամփորդելը։ Տարեց կամ ֆիզիկական ոչ բավարար պատրաստականություն ունեցող մարդկանց համար կազմակերպվում է հանգիստ որոշակի վայրում՝ զուգակցված զբոսանքների և հեռավոր ուղևորությունների հետ։ Երեխաներով ծնողների համար կան մշակված և համապատասխան ձևով սարքավորված երթուղիներ։ Հեռավոր երթուղիներ սիրողների համար կազմակերպվում են ճանապարհորդություններ գնացքով, նավով, ավտոբուսով, ինքնաթիռով։ Զբոսաշրջիկներին հնարավորություն է տրվում ծանոթանալ ճարտարապետական կոթողներին, նորակառույցներին, այցելել թանգարաններ, հանգստանալ ծովափին ևն։

Ինքնագործ ճանապարհորդությունները (ոտքով, դահուկներով, հեծանվով, ավտոմոբիլով, մոտոցիկլետով՝ քարանձավներով, ջրերով, լեռներով) սովորաբար կազմակերպում են զբոսաշրջային և մարզական ակումբները, հիմնարկ-ձեռնարկությունների, ուսումնական հաստատությունների, դպրոցների մարզախմբերը։ Ճանապարհորդության նախապատրաստման և անցկացման ընթացքում զբոսաշրջիկները ինքնուրույն են լուծում երթուղիներն ընտրելու և անցնելու բոլոր հարցերը։ Հաստատված կանոնների համաձայն արշավների պետք է մեկնել առնվազն 4 մարդուց բաղկացած խմբերով։

Կիրակնօրյա արշավների հեռավորությունը, որպես կանոն, մեծ չէ, զբոսաշրջիկների տարիքային կազմը չի սահմանափակվում, մեծահասակների հետ կարող են մասնակցել նաև երեխաները՝ անգամ նախադպրոցական տարիքի։ Կիրակնօրյա արշավի զբոսաշրջային խմբերը ձևավորում և երթուղիները մշակում է զբոսաշրջային բակային բաժանմունքը, որի բացակայության դեպքում կարելի է դիմել շրջանային կամ քաղաքային զբոսաշրջային ակումբ, էքսկուրսիաների և Զ-յան գծով մարզական կամավոր խորհուրդ, ընկերության խորհուրդ կամ մասնակցել հայտարարված արշավներին։

Երթուղու ինքնուրույն մշակումը պետք է սկսել արշավի նպատակի պարզաբանումից, խմբի բոլոր մասնակիցների համար երթուղու մատչելիությունից և տարվա տվյալ եղանակին անցկացման հնարավորությունից։ Երթուղին կարող է լինել օղակաձև կամ գծային։ Խորհուրդ չի տրվում վերադառնալ արդեն անցած ճանապարհով։ Եթե արշավի հիմնական նպատակը օբյեկտներ այցելելն է, ապա պետք է նախապես տեղեկություն ունենալ դրանց աշխատաժամերի և այցելելու պայմանների մասին։

Շոգ ամռանը երթուղին պետք է անցնի անտառով՝ հանգստի համար ընտրելով ստվերոտ տեղ գետափին կամ առվակի մոտ։ Գիշերելու վայրը պետք է հասնել մութն ընկնելուց 1,5-2 ժամ առաջ։ Աշնանը հաճախ են գնում բաց տեղանքով։ Ձմեռային երթուղիների բնույթը մեծ մասամբ որոշվում է դահուկներով քայլելու կարողությամբ։ Սկսնակների համար ճանապարհը պետք է ընտրել հանգիստ գետերի հովիտներով, երկար, թեթև զառիվայրով, ցանկալի է փշատերև անտառով պատված տեղանքով։ Գարնանը արշավների երթուղիները պետք է անցնեն կավահորից և հեղեղատներից հնարավորին չափ զուրկ, բարձր, չոր տեղերով։

Ըստ տեղամասերի նախապատրաստման և ընտրված փոխադրամիջոցների եղանակի, արշավի տևողությունը տատանվում է մի քանի ժամից մինչև 3 օր (10-50 կմ երկարությամբ երթուղու դեպքում)։ Երթուղու երկարությունը որոշվում է քարտեզով, սակայն հիմնական ճանապարհից չնախատեսված շեղումների պատճառով (կախված սխեմայի անճշտությունից, խոչընդոտների շրջանցումից ևն) այն, որպես կանոն, ավելանում է 15-20 %-ով։

