Jump to content

ՏՏՀ/Լվացքի մեքենա էլեկտրական

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Լվացքի մեքենա էլեկտրական
Հագուստ և կոշիկ

ԼՎԱՑՔԻ ՄԵՔԵՆԱ էլեկտրական, նախատեսված է տնային պայմաններում սպիտակեղեն լվանալու, պարզաջրելու և քամելու համար։ Սպիտակեղենի խառնումը և լուծույթի ակտիվացումը (էներգիայի հաղորդում, որն առաջացնում է ինտենսիվ շրջապտույտ), որպես կանոն, իրականացվում է պտտվող թիակավոր սկավառակով (ակտիվարար) կամ թմբուկով։ Թողարկում են սպիտակեղենը չքամող, գլանիկի օգնությամբ ձեռքով քամելու, սկավառակային ակտիվարարով և սպիտակեղենը քամելու ցենտրիֆուգով, երկբաք կամ թմբկագլանային տեսակի միաբաք կիսաավտոմատ, ծրագրային կառավարումով, որպես կանոն, թմբկագլանային տեսակի միաբաք ավտոմատ Լ. մ-ներ։

Առավել կատարյալ է լվացքի ավտոմատ սարքը, որում լվանալը, լեղակելը, օսլայելը, սպիտակեցնելը և հակաստատիկ մշակումը կատարվում են ավտոմատորեն՝ համաձայն տրված ծրագրի, որոշակի կարգով, առանց մարդու մասնակցության։ Սպիտակեղենի լվացման ժամանակը (րոպեներով). սառը ջրով՝ 170, տաք ջրով՝ 130։ Կառուցվածքից կախված՝ Լ. մ-ները նախատեսված են 1-4 կգ սպիտակեղեն միաժամանակ լվանալու և քամելու համար։ Սպառվող հզորությունը, որպես կանոն, 200-650 Վտ է, ջրի էլեկտրատաքացումով և սպիտակեղենի չորացումով մեքենաների սպառվող առավելագույն հզորությունը հասնում է 2400 Վտ-ի։ Մեքենաների մեծամասնությունն ունի լվացքի 2 աշխատակարգ. «նորմալ»՝ բամբակե և վուշե, «զգույշ»՝ մետաքսե, բրդե և սինթետիկ գործվածքներ լվանալու համար։

Լ. մ-ների շահագործման ժամանակ չի կարելի միաժամանակ հպվել մեքենայի իրանին և հողակցված մասերին (խողովակաշարեր, ծորակներ ևն), արգելվում է թաց ձեռքերով մեքենան միացնել ցանցին, միացնել և անջատել ժամակարգավորիչը, փոխել աշխատակարգը, թեքել և շրջել ցանցին միացված մեքենան։

Սկավառակային ակտիվարարով Լ. մ-ով սպիտակեղեն լվանալու կարգը։ Լվացքի նախապատրաստումը։ Անհրաժեշտ է սպիտակեղենը նախապես տեսակավորել (ինչպես ձեռքով լվանալիս) ըստ գործվածքի տեսակի, գույնի և կեղտոտվածության աստիճանի։ Սպիտակեղենի քանդված և պատռված մասերը պետք է կարել մինչև լվանալը, շատ նուրբ սպիտակեղենը, ժանյակները պետք է լվանալ տոպրակի կամ ցանցի մեջ դրած։ Բամբակե և վուշե սպիտակ ու գունավոր (չգունաթափվող) սպիտակեղենը լվանալուց առաջ խորհուրդ է տրվում թրջել սոդայաջրով (1 դույլ ջրին 2-3 ճաշի գդալ սոդա) և թողնել 4-10 ժամ, բրդե, մետաքսե և սինթետիկ սպիտակեղենը հարկավոր է թրջել մաքուր ջրով և թողնել 15-30 րոպե։ Օսլայած սպիտակեղենը պետք է թրջել առանձին։ Թրջելուց առաջ շատ կեղտոտված տեղերին պետք է ցանել լվացափոշի կամ օճառ քսել։ Թրջոց դրած սպիտակեղենը պետք է լավ քամել։

Լվացք։ Հանել բաքի արտաքին և ներքին կափարիչները, բաքը դատարկել և մինչև նշագիծը լցնել որոշակի ջերմաստիճանի (կախված գործվածքի տեսակից և ներկվածքի դիմացկունությունից) տաք ջրով, բամբակե և վուշե սպիտակեղենի (եռադիմացկուն) համար՝ 70-90 °C, այդ նույն գործվածքից նուրբ, սպիտակ և գունավոր սպիտակեղենի, ինչպես նաև բրդե, մետաքսե և սինթետիկ իրերի համար՝ 30-40 °C։ Այնուհետև ավելացնել դանակով կամ խոշոր քերիչով քերած և նախապես թրջած օճառի տաշեղներ (90-100 գ) կամ լվացափոշի (փաթեթի վրա նշված քանակով), մեքենան միացնել, որպեսզի փոշին կամ օճառն ամբողջությամբ լուծվի։ Սկզբում պետք է լվանալ ճերմակ, քիչ կեղտոտված սպիտակեղենը, ապա չգունաթափվող գունավոր, վերջապես գունաթափվող գունավոր սպիտակեղենը։ Խորհուրդ չի տրվում միանգամից մի քանի խոշոր իր լվանալ, ցանկալի է ընտրել 1-2 խոշոր և մի քանի միջին չափի իրեր։ Սպիտակեղենը լվացքի բաքում պետք է տեղավորել պտտվող ակտիվարարի դեպքում, յուրաքանչյուր իրն առանձին, հետևելով, որ իրն ամբողջովին ընկղմվի ջրի մեջ։ Բեռնելուց հետո անհրաժեշտ է բաքը ծածկել կափարիչով։

