ՏՏՀ/Լսողություն
ԼՍՈՂՈՒԹՅՈՒՆ, լսողության օրգանը ականջն է, որն ունի երկու՝ ձայնահաղորդիչ և ձայնաընկալիչ բաժին։ Ձայնահաղորդիչ բաժինը կազմված է արտաքին և միջին ականջից, որոնք միմյանցից բաժանված են թմբկաթաղանթով։ Ձայնընկալիչ բաժինը բաղկացած է ներքին ականջից, լսողական նյարդերից և գլխուղեղի կեղևի հատուկ հատվածից, որը գտնվում է քունքային բաժնում (այսպես կոչված, լսողության կեղևային կենտրոն)։
Արտաքին ականջն ընդգրկում է ականջախեցին և արտաքին լսողական անցուղին։ Միջին ականջն ունի ոչ մեծ թմբկախոռոչ, ուր տեղադրված են լսողական ոսկրիկները՝ մրճիկը, սալը, ասպանդակը։ Թմբկախոռոչը, այսպես կոչված եվստախյան խողովակով, միանում է քիթըմպանին։ Կլման շարժումների ժամանակ եվստախյան խողովակը բացվում է և ապահովում օդի մուտքը քիթըմպանից դեպի միջին ականջ, այս երևույթը կարևոր է ձայները ներքին ականջ հաղորդելու համար։
Ներքին ականջում գտնվում է խխունջը, ուր տեղադրված են զգայուն լսողական բջիջներ և անդաստակային ապարատը՝ հավասարակշռության օրգանը։ Ձայնային տատանումներն ականջի անցուղիով, թմբկաթաղանթի և լսողական ոսկրիկների ողջ շղթայի միջոցով հաղորդվում են խխունջին և գրգռում լսողական բջիջները։ Այնուհետև լսողական նյարդով գրգիռը հաղորդվում է գլխուղեղ լսողության կեղևային կենտրոն։ Այսպես է մարդն ընկալում խոսքը, երաժշտությունը։
Ականջի տարբեր բաժինների բորբոքային գործընթացները կարող են հանգեցնել լսողության ժամանակավոր կամ կայուն խանգարումների։ Քթի և քիթըմպանի հիվանդությունների ժամանակ կարող է բորբոքվել եվստախյան խողովակը, որի հետևանքով դժվարանում է օդի մուտքը թմբկախոռոչ և խանգարվում ձայնահաղորդումը։ Եվստախյան խողովակի երկարատև բորբոքումներից միջին ականջում առաջանում են կպումներ ու սպիներ, որոնք կարող են հանգեցնել լսողության կայուն թուլացման (ծանրալուրության)։ Ուստի, քրոնիկական հարբուխի կամ քիթըմպանի բորբոքումների ժամանակ հարկավոր է անպայման դիմել բժշկի, հետևել ականջների և լսողության վիճակին։ Դա հատկապես կարևոր է մանկական տարիքում։ Երեխաների Լ-յան թուլացմանը հաճախ նպաստում են գեղձանմանները: Երբեմն սալջարդից, գանգի վնասվածքներից, ուղեղապատյանների բորբոքումներից հետո կամ գլխուղեղի արյան անոթների կարծրախտի ժամանակ մարդը կարող է լսել տարբեր ձայներ, նույնիսկ երաժշտություն, սակայն չհասկանալ և չընկալել խոսքը կամ մեղեդին։ Դա նշանակում է, որ ախտահարված է լսողության կեղևային կենտրոնը։
Լսողական անցուղում խոչընդոտի (օրինակ, ծծմբախցան) առկայության դեպքում անցուղին կարող է լրիվ փակվել և հանգեցնել լսողության թուլացման, սակայն ծծմբախցանի հեռացումից հետո, որպես կանոն, լսողությունը վերականգնվում է։ Պատահաբար լսողական անցուղի կարող են ընկնել օտար մարմիններ՝ միջատ, փոքրիկ բամբակ (ականջը մաքրելիս) և այլն։ Երեխաները հաճախ խաղալիս ականջն են խցկում մանր առարկաներ, արևածաղկի սերմեր, թուղթ, կոճակ, ուլունք։ Այդ դեպքերում անհրաժեշտ է շտապ դիմել բժշկի, քանի որ առարկան հանելու ոչ հմուտ փորձերը կարող են վնասել լսողական անցուղին և թմբկաթաղանթը, առաջացնել միջին ականջի բորբոքում։