Բազմօրյա ճանապարհորդությունները կարող են անցկացվել ամենուրեք։

Երթուղու մշակումը սկսվում է ճանապարհորդության շրջանի նախնական ուսումնասիրությունից, որի համար խորհուրդ է տրվում օգտվել զբոսաշրջային ուղեցույցներից։ Երթուղին պետք է կազմել արշավային ծանրաբեռնվածությունը հնարավորին չափ նվազեցնելու հաշվարկով։ Խորհուրդ է տրվում նշել այն կետերը, ուր կարելի է նախապես հասցնել հանդերձանքի և պարենի մի մասը։ Նպատակահարմար է ստեղծել, այսպես կոչված, հենակետային ճամբարներ, որտեղից կարելի է կատարել շառավղային արշավներ քաշային նվազագույն ծանրաբեռնվածությամբ։ Բացի հիմնական երթուղուց, կազմվում է պահեստային պարզ տարբերակ, որն օգտագործվում է հիմնական ճանապարհով շարժվելու անհնարինության դեպքում (վատ եղանակ, գետերի վարարում, հիվանդություն ևն)։ Ճանապարհի ամենադժվար հատվածները և առավել հետաքրքիր վայրեր այցելելը պլանավորվում է երթուղու երկրորդ մասում։ Երթուղու մշակումն ավարտվում է ճանապարհորդության օրացուցային մանրամասն պլանի կազմումով՝ հաշվի առնելով ցերեկային անցումների տևականությունը։

Ճանապարհորդության ձևակերպումը։ Երթուղային գրքույկը (երթուղին անցնելու իրավունք տվող փաստաթուղթ) ստանալու համար զբոսաշրջիկները պետք է լրացնեն հայտագրի 2 օրինակ, հաստատեն ճանապարհորդությունը անցկացնող կազմակերպությունում և ներկայացնեն երթուղին որակավորող հանձնաժողովին։ Վերջինս ստուգում է երթուղու մշակման ճշտությունը և զբոսաշրջիկներին տալիս երթուղային գրքույկ՝ նշելով ճանապարհորդության մասին իր եզրակացությունը։ Այդ փաստաթղթի և խմբի յուրաքանչյուր անդամի առողջության մասին բժշկական տեղեկանքի հիման վրա համապատասխան կազմակերպությունը թույլ է տալիս մասնակցել արշավին։ Ճանապարհորդության վերջում զբոսաշրջիկները ստանում են տեղեկանք, որի հիման վրա (տարբեր աստիճանի բարդություն ունեցող ճանապարհորդությունների կատարման անհրաժեշտ քանակի դեպքում) նրանց տրվում է մարզական համապատասխան կարգ։

Ջրով ճանապարհորդությունների հիմնական փոխադրամիջոցներն են բայդարկաները, նավակները և լաստերը։ Յուրաքանչյուր զբոսաշրջիկ պարտավոր է ունենալ փրկագոտի, փրկաբաճկոնակ կամ փրկաշրջան։ Երթուղին մշակելիս զբոսաշրջիկները պետք է հաշվի առնեն գետի թեքությունը, ոլորանները, ընթացքի արագությունը, ծանծաղուտների, փլվածքների, սահանքների, ջրարգելակների առկայությանը։ Մեծ թեքության և հոսանքի մեծ արագության դեպքում հնարավոր են վթարային իրավիճակներ։ Սկսնակներին խորհուրդ չի տրվում ճանապարհորդել այդպիսի գետերով։ Թիակներով շարժման փաստացի արագությունը հոսանքին հակառակ 1-2 կմ/ժամ է։

Բայդարկաներով և նավակներով ճանապարհորդելիս պետք է ընթանալ միմյանցից 30-50 մ հեռավորությամբ, խոչընդոտներն անցնել հերթականությամբ, դրանց մոտենալիս առջևից պետք է ընթանա առավել փորձառու անձնակազմը, նրա հետևից, առանձնապես չհեռանալով ափից, գնում են մյուսները։ Սկսնակների համար ոչ մեծ հարթավայրային գետերում նավակների շարժման առավել հարմար գիծը գլխավոր հոսքն է։ Այստեղ պետք է անցնել խորը տեղերով, որպեսզի ըստ նավուղու հաղթահարել տարբեր խոչընդոտներ և արդյունավետ օգտագործել հոսանքի արագությունը։ Արագընթաց (օրինակ, նախալեռնային) գետերում ցանկալի է շարժումն ուղղել հրվանդանից հրվանդան՝ գլխավոր հոսքը կտրելով միջընթացքներում։

