Jump to content

ՏՏՀ/Լուսակարգավորիչ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼՈՒՍԱԿԱՐԳԱՎՈՐԻՉ, թույլ է տալիս սահուն կերպով կարգավորել շիկացման լամպերի սպառող հզորությունը։ Լ-ի օգնությամբ կարելի է ըստ հայեցողության փոփոխել լամպի լուսարձակման պայծառությունը զրոյից մինչև առավելագույնը, մասնավորապես, սենյակում կարելի է ստեղծել հեռուստատեսային հաղորդումներ դիտելու ժամանակ աչքի համար առավել բարենպաստ լուսավորվածության մակարդակ կամ գիշերալամպի առաջացրած լուսավորվածությանը համապատասխանող մակարդակ։ Լ. թույլ է տալիս ցանկության դեպքում ավելացնել լուսատուի (օրինակ, ջահի) պայծառությունը՝ տոնական մթնոլորտ, բարձր տրամադրություն ստեղծելու համար, կամ էլ պակասեցնել այն սենյակում հանգստի տրամադրող մտերմիկ մթնոլորտ ստեղծելու համար։ Լ. հնարավորություն է տալիս ցանկացած ժամանակ սենյակում ստեղծել հարմարավետ լուսային պայմաններ և խնայել էլեկտրաէներգիան։

Տարբերում են ամրակայված և փոխադրովի Լ-ներ։ Ամրակայված Լ. տեղադրում են էլեկտրական անջատիչի փոխարեն։ Լամպի լուսարձակման պայծառությունն ավելացվում կամ պակասեցվում է Լ-ի բռնակի պտտումով՝ ժամացույցի սլաքի շարժման ուղղությամբ կամ դրան հակառակ։ Լամպը միացվում և անջատվում է նույն բռնակը մինչև չխկոց լսվելը պտտելով։ Փոխադրովի Լ. ունի երկժանիով լար էլեկտրական ցանցին միացնելու համար, ինչպես նաև լույսի աղբյուրը միացնելու վարդակ։ Լ. գնելիս հարկավոր է հիշել, որ դրան միացվող լույսի աղբյուրների հզորությունը չպետք է գերազանցի Լ-ի տեղեկաթերթիկում նշված արժեքը։ Արտադրվող Լ-ները նախատեսված են 6-ից մինչև 300 Վտ հզորության լամպերի և 50 Հց հաճախության ու 220 Վ լարման փոփոխական հոսանքի ցանցերում օգտագործելու համար։