Jump to content

ՏՏՀ/Թունավորում

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Թունավորում
Առողջություն և կոսմետիկա
Աղբյուր՝ ՏՏՀ, էջ 278
Այս էջը կարող է պարունակել հնացած կամ ոչ ճշգրիտ բժշկական կամ առողջապահական տեղեկատվություն։

ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄ, օրգանիզմի մեջ թունավոր նյութեր թափանցելու հետևանքով առաջացող հիվանդագին վիճակ։ Առավել հաճախ են սուր Թ-ները, որոնք շտապ միջամտություն են պահանջում։ Մեծ թիվ են կազմում զանազան քիմիական նյութերից (դեղեր, կենցաղային քիմիայի միջոցներ, թունաքիմիկատներ ևն) առաջացող կենցաղային Թ-ները։ Թ-ման կասկածի դեպքում անհրաժեշտ է անմիջապես դիմել բժշկի։

Ցանկացած բնույթի Թ-ման դեպքում առաջին հերթին պետք է օրգանիզմից հեռացնել կամ վնասազերծել թույնը։ Շատ հաճախ թույնի հեռացման համար արդյունավետ միջոց է ստամոքսի լվացումը։ Հարկավոր է անմիջապես հիվանդին խմեցնել մի քանի բաժակ ջուր և, մատով լեզվի հիմքը սեղմելով, փսխում առաջացնել։ Առաջին օգնության միջոցառումները կարելի է կիրառել միայն այն դեպքում, եթե կասկած չկա, որ դա իրոք Թ. է։ Մի շարք սուր հիվանդություններ (կույր աղիքի բորբոքում, սրտամկանի ինֆարկտ ևն) նույնպես կարող են ուղեկցվել նման երևույթներով, և այնպիսի միջոցառումների կիրառումը, ինչպիսիք են ստամոքսի լվացումը, լուծողական միջոցների ընդունումը ևն, կարող է հանգեցնել անցանկալի, երբեմն ծանր հետևանքների։

Թթուներից և կծու ալկալիներից Թ.։ Թ-ման ախտանշաններն են շրթունքների, բերանի լորձաթաղանթի սուր ցավը և այրոցը, ցավը՝ կուլ տալու ժամանակ, առատ թքարտադրությունը, արյունախառն փսխումները։ Մինչև շտապ օգնության գալը հարկավոր է հեռացնել տուժածի բերանում կուտակված թուքը և լորձը՝ թանզիֆով կամ անձեռոցիկով փաթաթած թեյի գդալով։ Շնչահեղձության դեպքում անհրաժեշտ է կիրառել արհեստական շնչառություն՝ ցանկալի է «բերան-քթի» եղանակով, քանի որ բերանի լորձաթաղանթը այրված է (տես Առաջին օգնություն): Ստամոքսն ինքնուրույն լվանալ չի կարելի, քանի որ դա կարող է ուժեղացնել փսխումները և հանգեցնել թթուների կամ ալկալիների ներթափանցմանը շնչառական ուղիներ։ Կարելի է միայն տուժածին 2-3 բաժակ (ոչ ավելի) ջուր տալ խմելու՝ թթուն կամ ալկալին նոսրացնելու և նրանց ներգործությունը թուլացնելու նպատակով։ Չի կարելի նաև փորձել «չեզոքացնել» թունավոր հեղուկները, այսինքն խմեցնել նոսրացրած ալկալի՝ թթվով թունավորման և նոսրացրած թթու՝ ալկալիով թունավորման ժամանակ, քանի որ այդ դեպքում գոյանում է մեծ քանակության ածխաթթու գազ, որը հանգեցնում է ստամոքսի ձգման, ցավերի ուժեղացման և արյունահոսության։

