Jump to content

ՏՏՀ/Լյարդ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼՅԱՐԴ, Լ-ից պատրաստում են տարբեր կերակրատեսակներ (օրինակ, տժվժիկ) և սառը խորտիկներ (պաշտետ ևն)։ Խոզի Լ. տավարի Լ-ից տարբերվում է խոշորահատիկ հյուսվածքով։ Թռչնի Լ. սննդի մեջ չեն օգտագործում։ Տապակելուց առաջ տավարի Լ. պահում են կաթի մեջ, որ փափկի։

Լ. տապակած. Լ-ի թաղանթները և լեղածորանները հեռացնում են, լավ լվանում, բաժանում 1 սմ հաստության լայն կտորների, աղ ցանում, թավալում ալյուրի մեջ և յուղով կամ մարգարինով տապակում 10 րոպե։ Չափից ավելի տապակած Լ. չոր է ստացվում։ Լ-ի պատրաստ լինելը որոշում են կտրվածքի մասում հյուսվածքի գույնով. այն պետք է կարմրավուն երանգ չունենա։

Տապակած Լ. դնում են ափսեի մեջ և զարդարում պոմիդորով կամ տապակած սոխով։ Որպեսզի տավարի տապակած Լ. փափուկ ստացվի, կարելի է վրան լցնել թթվասերի սոուս և 10-15 րոպե շոգեխաշել։

Խավարտը՝ տապակած կարտոֆիլ, կարտոֆիլի խյուս, սևաձավարի շիլա։

500 գ Լ-ին՝ 2 ճաշի գդալ ցորենի ալյուր, 2-3 ճաշի գդալ կարագ կամ մարգարին, 2-3 գլուխ սոխ կամ 3 թարմ պոմիդոր. աղը և պղպեղը՝ ըստ ճաշակի։

Լ. շոգեխաշած. Լ. մշակում են վերը նկարագրված եղանակով և բաժանում 3-4 սմ երկարությամբ ու 1/2 սմ հաստությամբ կտորների։ Լցնում են նախապես տաքացրած յուղով տապակի մեջ, մի քանի րոպե անց վրան ալյուր ցանում, ապա ավելացնում մանր կտրտած և տապակած սոխ, թթվասեր, խառնում և 30-40 րոպե շոգեխաշում մարմանդ կրակի վրա։ Ցանկության դեպքում կարելի է ավելացնել 1/2 ճաշի գդալ որևէ կծու սոուս կամ տոմատախյուս։

500 գ Լ-ին՝ 2 ճաշի գդալ յուղ կամ մարգարին, 1 ճաշի գդալ ալյուր, 1/2 բաժակ թթվասեր, 1 գլուխ սոխ. աղը՝ ըստ ճաշակի։