Jump to content

ՏՏՀ/Լեզվաբույս

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼԵԶՎԱԲՈՒՅՍ, գեսներազգիների ընտանիքի բազմամյա պալարավոր բույս։ Հայրենիքը Բրազիլիան է։ Տերևները թավշանման են, մուգ կանաչ։ Ծաղիկները գեղազարդ են, խոշոր, զանգականման, բազմերանգ։ Լ-ի խնամքը դժվար չէ։ Բույսը անհրաժեշտ է պահել արևի ճառագայթներից հեռու և ջրել տակդիրից։ Լ. ծաղկում է գարնանից մինչև աշուն։ Օրգանական կամ հանքային պարարտանյութերով կանոնավոր սնուցումը երկարացնում է ծաղկման տևողությունը։ Սեպտեմբերի վերջին, երբ տերևները չորանում են, թաղարները պալարներով պետք է տեղադրել մութ և ցուրտ տեղ ու հազվադեպ ջրել։ Կարելի է նաև հանել պալարները թաղարներից և պահել խոնավ մամուռի մեջ։ Գարնանը դրանք պետք է տեղադրել թարմ, փուխր, ճմային, տերևային և հումուսի (հավասար քանակներով) հողախառնուրդում՝ ավազի հավելումով։ Այնուհետև հարկավոր է բույսը դնել լուսավոր տեղ և պարբերաբար ջրել։ Սենյակային պայմաններում, բացի պալարներով բազմանալուց, Լ. հեշտ է բազմանում նաև տերևի կտրոններով։ Դրա համար ծաղկող բույսից կտրում են 1 սմ երկարության կոթունով տերև և տնկում ապակու տակ տեղադրված մաքուր ավազի մեջ 24 °C պայմաններում կամ դնում ջրի մեջ։ 3-4 շաբաթ հետո (երբ երևում է պալարիկը) պետք է տերևը տեղափոխել 2 մաս տերևային, 2 մաս հումուսի և 1 մաս ավազի հողախառնուրդում։ Սերմերով բազմացնելն ավելի բարդ է։ Ձմռանը կամ վաղ գարնանը սերմերը պետք է խառնել ավազի հետ և այն լցնել թեթև հողով լի տափակ ամանի մեջ՝ 20-22 °C–ից ոչ պակաս ջերմաստիճանի պայմաններում (ցանկալի է խոնավ ջերմոցում)։ Սերմնաբույսը սածիլում են 2-3 անգամ։ Տես նաև Սենյակային բույսեր: