ՏՏՀ/Լոսյոն կոսմետիկական
ԼՈՍՅՈՆ կոսմետիկական, օրգանական և անօրգանական տարբեր նյութերի ջրասպիրտային լուծույթ։ Լինում է անգույն կամ անվնաս ներկանյութերով (կամ էլ օգտագործվող բաղադրանյութերի գույնի հաշվին) գունավորված։ Լ. ունի օծանելիքի անուշահոտություն։ Արտադրվում են հիգիենային և հատուկ նշանակման Լ-ներ։ Հիգիենային Լ. կիրառվում է մաշկը մաքրելու, թարմացնելու և ախտահանելու համար։ Այն բաղկացած է (բացի ջրից, սպիրտից և բուրավետ նյութերից) գլիցերինից, թթուներից, թորակից, դոնդողացնող նյութերից։
Հատուկ նշանակման Լ-ները կիրառվում են գլխի մաշկը, մազերը, եղունգները, ձեռքերի մաշկը խնամելու, սափրվելու համար, մոծակների, արևային այրվածքների դեմ։ Այդ Լ-ները, նշված բաղադրանյութերից բացի, պարունակում են հատուկ հավելանյութեր (օրինակ, վիտամիններ, մրգերի, բանջարեղենի հյութեր, դեղաբույսերի մզվածքներ և մաշկի կենսագործունեությունը խթանող կենսաբանորեն ակտիվ այլ նյութեր)։
Լ. կարելի է պատրաստել նաև տան պայմաններում։
Վարունգի Լ. (ճարպոտ մաշկի համար)։ Միջին չափի 1 վարունգ լվանալ, քերել, ավելացնել ստացված զանգվածի ծավալի չափով սպիրտ, լցնել ապակե կամ ճենապակե ամանի մեջ, 3 օր պահել մութ, զով տեղում, ապա քամել երկտակ թանզիֆով։