Jump to content

ՏՏՀ/Խոհանոց

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԽՈՀԱՆՈՑ, կերակուր եփելուց բացի, Խ-ում կարելի է արդուկ ու կար անել, տնտեսական մանր աշխատանքներ կատարել։ Ըստ Խ-ի օգտագործման բնույթի և կահավորանքի տարբերում են աշխատանքային Խ., Խ-ճաշասենյակ, որոշ բնակելի շենքերում Խ-խորշ։

Աշխատանքային Խ. հիմնականում նախատեսված է կերակուր եփելու և տնտեսական աշխատանքների համար։

Խ-ճաշասենյակում դրվում է ճաշասեղանը։

Խ-ում կատարվող աշխատանքներից ամենակարևորը և ամենաաշխատատարը կերակուր եփելը և ճաշից հետո հավաքել-լվանալն է։ Կերակուր եփելը տնտեսուհուց պահանջում է օրական միջին հաշվով 4 ժամ, որի ընթացքում նա Խ-ում քայլում է մի քանի կիլոմետր։ Պետք է հաշվի առնել նաև Խ-ում աշխատելու անբարենպաստ պայմանները, բարձր ջերմաստիճանը և խոնավությունը, գոլորշին, օդի բաղադրության փոփոխությունը, ինչպես նաև հիմնականում կանգնած աշխատելու անհրաժեշտությունը։

Կահավորանքի տեղակայումը։ Խոհանոցի կահավորանքի առանձին իրերը նպատակահարմար է տեղադրել հետևյալ հերթականությամբ. սառնարան, լվացակոնք, աշխատանքային պահարան, սեղան, սալօջախ, սպասքասեղան։ Ցանկալի է, որ սարքավորանքի բոլոր տարրերը՝ կահույքը և սարքերը, կիպ դրվեն իրար մոտ։

Առավել հարմար է խոհանոցային սարքավորանքի տարրերը տեղադրել շարքով՝ հիմնական պատերից մեկի երկայնքով (միաշար դասավորություն)։ Դա հեշտացնում է տնտեսուհու աշխատանքը, հնարավորություն տալիս հետևել միաժամանակ ընթացող բոլոր գործողություններին։

Եթե Խ-ի հատակագիծը և չափերը թույլ են տալիս, կարելի է սարքավորանքը տեղադրել անկյունով՝ կից պատերի երկայնքով (անկյունային դասավորություն)։ Այդ դեպքում անհրաժեշտ է նաև անկյունային սեղան-պահարան։ Դա հնարավորություն է տալիս օգտագործել սեղան-պահարանի լրացուցիչ աշխատանքային մակերեսը և տարողությունը։ Եթե սարքավորանքը դրված է Խ-ի խորքում անկյունային դասավորությամբ, անհրաժեշտ է տեղային լուսավորության աղբյուր։ Եթե Խ. երկարավուն է, սարքավորանքը կարելի է տեղադրել հանդիպակաց պատերի երկայնքով (երկշար դասավորություն)։ Այս դեպքում ևս հիմնական տարրերը՝ լվացակոնքը, աշխատանքային սեղան-պահարանը և սալօջախը պետք է դնել նույն պատի երկայնքով։

Ճաշասեղանի և լրացուցիչ այլ իրերի տեղն ընտրելիս պետք է նախատեսել որոշակի տարածություն սարքավորանքից օգտվելու, անցուդարձի և սեղանի շուրջ նստելու համար։

Խ-ի հարդարանքը։ Պատերի, սարքավորանքի և կահավորանքի առարկաների գույներն ընտրելիս անհրաժեշտ է հաշվի առնել ոչ միայն Խ-ի կողմնորոշումը և բնական լուսավորությունը, այլև անդրադարձած լույսի ազդեցությունը սննդամթերքի գույնի, իրերի նախշերի և մակատեսքի վրա, ներկած մակերևույթների գույնի հագեցածության և անդրադարձման գործակցի հարաբերակցությունը, հակառակ դեպքում խոհանոցային աշխատանքը հոգնեցնում է և կարող է ազդել տեսողության վրա (տես Լուսավորություն):

Խ-ի պատերը և կահավորանքը պետք է լինեն հեշտ մաքրվող։ Պատերի հարդարման համար սովորական յուղաներկից բացի, օգտագործում են պոլիվինիլացետատային, ջրաէմուլսային և այլ ներկեր, ինչպես նաև առողջապահական հատկություններով օժտված խոնավակայուն և թաղանթային պաստառներ։

Կախովի և հատակադիր պահարանների միջև պատի հատվածը երեսարկում են մեծ ամրություն ունեցող ջերմա– և ջրակայուն, քիմիապես դիմացկուն նյութերով (ջնարակած խեցեսալեր, թղթաշերտավոր զարդագեղ պլաստիկ, փայտաթելքավոր կոշտ արծնապատ սալեր)։ 2,5-2,7 մ բարձրության պատերը ցանկալի է ներկել կամ պաստառապատել մինչև առաստաղ։ Կարելի է ճաշասեղանին մոտ գտնվող պատը պաստառապատել խոնավակայուն պաստառով, իսկ մնացած պատերը ներկել։