Լեռնային ճանապարհորդությունները զբոսաշրջիկներից պահանջում են ֆիզիկական զգալի պատրաստվածություն և խիստ կտրտված տեղանքով տեղաշարժվելու որոշակի փորձ։

Անձնական հանդերձանքը համալրելիս արշավականները իրենց հետ պետք է վերցնեն լեռնագնացային երկաթածայր ցուպ և կարճափող հրացան (կարաբին), կրծքի փաթաթան կամ գոտի, բրեզենտե թաթմաններ, լրացուցիչ բրդե գուլպաներ և տաք հագուստ։ Եթե ճանապարհին նախատեսված է հաղթահարել ձյունասառցային լեռնանցք, ապա անհրաժեշտ է ունենալ սառցակոտրիչ, հեղեղաքուղ, թանզիֆե վիրակապ (չափից ուժեղ արևահարությունից պաշտպանվելու համար) և համապատասխան մարզակոշիկ։ Խմբի հանդերձանքի կարևոր պարագաները հիմնական և օժանդակ թոկերն են (30-40 մ)։

Լեռնային արշավների ժամանակ օրվա կարգուկանոնը սովորաբար 1-2 ժամով «տեղաշարժվում է» առաջ (ոտքով ճանապարհորդության համեմատ)։ Դա կապված է օրվա երկրորդ կեսին լեռներում անբարենպաստ եղանակի և ռելիեֆի որոշ առանձնահատկությունների հետ։ Այսպես, կեսօրին մեծանում է քարվեժի և ձնահյուսի վտանգը, ձյունը թացանում է և ճանապարհը դարձնում անանցանելի, լեռնային գետերը վարարում են։ Զբոսաշրջիկների շարժման գծի ընտրությունը լեռներում որոշվում է արահետների առկայությամբ։ Տեղաշարժումը պետք է լինի շարասյունով՝ մեկական։ 10-15 րոպեն մեկ ուղղաբերձ հատվածներում կարելի է 1-2 րոպե դադար առնել։ Արահետներ չլինելու դեպքում կամ անծանոթ լեռնանցքին մոտենալիս պետք է հետազոտել ճանապարհը։

Հեծանվով ճանապարհորդությունը սկսնակ զբոսաշրջիկների համար սովորաբար անցկացվում է հարթ և ուղիղ ճանապարհներով։ Ցանկալի է խմբի կազմն ընտրել այնպես, որ բոլոր ճանապարհորդներն ունենան գրեթե միևնույն հեծանվատեխնիկական պատրաստվածությունը։ Ճանապարհորդության ժամանակ հարմար են ճանապարհային հեծանիվները, որոնց բեռնատեղը պետք է լինի թեթև, ամուր և տարողունակ։ Նպատակահարմար է նաև հեծանվի հենոցի վրա տեղակայել հատուկ ճամպրուկ կամ պայուսակ։ Հեծանվորդը կռնակին բեռ չպետք է կրի։ Անպայմանորեն պետք է ունենալ գործիքներ, պահեստամասեր և նյութեր հեծանվի նորոգման համար:

Հեծանվորդները շարժվում են շարասյունով՝ մեկը մյուսից 3-5 մ հեռավորությամբ։ Խորհուրդ է տրվում յուրաքանչյուր 30-40 րոպեն մեկ իջնել հեծանվից, 2-3 րոպե քայլել ոտքով, այնուհետև 5-10 րոպե հանգստանալ։ Մեկ օրում 12-15 կմ/ժամ միջին արագությամբ առանց դժվարության կարելի է հաղթահարել 40-70 կմ։

Մոտոցիկլետով և ավտոմոբիլով ճանապարհորդությունը գերադասելի է կատարել մի քանի մեքենայից բաղկացած խմբով։ Ցանկալի է յուրաքանչյուր անձնակազմում ունենալ 2 վարորդ՝ իրար փոխարինելու համար։