Ալկոհոլից և նրա փոխնյութերից (տեխնիկական հեղուկներ, օդեկոլոն ևն) Թ.։ Ախտանշաններն են գրգռվածությունը, դեմքի կարմրությունը, այնուհետև գունատվելը, բերանից ալկոհոլի հոտ գալը, գլխապտույտը, սրտխառնոցը, փսխումը, գիտակցության կորուստը, երբեմն ջղացնցումները։ Եթե հիվանդը գիտակցությունը չի կորցրել, անհրաժեշտ է շտապ կերպով ստամոքսի լվացում կատարել՝ 3-4 բաժակ ջուր խմեցնելով (ցանկալի է յուրաքանչյուր բաժակին ավելացնել 1 թեյի գդալ սոդա)։ Ստամոքսի լվացումից հետո հարկավոր է հիվանդին թունդ թեյ կամ սուրճ խմեցնել։ Գիտակցությունը կորցրած հիվանդին անհրաժեշտ է պառկեցնել առանց բարձի, ավելի լավ է փորի վրա, գլուխը մի կողմ թեքել, որպեսզի փսխման ժամանակ չխեղդվի, և անուշադրի սպիրտ տալ շնչելու։

Թմրամիջոցներից և քնաբերներից (մորֆին, պանտոպոն, լյումինալ, նեմբուտալ ևն) Թ.։ Ախտանշաններն են քնկոտությունը, գլխապտույտները, աղմուկը ականջներում, փսխումը, դանդաղ և թույլ անոթազարկը, գիտակցության կորուստը, ջղացնցումները։ Ստամոքսի լվացումից հետո (1-2 լ գոլ ջուր խմեցնելով) տուժածին հարկավոր է տալ թունդ թեյ կամ սուրճ, 100 գ սև հացի պաքսիմատ։ Ոչ մի դեպքում պետք չէ կաթ տալ, որը խոչընդոտում է թունավոր նյութի դուրս բերմանը օրգանիզմից։ Գիտակցությունը կորցրած հիվանդին պետք է կողքի պառկեցնել, գլուխը կախել՝ փսխման զանգվածի և լորձի թափանցումը շնչառական ուղիներ կանխելու համար, այնուհետև բերանի խոռոչից հեռացնել լորձն ու թուքը, ժամանակ առ ժամանակ քթին անուշադրի սպիրտ մոտեցնել, մինչև որ շնչառությունը դառնա հավասարաչափ։ Շնչառության խիստ դժվարացման դեպքում (երբ այն գրեթե չի զգացվում) հարկավոր է արհեստական շնչառություն կատարել։

Ածխածնի օքսիդից (շմոլ գազ) Թ-ման դեպքում առաջանում են գլխացավ, աղմուկ ականջներում, գլխապտույտ, ընդհանուր թուլություն, հևոց, անոթազարկի թուլացում, սրտխառնոց, ծանր դեպքերում ջղացնցումներ և գիտակցության կորուստ։ Հիվանդին հարկավոր է դուրս բերել մաքուր օդ, պառկեցնել մեջքի վրա, գլխին և կրծքին դնել սառը կոմպրես, խմեցնել տաք թեյ կամ սուրճ։ Գիտակցության կորստի դեպքում տալ շնչելու անուշադրի սպիրտ։ Շմոլ գազից թունավորվելու դեպքում հակազդեցության ամենալավ միջոցը թթվածնի երկարատև ներշնչումն է (թթվածնային բարձի կիրառմամբ)։ Եթե շնչառությունը բացակայում է կամ խիստ դժվարացած է, անհրաժեշտ է արհեստական շնչառություն («բերան-բերանի» կամ «բերան-քթի» եղանակներով)։ Արդյունաբերական թույներից Թ.։ Այդ թույներից են տեխնիկական նպատակներով օգտագործվող պատրաստուկները և հեղուկները (օրինակ, անտիֆրիզը)։ Անտիֆրիզից Թ. շատ վտանգավոր է (մեկ կումն անգամ կարող է մահացու լինել)։ Թ. ի հայտ է գալիս ոչ անմիջապես, այլ 6-8 ժամ հետո. առաջանում են ցավեր որովայնի շրջանում, ուժեղ ծարավ, գլխացավ, փսխում, փորլուծություն, գրգռված վիճակ, հևոց, ծանր դեպքերում՝ գիտակցության կորուստ, ջղացնցումներ, սրտի գործունեության խանգարում։

