Jump to content

ՏՏՀ/Կարպետ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՐՊԵՏ, գործվածք, որը հյուսվում է բրդե, բամբակե, մետաքսե թելերով բրդե, բամբակե հենքի վրա։ Օգտագործում են ցրտից պաշտպանվելու և գեղազարդման նպատակներով։ Կ-ի գործվածքից պատրաստել են վրանի, ձիու թամբի ծածկոցներ, խուրջիններ, անկողնակալներ, պարկեր ևն։ Որպես միջնաթել օգտագործվում են բրդե, մետաքսե թելեր։ Կ. հյուսելու համար անհրաժեշտ է լավ ոլորած թել (բացառությամբ շուլալ Կ-ի, որի թելը պետք է լինի փափուկ)։ Կարպետագործության մեջ ընդունված է օգտագործել ոչխարի բրդի բնական գույների թելեր (սպիտակ, սև, շագանակագույն, ոսկեգույն)։ Թելերը կարելի է ներկել նաև բնական ներկանյութերով՝ թթենու կանաչ տերևով, դաղձով, ընկուզենու կանաչ տերևով, սոխի կեղևով, ավելուկով ևն։

Կ. գործում են տորքի (դազգահ) վրա։ Հենքի ուղղաձիգ միագույն թելերի միջով անցկացնում են գունավոր միջնաթելեր, որոնցով և ստացվում է Կ-ի նախշը։ Յուրաքանչյուր շարքն ավարտելուց հետո թելերը խտացնում են կտուտիչով։ Հայկական Կ-ներից հայտնի են մեզարը, ջեջիմը, մատնաքաշ, շուլալ և այլ Կ-ներ։

Մեզարն ունի կտավի նման հյուսվածք։ Գործում են ուղղաձիգ դազգահի վրա։ Գործող թելն անցնում է հենքի թելերի միջև մեկընդմեջ։ Հենքը գցվում է նեղ ու լայն գունավոր շերտերով, որոնց միջև արվում են տարբեր գույնի բաժանարար գծեր։ Գործվում է այնպես, որ երևում են ոչ միայն գործող, այլև հենքի թելերը։ Մեզարը երկերես գործվածք է։

Ջեջիմը գործում են գետնին խփված ցցերի միջև արված հենքի վրա (նեղ ու լայն գունավոր շերտերով)։ Գործող թելն անցկացնում են հենքով ձախից աջ և աջից ձախ, ապա, թրով խփելով, նստեցնում։ Գործվածքի մեջ գործող թելը չի երևում, երևում են միայն հենքի թելերը։ Ջեջիմի երկու երեսն էլ ստացվում են միանման գունավոր շերտերով։ Ջեջիմը գործում են նաև խաչաձև, սանրաձև և այլ նախշերով։

Երկերես «մատնաքաշ» Կ. գործում են ուղղաձիգ տորքի վրա։ Հենքի բրդե կամ բամբակե թելը միագույն է, գործող թելը՝ բազմագույն։ Վերջինս մեկընդմեջ անցկացվում է հենքի թելերի միջով և ձևավորում նախշը։ Գործում են ձախից աջ և աջից ձախ։ Թելերի ծայրերը թաքցնում են գործվածքի մեջ։ Անջատ-անջատ նախշեր գործելու դեպքում, աշխատաթելը, հասցնելով նախշի եզրին փաթաթում են հենքի թելի շուրջ, հետ դարձնում, գործում մինչև նախշի մյուս եզրը, կրկին պատ տալիս և վերադառնում։ Այս եղանակով Կ. ավելի արագ է հյուսվում։

Հայաստանի տարածքում Կ. հայտնի է եղել դեռևս մ.թ.ա. II հազարամյակում։ Հայ մատենագրության մեջ Կ. բառը գործածվել է («կապերտ» ձևով) սկսած V դ.։ Իսկ X-XIII դդ. տարածվել է նաև Եվրոպայում և գործածվել գորգ իմաստով, Կ. օգտագործել են իբրև փռոց, ծածկոց, վարագույր, վրանի, ձիու թամբի ծածկոց։ Կ-ի գործվածքից պատրաստել են խուրջիններ, անկողնակալներ, պարկեր ևն։