ՏՏՀ/Թուզ
ԹՈՒԶ, Հայաստանում աճեցնում են Սյունիքի և Տավուշի մարզերում։ Պտուղները տարբեր գույնի (սև, մուգ դարչնագույն, դեղին, կանաչ) և ձևի (կլորավուն, տափակ, տանձանման) են։
Թ-ի որոշ սորտեր տարվա ընթացքում 2 անգամ են բերք տալիս (ամռանը և աշնանը), սակայն բերքի մեծ մասը հավաքում են օգոստոսից մինչև հոկտեմբեր։ Թ-ի հասունացման և բերքահավաքի ժամկետը որոշում են պտղակեղևի վրա երկայնակի ճեղքերի և պտղաբույսի ծայրի «աչքերից» թանձր հյութի առաջացմամբ։ Այդ ընթացքում պտղամիսը քաղցրանում, լցվում է շաքարաշատ հյութով։ Թ. պետք է հավաքել առավոտվա ժամերին, ցողը վերանալուց հետո, մինչև շոգն ընկնելը, քանի որ տաքացած պտուղներն ավելի շուտ են փչանում։ Թ-ի որոշ սորտերի պտուղները չորանում են ծառին (չորացնելու համար դրանք ավելի արժեքավոր են)։
Հասուն Թ. արժեքավոր սննդամթերք է, պարունակում է 12-18 % շաքարներ, 2 մգ % C վիտամին։ Դրանցից պատրաստում են չիր, եփում ջեմ և մուրաբա։
Չիրն ունի հաճելի համ և բարձր շաքարայնություն (70 %): Օգտագործվում է նաև որպես աղանդեր և այլ չորացրած մրգերի ու հատապտուղների հետ կոմպոտ եփելու համար։