Jump to content

ՏՏՀ/Լսողական ապարատ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Լսողական ապարատ
Առողջություն և կոսմետիկա
Աղբյուր՝ ՏՏՀ, էջ 281
Այս էջը կարող է պարունակել հնացած կամ ոչ ճշգրիտ բժշկական կամ առողջապահական տեղեկատվություն։

ԼՍՈՂԱԿԱՆ ԱՊԱՐԱՏ, անհատական օգտագործման սարք, որը կիրառվում է թույլ լսողության կամ խլության դեպքում ձայնի ուժեղացման համար։ Սարքը բաղկացած է միկրոֆոնից, էլեկտրական տատանումների ուժեղարարից, հեռախոսից և էլեկտրասնման աղբյուրից։

Ձայնային տատանումներն ընկալվում են միկրոֆոնով և նրա միջոցով կերպափոխվում ձայնային հաճախության էլեկտրական տատանումների։ Էլեկտրոնային ուժեղարարում այդ տատանումներն ուժեղացվում են մինչև պահանջվող մակարդակը և փոխանցվում հեռախոսին, որտեղ նրանք կրկին կերպափոխվում են ձայնի։ Ըստ լսողության խախտման բնույթի, Լ. ա-ում կիրառվում են օդային (ուժեղացված ձայնային ազդանշան է հաղորդվում արտաքին ականջին) և ոսկրային (ձայնը հաղորդվում է գանգի ոսկրերի միջոցով ներքին ականջին) ձայնափոխանցման հեռախոսներ։ Օդային հեռախոսը դրվում է անմիջականորեն արտաքին լսողական անցուղու մեջ, ոսկրայինը սեղմվում է պտկաձև ելուստին։

Թողարկվում են տարբեր Լ. ա-ներ։ Օրինակ, գրպանի Լ.ա. մետաղե կամ պլաստմասսայե տափակ տուփ է (լուցկու տուփից փոքր-ինչ մեծ), որը տեղավորվում է վերնաշապիկի լանջագրպանում։ Տուփի մեջ տեղավորված է միկրոֆոնը, ուժեղարարը և սնման աղբյուրը։ Բարակ ճկուն լարով ապարատի իրանին միացած հեռախոսը ականջաներդրակի օգնությամբ դրվում է արտաքին լսողական անցուղու մեջ։ Առավել տարածված է ականջի հետևում դրվող Լ.ա.։ Այն ունի կորացված ձայնահաղորդիչ, որի ծայրը ներդրակի միջոցով դրվում է արտաքին լսողական անցուղու մեջ։

Թողարկում է ակնոցի տեսքով Լ. ա., որի բոլոր տարրերը, բացի հեռախոսից, ներսարված են ակնոցի շրջանակի մեջ։ Թողարկվում է նաև ներդնովի միկրոմանրաչափ ապարատ՝ մեկ իրանի մեջ տեղավորված միկրոֆոնով, ուժեղարարով, հեռախոսով և սնման աղբյուրով։ Իրանի ձևը թույլ է տալիս այն տեղավորել ականջախեցու և արտաքին լսողական անցուղու մեջ։

Լ. ա-ները բավարար բարձրությամբ և աննշան աղավաղումներով վերարտադրում են ձայնը 200-ից մինչև 4000 Հց հաճախության տիրույթում։ Որոշ Լ. ա-ներում նախատեսված է ձայնի ձեռքի կամ ավտոմատ կարգավորման հարմարանք։ Ապարատը սնվում է հոսանքի փոքրաչափ տարրերից կամ կուտակիչներից։