Վուշե և բամբակե գործվածքները, ինչպես նաև շատ կեղտոտված իրերը լվանում են «նորմալ» աշխատակարգով 4-5 րոպե, բրդե, մետաքսե իրերի, սպիտակ, սպիտակ նուրբ և տրիկոտաժե սպիտակեղենի լվացքը՝ «զգույշ» աշխատակարգով 2-3 րոպե։ Սինթետիկ սպիտակեղենը խորհուրդ է տրվում լվանալ տոպրակի մեջ 2-3 րոպե, «զգույշ» աշխատակարգով։ Լվանալու ընթացքում սպիտակեղենը պետք է անընդհատ շարժման մեջ լինի, հակառակ դեպքում պետք է բաքից 1-2 իր հանել։ Խորհուրդ չի տրվում լվանալ նշված ժամանակից երկար, քանի որ սպիտակեղենը կարող է ոլորվել և ժամանակից շուտ մաշվել։ Եթե անհրաժեշտ է ավելի երկար լվանալ, ապա պետք է սպիտակեղենը հանել, հարթեցնել և լվանալ մեքենայի մեջ ևս 2-3 րոպե։ Նույն լուծույթում, լվացամիջոցներ ավելացնելով, կարելի է հաջորդաբար լվանալ 3-4 խումբ սպիտակեղեն։ Գունավոր սպիտակեղեն լվանալիս խորհուրդ չի տրվում լվացքի սոդան փոխարինել խմելու սոդայով։ Լվանալուց հետո սպիտակեղենն անհրաժեշտ է քամել ձեռքի հարմարանքով կամ ցենտրիֆուգով։

Պարզաջրում և քամում։ Սպիտակեղենը պարզաջրում են մաքուր ջրով լցված բաքում նույն հաջորդականությամբ, որով լվանում են։ Լավ մաքրելու համար պետք է պարզաջրելիս բաքի մեջ 0,3-0,5 կգ պակաս սպիտակեղեն ընկղմել, քան լվանալիս։ Սպիտակեղենը պետք է պարզաջրել առնվազն 2 անգամ, սկզբում տաք (40-50 °C), ապա սառը (18-20 °C) ջրով։ Ամեն մի պարզաջրումը տևում է 1-2 րոպե։ Այնուհետև սպիտակեղենը պետք է քամել։ Գլանիկներով քամելիս սպիտակեղենը պետք է հավասարաչափ բաշխել գլանիկների երկայնքով՝ քամելու ուժը կարգավորելով գլանիկների հեռավորությամբ։ Ցենտրիֆուգով քամելիս անհրաժեշտ է հավասարաչափ շրջանաձև տեղավորել սպիտակեղենը (սկզբում մանր ու նուրբ, ապա մնացած իրերը), ծածկել մեքենայի լրակազմի մեջ մտնող հատուկ ապահովիչ ցանցով։ Գլանիկներով քամելիս ջուրը կրկին լցվում է լվացքի բաքի, իսկ ցենտրիֆուգից կարող է դատարկվել լվացակոնքի մեջ։ Ավելի լավ քամելու համար խորհուրդ է տրվում սպիտակեղենը գլանիկների արանքով անցկացնել 2 անգամ։

Մեքենայի խնամքը։ Լվացքն ավարտելուց հետո բաքը պետք է դատարկել, մաքրել բաքի ցանցը, այնուհետև տաք ջրով լվանալ բաքը, ճկափողերը և պոմպը։ Ակտիվարարի տակից ջուրը հեռացնելու համար անհրաժեշտ է մեքենան (առանց ջրի) միացրած պահել 20-30 վայրկյան։ Այնուհետև չորացնել բաքը, քամելու գլանիկները կամ ցենտրիֆուգը, ինչպես նաև ամբողջ մեքենան դրսից։ Սնուցման քուղը տեղավորել հատուկ զոլակի վրա կամ խորշում, գլանիկները (թուլացրած վիճակում), ճկափողերը և ունելիները բաքում և մեքենան կափարիչով ծածկել։ Մեքենան պետք է պահել չոր տեղում, 5 °C–ից ոչ ցածր ջերմաստիճանում։ Լվացքների միջև երկարատև ընդմիջման դեպքում (2-3 ամիս) խորհուրդ է տրվում ջրի մնացորդը հիդրոհամակարգից հեռացնել հետ պտուտակելով մեքենայի ներքևի մասի ջրթափ կարճախողովակի խցանը։

Շահագործման բոլոր կանոնների պահպանման դեպքում տնային Լ. մ-ների ծառայության շահագործման ժամկետը կազմում է 6-8 և ավելի տարի։