Երթուղին մշակելիս ճանապարհորդության ժամանակամիջոցի երրորդ կամ քառորդ մասը պետք է անցնել ոտքով (էքսկուրսիաներ) և հանգստով։ Մոտո- և ավտոզբոսաշրջիկների ցերեկային վազքատարածությունը բարեկարգ ճանապարհներով չպետք է անցնի 300-500 կմ-ից, կողմնուղիներով՝ 150-200 կմ-ից։

Մեքենան ճանապարհորդության նախապատրաստելիս պետք է ստուգել ու կարգավորել շարժիչը, էլեկտրասարքավորումը, ընթացքային մասը, համալրել բեռնատեղերը։ Խմբային հանդերձանքի մեջ նպատակահարմար է ներառնել հատուկ վրաններ, անհրաժեշտ նյութեր և գործիքներ զբոսաշրջային ճամբար սարքավորելու, երթուղու դժվարանցանելի տեղամասերը հաղթահարելու համար։

Զբոսաշրջիկի հանդերձանքը լինում է անձնական՝ հագուստ, կոշիկ, ուսապարկ, ննջապարկ կամ վերմակ, և խմբային՝ վրան, ամանեղեն, սննդամթերք, դեղարկղ։ Հագուստը պետք է ընտրել տարվա եղանակին համապատասխան։ Հարմարավետ են մարզազգեստը, ամուր կտորից տաբատը կամ կովբոյական վերնաշապիկի հետ։ Հագուստը չպետք է կաշկանդի շարժումները։ Անհրաժեշտ են նաև բրդե վերնազգեստ և 2 զույգ գուլպա, ցուրտ եղանակին՝ գլխանոցով մարզաբաճկոն, տաք ներքնահագուստ, թաթմաններ, շոգ եղանակին՝ կարճատաբատ, լողազգեստ, անթև շապիկ։ Պարտադիր են նաև լրացուցիչ սպիտակեղենն ու գուլպան, գլխարկը, լայն անձրևանոցը, սրբիչը, թաշկինակները, ցածրակրունկ ամուր կոշիկը (գարնանը և աշնանը՝ ռետինե երկարաճիտ կոշիկ)։ Հարմար է տարողունակ գրպաններով, լայն ձգափոկերով ցանկացած ուսապարկը, որի տակ պետք է կարել լրացուցիչ միջադիր և անջրանցիկ պոլիէթիլենային ներդիր։

Կարևոր է ուսապարկի մեջ իրերը ճիշտ տեղավորելը։ Թիկունքի մոտ պետք է դասավորել փափուկ իրերը, այնպես, որ նրանք հավասարաչափ հպվեն կռնակին և շարժվելիս չխանգարեն։ Ծանր առարկաները՝ պահածոները, սննդամթերքը, դնում են ուսապարկի հատակին։ Իրերով հատկապես խիտ պետք է լցնել ուսապարկի ներքևի անկյունները։ Մանր առարկաները նախապես պետք է դասավորել տոպրակների կամ ծրարների մեջ։ Սուր և կտրող առարկաները՝ դանակները, ասեղները, պետք է դնել պատյանների մեջ։ Ուսապարկին չի կարելի կապել դույլ կամ կոշիկ, ծանրաբեռնել նրա հետևի գրպանները ծանր առարկաներով։ Հարմարավետ է փչովի ներքնակով, սավանով թեթև ննջապարկը։ Կարելի է սահմանափակվել բրդե վերմակով կամ ծածկոցով, իսկ ներքնակի փոխարեն օգտագործել փրփրապլաստ կարպետ։

Ամանեղենից անհրաժեշտ են տափաշիշ և կաթսայիկ, թաս, գավաթ (գերադասելի է թեթև պոլիէթիլենե գավաթը), գդալ, ծալովի դանակ։

Երեխաներին արշավների տանելիս անհրաժեշտ է ուսապարկի մեջ դրվող մանկական աթոռակ կամ հատուկ բազկաթոռ (ուսապարկի նման ամրացվում է մեջքին)։ Դահուկային արշավների ժամանակ գործածում են մանկական դահուկների վրա դրված սահնակ։

Հարմարավետ են թեթև, ծալվող վրանները (2-4 մարդու համար), որոնց տանիքը վատ եղանակին կարելի է ծածկել պոլիէթիլենե թաղանթով։ Փայտերն ու ցցօղակները վերցվում են նախապես։ Վրանի փոխարեն կարելի է օգտագործել ինքնաշեն վրանածածկ՝ բրեզենտե թեթև կտորից կամ ռետինապատ կապրոնից։

