ՏՏՀ/Խալեր
ԽԱԼԵՐ, մաշկի զարգացման արատներ, որոնք կառուցվածքով և արտաքին տեսքով բազմազան են։ Խ. կարող են լինել բնածին կամ ի հայտ գալ հետո՝ տարբեր ժամանակամիջոցում։ Սովորաբար Խ-ի չափերը և քանակն ավելանում են սեռական հասունության սկզբին, հղիության շրջանում։ Ըստ կառուցվածքի և արտաքին տեսքի բաժանվում են 2 խմբի՝ անոթային (անգիոմաներ) և գունակային (պիգմենտային)։
Գունակային բնածին Խ. ունեն բազմազան կառուցվածք։ Հաճախ մաշկի վրա հանդիպում են տափակ կամ մաշկից թեթևակի բարձր, կորեկի կամ ոսպի մեծության, կլոր կամ ձվաձև դարչնավուն սև բծեր։ Գունակային Խ-ի քանակը մեկ-երկուսից հասնում է մինչև հարյուրի։
Երբեմն դեմքի, գլխի մազածածկ հատվածի, մեջքի վրա լինում են ոսպի հատիկից մինչև լոբու մեծության, փափուկ, մաշկի մակերևույթից խիստ բարձր գոյացություններ։ Այդ Խ., որպես կանոն, դեղնավարդագույն են, երբեմն մուգ գունակի հատիկներով բծավորված։ Մակերևույթը հարթ է՝ հաճախ ծածկված նոսր, փափուկ, բաց գույնի մազերով։ Նման Խ. սովորաբար բնածին են և, որպես կանոն, տարիքի հետ մեծանում են։ Բնածին Խ-ի շարքն են դասվում նաև, այսպես կոչված, փափուկ գորտնուկները, որոնք բալի կորիզից մինչև լոբու մեծության ուռուցքներ են, հաճախ լինում են բարակ տոտիկի վրա, վարդագույն են կամ մուգ դեղին։ Առավելապես հանդիպում են պարանոցի, մեջքի վրա, անութային փոսերում և աճուկային ծալքերում։
Այսպես կոչված բնածին մազոտ Խ. սովորաբար դեղնադարչնագույն, սև, պինդ կառուցվածքով գոյացություններ են, որոնց մակերևույթն անհարթ է, հաճախ գորտնուկավոր, ամբողջովին ծածկված կոպիտ խոզանականման մազերով։ Զբաղեցնելով մաշկի մակերևույթի մեծ հատվածներ՝ այդ գոյացությունները տգեղացնում են մարդկանց։ Ցանկության դեպքում բնածին Խ. կարելի է հեռացնել էլեկտրական հատուկ գործիքների օգնությամբ կամ վիրաբուժական ճանապարհով։ Դրանցից հետո սովորաբար մնում են քիչ նկատվող սպիներ։ Հատուկ ուշադրություն պետք է դարձնել մուգ դարչնագույն և սև բնածին Խ-ին, որոնք կարող են մեծանալ և բորբոքվել։ Այդպիսի դեպքերում հարկավոր է անհապաղ դիմել բժշկի։