Jump to content

ՏՏՀ/Լողանալը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Լողանալը
Առողջություն և կոսմետիկա
Աղբյուր՝ ՏՏՀ, էջ 279
Այս էջը կարող է պարունակել հնացած կամ ոչ ճշգրիտ բժշկական կամ առողջապահական տեղեկատվություն։

ԼՈՂԱՆԱԼԸ, ցանկացած տարիքի մարդկանց համար կոփման և հանգստի տարածված ձև։ Լ. կիրառում են նաև բուժկանխարգելիչ նպատակով։ Լողանում են ինչպես բնական (լիճ, գետ, ծով), այնպես էլ արհեստական (բաց և փակ) ջրավազաններում։ Լողանալը, ջրում խաղալը և շարժվելը պահանջում են մկանային մեծ ակտիվություն, որը բարենպաստ ազդեցություն է ունենում ամբողջ օրգանիզմի, նախ և առաջ հենաշարժական օրգանների համակարգի վրա։ Բաց ավազաններում լողանալիս ջրի ազդեցությանը գումարվում է նաև օդի, արևի ճառագայթների ազդեցությունը, աղի ջրավազաններում (ծով, հանքային լճեր և ավազաններ, լճուցքներ) լողանալիս` նաև ջրում լուծված աղերի քիմիական ազդեցությունը։ Աղերի գրգռիչ ներգործությունը շարունակվում է նաև ջրից դուրս գալուց հետո (աղերի բյուրեղիկները բարակ շերտով նստում են մաշկի վրա)։ Լ. ամրացնում է օրգանիզմը, բարելավում արյան և ավշի շրջանառությունը, նյարդամկանային ապարատի աշխատանքը, մարզում է շնչառությունը, կատարելագործում ջերմակարգավորման մեխանիզմը։ Սակայն, Լ. չարաշահելը և Լ-ու կանոններին չհետևելը կարող է բացասաբար անդրադառնալ առողջության վրա։ Հյուծված, հիվանդությունից հետո նոր կազդուրվող և տարեց մարդիկ, մինչ լողանալը, պետք է անցնեն բժշկական քննություն։ Լողանալուց առաջ խորհուրդ է տրվում անցնել 3-5 օր տևողության նախապատրաստական շրջան (մինչև գոտկատեղը ջրային շփումներ, ջրցողում և ջրասուզում)։ Սիրտանոթային և շնչառական համակարգերի հիվանդությունների դեպքում, ինչպես նաև հղիության երկրորդ կեսի ընթացքում պետք է խուսափել բաց ջրավազաններում լողանալուց։

Բնական ջրավազաններում կարելի է լողանալ, եթե օդի ջերմաստիճանը ցածր չէ 22-20 °C–ից, իսկ ջրինը՝ 20-18 °C–ից։ Մարզված, լողով կանոնավոր զբաղվող մարդիկ կարող են լողանալ մինչև ցրտերն սկսվելը։ Խորհուրդ է տրվում լողանալ օրական մեկ անգամ, առավոտյան՝ նախաճաշից 1-1,5 ժամ առաջ կամ հետո, կամ էլ ճաշից 2-3 ժամ հետո։ Գերադասելի է լողանալ օրվա երկրորդ կեսին, երբ ջուրը և օդը զգալիորեն տաքացել են։ Առողջ և մարզված մարդիկ կարող են լողանալ օրական 2-3 անգամ` 3-4 ժամ ընդմիջումով։ Թուլակազմ անձանց խորհուրդ չի տրվում լողանալ անոթի վիճակում, ուտելուց հետո մեկ ժամից շուտ, լարված ֆիզիկական և մտավոր աշխատանքից, արևային լոգանքից անմիջապես հետո։ Լողանալուց առաջ պետք է 15-20 րոպե հանգստանալ, ֆիզիկական վարժություններ կատարել, քրտնելու դեպքում՝ մաշկը չորացնել։ Անհրաժեշտ է ջուրը մտնել աստիճանաբար` սկզբից թրջելով դեմքը և կուրծքը։ Միանգամից ջուրը մտնել կարող են միայն մարզված մարդիկ։ Թեպետ գոյություն չունի ջրում մնալու խիստ սահմանված ժամկետ (հատկապես առողջ մարդկանց համար), սակայն անհրաժեշտ է պահպանել որոշակի կարգ։ Խորհուրդ է տրվում սկզբնական շրջանում ջրում մնալ 5 րոպե, իսկ հետագայում այն կարելի է հասցնել 10-15 րոպեի։ Ամեն դեպքում չի կարելի լողանալ այնքան, որ դող առաջանա։ Ջրից դուրս գալուց հետո անմիջապես պետք է սրբվել սրբիչով կամ սավանով և ոչ թե չորանալ ստվերում կամ արևի տակ։

Բաց ջրավազաններում երեխաներին կարելի է լողացնել սկսած 2 տարեկանից։ Քանի որ երեխաների ջերմային հավասարակշռությունն ավելի շուտ է խախտվում, ուստի նրանք պետք է լողանալ սկսեն ավելի տաք (22-24 °C) ջրում։ Սկզբնական շրջանում խորհուրդ չի տրվում երեխային ամբողջովին ընկղմել ջրի մեջ։ 2-3 րոպե լողանալուց հետո երեխային անմիջապես պետք է սրբիչով չորացնել։

Դժբախտ դեպքերից խուսափելու համար (տես Ջրահեղձություն) պետք է խստորեն հետևել ջրում գտնվելու կանոններին. լողանալ միայն սթափ վիճակում, լողանալու համար հատկացված տեղերում։