Խոհանոցի պարագաներն են՝ 2-3 դույլ կամ կաթսա, տապակներ, շերեփներ, ամանների ծածկոց, խարույկի մոտ աշխատելու համար բրեզենտե թաթմաններ, մոմլաթ՝ ինքնաշեն «սեղանի» համար։

Եթե զբոսաշրջիկներն իրենց հետ չեն վերցնում դյուրատար գազօջախ, ապա կերակուր պատրաստելիս խարույկի համար անհրաժեշտ է ունենալ բարակ ճոպանիկ (կաթսան կախելու համար), բարձակ, կեռիկ և շղթայիկ՝ կրակի վրա կաթսայի բարձրությունը կարգավորելու համար։ Ամեն խումբ պետք է ունենա պատյանում պահվող 1-2 կացին։

Յուրաքանչյուր զբոսաշրջիկ պետք է ունենա կողմնացույց, արևի ակնոց, անհատական բժշկական փաթեթ, միջատներից, արևայրուքից պաշտպանվելու քսուքներ, գրպանի լապտեր, օրագիր՝ գրանցումների համար։ Դրամը և փաստաթղթերը պետք է պահել պոլիէթիլենե ծրարում, լուցկին փաթաթել անջրանցիկ նյութով

Սննդամթերքը։ Միօրյա արշավի մասնակցելիս պետք է վերցնել բուտերբրոդներ, պաքսիմատ, միրգ, բանջարեղեն, մրգահյութ, քաղցր թեյ կամ սուրճ։

Բազմօրյա արշավի համար նախապես պետք է կազմել մեկ մարդու միջին օրաբաժինը՝ ելնելով բերվող աղյուսակի սննդամթերքի քանակից (գ-ներով).

հաց (սև, սպիտակ) ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ 400-500

պաքսիմատ (չոր հաց) ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ 250-300

ձավարեղեն (և մակարոն) ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ 180-200

արգանակի խտանյութ, չոր միրգ ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ 30-50

պահածոյամիս, երշիկեղեն ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ 100-150

կարագ 40-50 կաթ (չոր, խտացրած)․․․․․․․․․․50-80

պանիր․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․30-40

շաքար-քաղցրավենի․․․․․․․․․․120-150

աղ, թեյ, սուրճ, չիր ևն։

Բազմօրյա արշավների ժամանակ զբոսաշրջիկները օրական 3 անգամ պետք է տաք սնունդ ընդունեն։ Քայլելու ընթացքում խմել չի կարելի։ Խորհուրդ է տրվում միայն ողողել բերանը, իսկ ծարավը կարելի է հագեցնել միայն նախաճաշի, ճաշի և ընթրիքի ընթացքում։ Արշավի ժամանակ զբոսաշրջիկները շարժվում են շարասյունով, մեկը մյուսի հետևից, առջևից՝ ղեկավարը, ապա թույլ պատրաստված մասնակիցները, վերջում՝ փորձառու զբոսաշրջիկը, որը կարող է օգնել հետ մնացողներին։ Չնախատեսված կանգառի ժամանակ նա նշան է անում ղեկավարին։

Կողմնորոշվում են, որպես կանոն, ըստ զբոսաշրջային գծապատկերի և կողմնացույցի։ Հորիզոնի կողմերը կարելի է որոշել ըստ արևի, բևեռային աստղի, լուսնի, ինչպես նաև ծառերի և քարերի վրա առաջացած մամուռով և այլ միջոցներով։ Եթե զբոսաշրջիկները մոլորվել են, ապա ճանապարհների բացակայության դեպքում պետք է դուրս գալ գետի ափ և գնալ ընթացքի ուղղությամբ։

Հանգստի համար պետք է ընտրել հարթ և չոր տեղ (մարգագետին, անտառի բացատ, ջրամբարի մոտակայք)։ Ցանկալի է, որ մոտերքում լինի աղբյուր և վառելիք։ Ամպամած եղանակին չի կարելի հանգստանալ բլրի գագաթին կամ բարձր ծառերի տակ։ Խիստ կարևոր է հանգստի ժամանակ հոգատար վերաբերմունք դրսևորել շրջակա միջավայրի նկատմամբ։ Զգուշություն ցուցաբերել խարույկը վառելիս, որի տեղը պետք է ընտրել ծառերից 5-6 մ հեռու։ Հեռանալիս այն պետք է հանգցնել։