Jump to content

ՏՏՀ/Խարանկարում

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԽԱՐԱՆԿԱՐՈՒՄ, կատարվում է վաճառվող կամ ինքնաշեն էլեկտրական հատուկ սարքով։

Սարքը էլեկտրական ցանցին միացվում է լարումն իջեցնող տրանսֆորմատորով։ Սարքի աշխատանքային լարումը 2 Վ է, սպառող հզորությունը՝ մոտավորապես 20 Վտ։ Աշխատանքային գործիքը բռնիչն է, որի ծայրին ամրացված է էլեկտրական հոսանքով շիկացող մետաղե էլեկտրոդ։ Աշխատանքի ընդմիջման ժամանակ անհրաժեշտ է տրանսֆորմատորը անջատել ցանցից, գործիքը դնել տակդիրին միայն հովանալուց հետո։ Խարանկարում են փայտի կամ նրբատախտակի վրա. գերադասելի է փափուկ տեսակների՝ լորենու, լաստենու և կաղամախու փայտանյութը։ Խարանկարման համար թողարկվում են նկարազարդ հատուկ ալբոմներ։ Կարելի է օգտագործել նաև նկարազարդ այլ ալբոմներ, գրքեր և ամսագրեր։

Շատ կարևոր է նկարը ճիշտ փոխանցել փայտի վրա։ Ընտրված նկարը պատճենում են մոմաթղթի կամ ծխախոտաթղթի վրա, այնուհետև պատճենաթղթի միջոցով անցկացնում խնամքով հղկված փայտի վրա։

Զարդանկարներ և միատեսակ ուրվագծեր խարանկարելու համար օգտագործում են նրբատախտակից սղոցած կամ հաստ թղթից կտրված ձևանմուշներ և տրաֆարետներ, որոնք դնում են փայտանյութի հղկած մակերևույթի վրա և մատիտով շրջագծում։ Առաջին փորձնական նկարները խարանկարում են միայն կետերով։ Առարկաների ծավալային պատկերներ, լուսաստվերային անցումներ արտահայտելու համար փոխում են կետերի խտությունը, չափերը և խորությունը։ Խարանկարվող առարկան սեղանի հարթության նկատմամբ դնում են որոշակի անկյունով և աչքերից 30-35 սմ հեռու։ 15-20 րոպեն մեկ անհրաժեշտ է ընդմիջում անել աչքերը հանգստացնելու համար։ Ցանկության դեպքում խարանկարը ներկում են, գունավորում կամ լաքապատում։ Ներկում են ջրում լուծվող ներկերով (գունավոր թանաք, տարագույն տուշեր, անիլինային ներկանյութ)։ Դարչնագույն ներկում են խածատիչով։ Ներկելուց առաջ խարանկարված փայտի մակերևույթը լավ ողորկում են հղկաթղթով։ Վերջնամաքրամ կատարում են փայտի թելքերի ուղղությամբ։ Ներկանյութերի ջրային լուծույթները պատրաստում են ոչ թանձր, իսկ նկարի որևէ գույնը ավելի ցայտուն դարձնելու համար այդ մասը ներկում են 2-3 անգամ։

Փայտանյութի ճակատային մակերևույթը, ինչպես նաև նրբատախտակի եզրերը ներկելուց առաջ ջրով թրջում են, քանի որ այդ մասերը կողային մակերևույթից ավելի լավ են ներծծում խոնավությունը և ներկը, և ավելի մուգ են ստացվում։ Նկարի եզրերը խարանում են անընդհատ գծով, որպեսզի ներկելիս փայտանյութի թելքերի ուղղությամբ ներկը չհոսի և չկեղտոտի։

Խարանկարված իրերը ներկում են փոքրիկ, փափուկ վրձիններով, իսկ ամբողջ մակերևույթը՝ բամբակե մաքուր լաթի խծուծով։ Որպեսզի խարանկարի մակերևույթը հավասարաչափ ներկվի, խորհուրդ է տրվում ներկելուց անմիջապես հետո այն սրբել փափուկ, մաքուր լաթով։