Jump to content

ՏՏՀ/Լուսնոտություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Լուսնոտություն
Առողջություն և կոսմետիկա
Աղբյուր՝ ՏՏՀ, էջ 283
Այս էջը կարող է պարունակել հնացած կամ ոչ ճշգրիտ բժշկական կամ առողջապահական տեղեկատվություն։

ԼՈՒՍՆՈՏՈՒԹՅՈՒՆ, գիշերաշրջիկություն (լունատիզմ, սոմնամբուլիզմ), քնի խանգարման ձևերից։ Նկատվում է հոգնածության, նևրոզների ժամանակ և ծանր հիվանդության առողջացման շրջանում։ Առավել հաճախ հիվանդանում են երեխաները և դեռահասները։ Արտաքուստ նման վիճակներ կարող են առաջանալ նաև էպիլեպսիայի ժամանակ։ Լ. դրսևորվում է հետևյալ ձևով. քնած մարդը վեր է կենում անկողնուց և շարժվում սենյակում, կատարում է երբեմն աննպատակ, երբեմն կարգավորված գործողություններ (բացում և փակում է դուռը, դուրս գալիս տնից և այլն)։ Այնուհետև նա սովորաբար նորից է պառկում քնելու։ Այդ միջադեպերի մասին, որպես կանոն, հիշողություններ չեն պահպանվում։

Լ-ով հիվանդ անձինք (լուսնոտներ) հնում վախեցրել են շրջապատող մարդկանց։ Այդ պատճառով Լ. բացատրում էին խորհրդավոր ձևով՝ կապելով լուսնի փուլերի հետ (այստեղից «Լ.» անվանումը), իսկ լուսնոտներին վերագրում էին անդունդի վրա հավասարակշռությունը պահպանելու, տանիքի եզրերին քայլելու, կանխագուշակելու հատկություններ։ Լուսնոտը գիշերաշրջիկության ժամանակ կարող է վայր ընկնել, վնասվել և դրա հետևանքով արթնանալ։ Դժբախտ պատահարներից խուսափելու նպատակով հարկավոր է սենյակի դուռն ու լուսամուտները փակ պահել, էլեկտրասարքերն անջատել, կրակը հանգցնել և այլն։ Նոպայի ժամանակ հարկավոր է քնածին զգույշ կանգնեցնել, ցածր, հանգիստ ձայնով արթնացնել, պառկեցնել անկողնում և սպասել, որ քնի։ Այդպիսի մարդկանց անպայման հարկավոր է բժշկական հսկողություն։