Jump to content

ՏՏՀ/Թեյ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԹԵՅ, թեյազգիների ընտանիքին պատկանող մշտադալար թփի կամ ծառի չորացած տերևներից պատրաստված համեղ ու բուրավետ ըմպելիք։

Տարբերում են բայխաթեյ (հատիկավոր) և մամլված Թ-ի տեսակներ։ Բայխաթեյը լինում է սև (առավել տարածվածը), կանաչ և դեղին (սևի և կանաչի խառնուրդը)։ Բայխաթեյը պարունակում է սպիտակուցային նյութեր և ամինաթթուներ (16-25 %), պիգմենտներ (ներկանյութեր, մինչև 10 %), A, B1, B2, PP, C և այլ վիտամիններ։

Թ-ի գրգռիչ ազդեցությունը պայմանավորված է դրանում պարունակվող կոֆեինով (մինչև 4 %), որն ավելի մեղմ է ազդում, քան սրճինը և չի կուտակվում օրգանիզմում։ Թ-ի բույրը պայմանավորված է եթերայուղերով (մոտ 0,006 %), իսկ տտիպությունը՝ աղաղանյութերով (12-16 %): Կանաչ Թ. չունի յուրահատուկ բույր։ Այն տտիպ է, կապող, հագեցնում է ծարավը։ Այս տեսակը շատ է գնահատվում տաք կլիմա ունեցող շրջաններում։ Տոնուսը բարձրացնելու հատկությամբ և վիտամինների պարունակությամբ կանաչ Թ. գերազանցում է սևին։

Մամլված Թ-երը լինում են սև և կանաչ սալիկաձև, սև և կանաչ աղյուսաձև, հաբերով։ Սալիկաձև սև Թ. (ստանում են Թ-ի արդյունաբերության երկրորդական հումքից) թնդությամբ, գույնով, համով, բույրով և այլ հատկություններով նման է բայխաթեյին։ Մամլվում է 100, 150 և 200 գ-անոց փոքր ուղղանկյուն սալիկներով։ Աղյուսաձև Թ. պատրաստում են ավելի ծեր և խոշոր տերևներից, որոնք յուրահատուկ ձևով մշակում են և մամլում 2 կգ տարողության աղյուսաձև կաղապարներում։ Այս Թ. ունի տտիպ համ և թույլ բույր։ Հաբավորած Թ., ի տարբերություն աղյուսաձևի, շատ մանր աղացած ամենաբարձրորակ Թ-ի փշրանքն է, մամլված 3-5 գ-անոց հաբերով։ Երբեմն դա առանց մամլելու լցնում են փոքրիկ թղթե տոպրակների մեջ (մեկ, երկու կամ չորս բաժակ թուրմի հաշվարկով)։

Համեղ և բուրավետ թուրմ ստանալու համար խորհուրդ է տրվում Թ. մշտապես պահել չոր տեղերում, ամուր փակվող սրվակներում կամ հատուկ թեյամաներում։ Թուրմ պատրաստելիս պետք է պահպանել որոշակի կանոններ։

Լավ լվանալ թուրմի թեյամանը, 2-3 անգամ ողողել եռջրով (որպեսզի այն գոլանա), լցնել Թ. (1 թեյի գդալ՝ 2 բաժակին), սկզբում վրան ավելացնել թեյամանի ծավալի 1/2-ի չափ եռջուր։ Թուրմը պատրաստելուց հետո թեյամանը պետք է 5-7 րոպե պահել ծածկած (սրբիչով կամ հատուկ տաք ծածկոցով), որպեսզի Թ-ի գույնը դուրս տա, դրանից հետո թեյամանը լիքը լցնել եռջրով։ Թ. պատրաստ է, երբ թեյատերևները նստում են հատակին։

Խորհուրդ չի տրվում թուրմը հաջորդ օրերին նոսրացնել, տաքացնել կամ եռացնել։ Չի կարելի խմելու սոդա կամ այրած շաքար ավելացնել թուրմին. դրանից վատանում է Թ-ի համը։

Թ-ի թուրմը պատրաստում են ճենապակե կամ հախճապակե թեյամաններում։ Մետաղե թեյամանում պատրաստված թուրմն ունենում է յուրահատուկ տհաճ համ։

Սև Թ. խմում են շաքարով, մուրաբայով, մեղրով, կոնֆետով, կիտրոնով, սերուցքով կամ կաթով (նախապես տաքացրած), շաքարով կամ մեղրով եփած մրգերով, շաքարած ընկույզով և այլ քաղցրավենիքներով։ Ամռանը Թ. խմում են թարմ հատապտուղներով (մորի, ելակ, բալ ևն)։

Կանաչ Թ. սովորաբար խմում են առանց շաքարի, դրա հետ կարելի է մատուցել չորացրած մրգեր։

Թ. կարելի է պատրաստել նաև լորենու ծաղիկներից, մասուրից, ուրցից, դաղձից ևն։ Դրանց մեծ մասը բուժամիջոց է (մրսածության ժամանակ լորենու ծաղիկների և չորացրած մոռի, երիկամների հիվանդության դեպքում հապալասենու չոր տերևների Թ.)։