ՏՏՀ/Լուսավորություն բնակարանի
ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ բնակարանի, Լ. լինում է բնական և արհեստական։ Բնական Լ. պայմանավորված է սենյակի կողմնորոշմամբ, լուսամուտների թվով, դիրքով և չափերով, ապակիների մաքրությամբ, վարագույրների լուսանցիկությամբ, պատերի և առաստաղի գույնով։ Սենյակների բնական Լ. ուժեղացնելու նպատակով խորհուրդ է տրվում պատերը և առաստաղը հարդարելիս ընտրել բաց գույն (տես Բնակարանի հարդարում)։ Ցերեկվա ժամերին անբավարար բնական Լ-յան դեպքում խորհուրդ է տրվում օգտագործել լյումինեսցենտային լամպեր, որոնց լույսի սպեկտրային կազմը մոտ է բնականին։ Չափից ավելի պայծառ բնական Լ. մեղմացնելու նպատակով խորհուրդ է տրվում կիրառել վարագույրներ և սինթետիկ անդրադարձնող թաղանթ։
Բնական Լ-յան դեպքում գրասեղանը ցանկալի է տեղավորել այնպես, որ լուսամուտը լինի ձախ կողմից։ Լուսամուտի տակ նպատակահարմար է դնել հարդարանքի հայելավոր սեղան, այդ դեպքում դեմքը լավ է լուսավորվում բոլոր կողմերից։ Էլեկտրական լամպերով ստեղծվող արհեստական Լ. կարելի է փոփոխել լուսատուների թվի, դիրքի փոփոխմամբ, ինչպես նաև լուսային հոսքի ուժի և ուղղության կարգավորումով։ Ճիշտ Լ-յան դեպքում առարկաները, պատերն ու առաստաղը պետք է բավարար և հավասարաչափ լուսավորվեն, բացառվեն լուսաստվերային կտրուկ անցումները, լուսավորվող առարկաների անցանկալի փայլը։ Տարբերում են արհեստական լուսավորման երկու հիմնական տեսակներ՝ ընդհանուր և տեղային։
Ընդհանուր լուսավորման դեպքում կարելի է զբաղվել տեսողության մեծ լարում չպահանջող աշխատանքով։ Ընդհանուր լուսավորման այն լուսատուները, որոնց արձակած լույսն ուղղված է դեպի առաստաղ կամ հավասարապես ցրվում է սենյակում, ստեղծում են մեղմ Լ. և առավել հաճախ օգտագործվում են ննջասենյակներում։ Դեպի ներքև ուղղված լուսային հոսք ստեղծող լուսատուներն օգտագործվում են այն դեպքերում, երբ դրանք ընդհանուր լուսավորման միակ աղբյուրը չեն։ Այդ լուսատուները կիրառում են սենյակի որևէ մասի (օրինակ, հանգստի գոտու) լուսավորման համար։ Ընդհանուր Լ. բավարար է, եթե 1 մ² մակերեսին ընկնում է շիկացման լամպի 15-ից մինչև 25 Վտ հզորություն։ Հաճախ հարկ է լինում սենյակում ունենալ նաև տեղային լուսավորման աղբյուրներ՝ հատուկ լուսատուներ (սեղանի, պատի, հատակադիր), որոնք տեղակայվում են գրասեղանի, բազկաթոռի, հարդարանքի սեղանի մոտակայքում։ Գծագրելիս լուսատուն կարելի է ամրացնել գծագրատախտակին, պատին կամ էլ կախել առաստաղից։ Գծագրական թղթի թերթի բավարար լուսավորման համար անհրաժեշտ է 80–100 սմ հեռավորության վրա գտնվող 150 Վտ հզորության շիկացման լամպով լուսատու։ Երկարատև ընթերցանության ժամանակ խորհուրդ է տրվում օգտվել 60 Վտ հզորության շիկացման լամպով լուսատուից։
Բնակարանում լույսի աղբյուրներ տեղադրելիս անհրաժեշտ է ելնել տվյալ սենյակի կամ օժանդակ տարածության առանձնահատկություններից, շահագործման հարմարավետությունից և առողջապահական նորմերից։