Հատակը ծածկում են հեշտ մաքրվող, ոչ սայթաքուն, աղմկակլանիչ նյութերով։ Ոչ մեծ չափերի Խ-ներում խորհուրդ չի տրվում օգտագործել երկու տեսակից ավելի նախշավոր նյութեր։ Միագույն կահավորանքի դեպքում կարելի է օգտագործել մանր նախշերով հատակածածկույթ (պտավոր լինօլեում, սալիկներ), իսկ պատերի համար՝ խոշոր նախշերով պաստառ։ Եթե հատակի ծածկույթի համար օգտագործվում են երկու գույնի սալիկներ կամ ցայտուն նախշերով լինօլեում, ցանկալի է, որ Խ-ի կահույքի հարդարանքի գույների մեջ լինի հատակի նախշի երանգներից մեկը կամ էլ հարդարանքը լինի չեզոք՝ բնական փայտի կազմվածքը նմանակող թաղանթից (տես նաև Լինօլեում և Երեսպատում սալիկներով):

Խ-ի ընդհանուր գունային լուծումը կախված է առաջին հերթին դրա կողմնորոշումից։ Հյուսիսային, հյուսիս-արևելյան և հյուսիս-արևմտյան կողմնորոշման դեպքում նախընտրելի են ջերմ գույներ (փղոսկրի, բաց կիտրոնագույն), հարավային, հարավ-արևելյան և հարավ-արևմտյան կողմնորոշման դեպքում՝ սառը գույներ (բաց մոխրագույն, կապույտի հետ զուգակցված սպիտակ ևն)։

Հատակի գույնը կարող է լինել ավելի հագեցած, քան պատերինը, որոնց համար, որպես կանոն, ընտրում են քիչ հագեցած գույներ (40 %-ից ոչ ավելի) անդրադարձման մեծ գործակցով (40-50 %): Պատերի բաց երանգները նպաստում են Խ-ի չափերի տեսողական ընդարձակմանը և բարենպաստ պայմաններ ստեղծում լույսի բաշխման և լուսավորության համար։

Խ-ի կահույքը լինում է շարժական (ճաշասեղան, աթոռներ) և անշարժ (հատակադիր և կախովի պահարաններ, սալօջախ, լվացակոնք, սառնարան, օդամաքրիչ ևն)։

Հատակադիր պահարաններն ըստ նշանակության և կառուցվածքի լինում են աշխատանքային սեղան-պահարաններ, լվացարանատակի պահարան, սառնարանի տակդիր-պահարան, տնտեսային բարձր պահարան ևն։ Պատի պահարանները ներառում են ամանեղենի և նպարեղենի, ամանների չորացման, ինչպես նաև անտրեսոլային (սակավ օգտագործվող իրերի համար) պահարաններ։

Կահավորանքի առանձին տարրերի և Խ-ի կահույքի չափերը պետք է համապատասխանեն ոչ միայն աշխատանքների բնույթին, այլև տնտեսուհու հասակին։ Միջահասակ կանանց համար (158–160 սմ) սեղան-պահարանի առավել հարմար բարձրությունը 85 սմ է, աշխատանքային հարթակների լայնությունը 60 սմ։ Կանգնած աշխատելը հեշտացնելու համար հատակադիր պահարանների 10 սմ բարձրության պատվանդանը առջևի և հետևի մասում պետք է 5-ական սմ խորը լինի։

Պատի պահարանների խորությունը չպետք է գերազանցի 30 սմ։ Աշխատանքային մակերեսի և պատին ամրացվող ցանկացած տարրի (պահարան, լուսամփոփ) ստորին եզրի միջև հեռավորությունը պետք է լինի առնվազն 45 սմ։ Խորհուրդ է տրվում պատի պահարանի վերևի դարակը տեղակայել հատակից ոչ ավելի, քան 190 սմ բարձրությամբ։ Խոհանոցային սարքավորանքի գերադասելի բարձրությունը 210 սմ է, ավելի բարձր կարելի է տեղակայել սակավ գործածվող իրերի պահարանները։ 85 սմ բարձրության հատակադիր սեղան-պահարանների երեսները նախատեսված են մթերքի նախապատրաստման և մշակման, սառը ուտեստներ պատրաստելու համար։ Սեղան-պահարանի ներքևի բաժանմունքում պահում են խոշոր ամանեղենը, խոհանոցային մեքենաներն ու սարքերը, սեղանի սպիտակեղենը և սպասքը։ Սեղան-պահարաններն ունեն գզրոցներ, մթերք կտրատելու տախտակներ, անկյունային սեղան-պահարանները՝ ուղղաձիգ առանցքի շուրջը պտտվող դարակներ։ Նստած աշխատելու համար նախատեսված է դուրսքաշովի տախտակ հատակից 65 սմ բարձր։

Դնովի կամ ներկառուցված լվացակոնքի տեղակայման համար նախատեսվում է լվացարանատակի պահարան, որի դռան ներսի կողմից կարելի է ամրացնել աղբարկղը, պատերին լվացամիջոցներ, սպունգ, խոզանակ պահելու ցանցավոր դարակներ։

210 կամ 240 սմ բարձրության պահարանը նախատեսված է պահածոներ և չոր մթերք, խոհանոցային մեքենաներ և սարքեր պահելու համար։

Շահագործման հարմարության համար ժամանակակից հատակադիր պահարանների պատվանդանային շրջանակը փոխարինված է գնդային հենարաններ ունեցող հարմարանքով, որն ամրացված է հետևի ոտքերին։ Պահարանի առջևի մասը բարձրացնելով՝ այն կարելի է հեշտությամբ տեղափոխել հետևի գնդային հենարանների շնորհիվ։

Պատի պահարաններն ունեն հատուկ ամաններ սորուն մթերքի և համեմունքների համար։ Լվացարանի վերևում ամրացվող պատի պահարանը նախատեսված է ամաններ չորացնելու համար, ունի պլաստիկապատված մետաղալարից պատրաստված դարակներ, հենակալներ և բաժակակալներ։

Տես նաև Օդամաքրիչ։