Ականջները ոչ ճիշտ մաքրելիս կամ սուր առարկաներով (վարսակալ, լուցկի) քորելիս հաճախ առաջանում է անցուղու մաշկի գրգռվածություն կամ քերծվածքներ։ Վերջինների մեջ մանրէների թափանցումը կարող է առաջացնել լսողական անցուղու ֆուրունկուլներ։ Անուշադրության դեպքում այդ հիվանդությունը հաճախ հանգեցնում է միջին ականջի բորբոքման և լսողության խանգարման։ Ականջը կարելի է մաքրել կամ փափուկ լաթով փաթաթած ճկույթով, կամ լուցկու վրա փաթաթած բամբակով։
Ականջները քորելիս հարկավոր է բամբակը թրջել օդեկոլոնով կամ վազելինով։ Եթե քորը շարունակվում է, հարկավոր է դիմել բժշկի։
Լսողության կայուն խանգարումների հաճախակի պատճառներից են միջին ականջի բորբոքումները (տես Ականջաբորբ) կամ լսողական նյարդերի ախտահարումը։ Ականջաբորբի բուժման ժամանակ, բարդություններից խուսափելու նպատակով, անհրաժեշտ է խստորեն կատարել բժշկի բոլոր նշանակումները։ Լսողության մասնակի լավացման կամ դրա պահպանման համար ականջի քրոնիկական թարախային և ոչ թարախային բորբոքումների ժամանակ պահանջվում է երկարատև բուժում։
Վարակիչ հիվանդությունների ժամանակ կարող են ախտահարվել ոչ միայն միջին, այլև ներքին ականջը, լսողական նյարդերը կամ լսողության կեղևային կենտրոնը։ Այդպիսի բարդություններ կարող են առաջանալ խոզուկի, գրիպի և մի շարք այլ հիվանդությունների ժամանակ։ Դրանք, առավել վտանգավոր են վաղ մանկական տարիքում, երբ երեխան դեռ չի խոսում կամ նոր է սկսել խոսել (լսողության խանգարումը հանգեցնում է խոսքի ձևավորման խանգարման): Գլխի սալջարդը (հատկապես վտանգավոր է մանկական հասակում), որը կարող է ուղեկցվել ուղեղի ցնցման թեթև ձևով, երբեմն հանգեցնում է լսողության կայուն խանգարումների։ Լսողության խանգարումների ժամանակին և ճիշտ բուժումը հաճախ կանխում է ծանրալուրաթյան կամ խլության զարգացումը։
Բացարձակ խլությունը (կամ խուլհամրությունը) բուժելն անհնար է։ Եթե բուժումից հետո էլ երեխայի մոտ առկա է խլություն կամ լսողության խիստ նվազում, հարկավոր է նրան ուղարկել խուլերի կամ խուլհամրերի համար նախատեսված հատուկ մանկական հիմնարկություն։
Լսողության խիստ նվազման դեպքում նշանակալի օգնություն են ցույց տալիս հատուկ լսողական վարժությունները։ «Շրթունքներից ընթերցման» զուգակցումը ձայնաուժեղացուցիչ ապարատներով կատարվող վարժություններով զարգացնում է լսողական ուշադրությունը և երեխաներին հնարավորություն է տալիս օգտագործել լսողության մնացորդները։ Ձայնաուժեղացուցիչ ապարատների շնորհիվ երեխան կարող է լսել շրջապատող մարդկանց և իր սեփական խոսքը։
Պրոֆեսիոնալ ծանրալուրությունը սովորաբար առաջանում է լսողության օրգանի վրա արտադրական աղմուկի և թրթռումների (վիբրացիա) երկարատև ազդեցության հետևանքով։ Այն կանխվում է հակաաղմուկային և հակավիբրացիոն կանխարգելիչ միջոցառումներով, տեխնոլոգիական միջոցառումների կատարելագործումով։ Ցանրալուրության առաջընթացը կանխելու համար նպատակահարմար է հիվանդին տեղափոխել այլ աշխատանքի։
Լսողության կայուն (չբուժվող) խանգարումների ժամանակ հարկավոր է օգտագործել լսողական ապարատներ, որոնց օգնությամբ մեծամասամբ հաջողվում է փոխհատուցել լսողության արատները։ Ապարատն ունի օդային կամ ոսկրային հեռախոս։ Գործածվում են նաև, այսպես կոչված, լսողական ակնոցներ (միայն օդային հեռախոսով)։ Անհրաժեշտ լսողական ապարատը որոշում է բժիշկը։ Ոչ մի դեպքում չի կարելի այն ձեռքբերել առանց բժշկական հետազոտության, քանի որ դա կարող է մեկին օգնել, մյուսին վնասել։