Ալկոհոլի սիրահարները հաճախ օղու փոխարեն խմում են տեխնիկական սպիրտ և սպիրտ պարունակող այլ հեղուկներ։ Դա շատ վտանգավոր է։ Տեխնիկական սպիրտի տիպի արդյունաբերական հեղուկների մեջ պարունակվում են վնասակար խառնուկներ՝ հացօղու յուղ, մեթիլային սպիրտ, որն իր համով և հոտով հիշեցնում է էթիլային սպիրտ։ Նույնիսկ 5-10 գ մեթիլային սպիրտ խմելիս առաջանում է տեսողական նյարդի ապաճում և տեսողության անդարձելի կորուստ, իսկ 30 գ կարող է լինել մահացու։

Գյուղատնտեսության մեջ կիրառվում են զանազան մետաղների աղեր, հանքային պարարտանյութեր։ Հարկավոր է նկատի ունենալ, որ քիմիկատները (հատկապես, կալիում պարունակող) թունավոր են։ Դրանց հետ գործ ունենալիս պետք է հետևել հատուկ հրահանգների։

Արդյունաբերական թույներով թունավորվելու բոլոր դեպքերում հարկավոր է կատարել ստամոքսի և աղիքների լվացում և անմիջապես բժիշկ կանչել։ Մեթիլային սպիրտով և էթիլենգլիկոլով (պարունակվում է անտիֆրիզի մեջ) Թ-ման դեպքում, բացի այդ. հիվանդին հարկավոր է խմեցնել 100-150 մլ էթիլային սպիրտ (օղի), որն այդ դեպքում հակաթույնի դեր է կատարում։

Միջատասպաններից Թ.։ Քանի որ վնասատու միջատների դեմ պայքարելու համար օգտագործվող թունավոր նյութերը (կարբոֆոս, քլորոֆոս ևն) տարածվում են փոշեցրումով, օդը հագենում է այդ թույների գոլորշիներով, և նրանք հեշտությամբ թափանցում են շնչուղիներ, վնասում աչքերի, բերանի լորձաթաղանթները և մաշկը։ Ուստի, դրանցից օգտվելիս անհրաժեշտ է խստորեն պահպանել անվտանգության կանոնները։ Ընկնելով մաշկի վրա՝ թույնը կարող է առաջացնել խոցեր։ Աչքերի լորձաթաղանթի վնասումը հանգեցնում է աչքերի ծանր հիվանդությունների և տեսողության մասնակի կորստի։

Կարբոֆոսի և քլորոֆոսի գոլորշիներով թունավորվելու դեպքում առաջ են գալիս գլխապտույտ, սրտխառնոց, տեսողության խանգարում, գրգռվածություն, ներքին օրգաններ թափանցելու դեպքում՝ փսխում, փորլուծություն, գլխացավեր, առատ լորձարտադրություն բերանից ու քթից, ծանր դեպքերում գիտակցության կորուստ, ջղացնցումներ, շնչառության խանգարում։ Թունաքիմիկատների գոլորշիներից թունավորվելու դեպքում տուժածին հարկավոր է դուրս բերել մաքուր օդ, հանել «վարակված» հագուստը, ջրով լվանալ մարմնի բաց մասերը։ Թունաքիմիկատների ներս թափանցելու դեպքում 4-5 անգամ ստամոքսի լվացում կատարել (3-4 բաժակ թույլ աղաջրով), այնուհետև լուծողական տալ (1 ճաշի գդալ դառը աղ), 5-6 հաբ բեսալոլ կամ բեկարբոն, գոլ թեյ՝ պաքսիմատով։ Գիտակցությունը կորցրած տուժածին հարկավոր է պառկեցնել փորի վրա առանց բարձի՝ գլուխը մի կողմ թեքելով, շնչառական ուղիները մաքրել թքից և լորձից, թույլ շնչառության դեպքում կիրառել արհեստական շնչառություն։

Հաճախ սուր Թ-ման վտանգ է առաջանում ինքնաբուժման հետևանքով։ Վատորակ մթերքից և թունավոր սնկերից Թ-ման մասին տես Սննդային թունավորում հոդվածում։