Jump to content

ՏՏՀ/Խավարասերներ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԽԱՎԱՐԱՍԵՐՆԵՐ, տներում հանդիպում են Խ-ի 2 տեսակ՝ շիկակարմիր (ուտիճներ) և սև։ Խ. ակտիվ են միայն գիշերը, իսկ ցերեկը թաքնվում են հատակի ու պատերի, խոհանոցի սեղանի ճեղքերում, շրիշակների, սալիկների, ջեռուցման և ջրատար խողովակների տակ և այլուր։ Խ. սնվում են սննդամթերքով և կենցաղային զանազան թափոններով, բամբակով, մետաքսով, բրդով, թղթով։ Նրանք աղտոտում են մթերքը, միաժամանակ կարող են փոխանցել որդերի ձվերը և մի շարք վարակիչ հիվանդությունների (դիզենտերիա, որովայնային տիֆ, պոլիոմիելիտ ևն) հարուցիչներ։

Խ-ի դեմ պայքարելու համար անհրաժեշտ է լավ փակել բոլոր ճեղքերն ու անցքերը, որտեղ նրանք կարող են բնադրել, ամեն օր թափել սննդի մնացորդները, փակ պահել սննդամթերքը։

Խ-ին ոչնչացնելու համար վաճառվում են մի շարք քիմիական պատրաստուկներ։ Բնակելի, հասարակական և օժանդակ շինություններում Խ. ոչնչացնելու համար թողարկվում են նաև խայծով հատուկ թակարդներ։ Տուփում դրված է պատրաստի ստվարաթղթե 5 «տնակ», պարկուճ՝ մածուցիկ զանգվածով և մածկաթիակ։ «Տնակի» մեջ տեղավորում են խայծը և սեղմում կպչուն զանգվածը։

Տարածված են նաև սննդային խայծեր՝ թունավորված բորաքսով կամ բորաթթվով։ Բորաքսին պետք է խառնել հավասար քանակով ալյուր և շաքարավազ։ Կարելի է նաև բորաթթվի լուծույթ պատրաստել. 1 մաս բորաթթու և 7 մաս ջուր։ Խայծերը պետք է տեղադրել լվացարանի տակ, աղբի դույլի մոտ, խոհանոցի անկյուններում։ 3 օրից հետո խայծերը պետք է թափել։

Միջատասպան նյութեք գործածելիս պետք է զգույշ լինել և առաջնորդվել բացատրագրով։ Նախապես ծածկել կամ բնակարանից հանել սննդամթերքը, ամանեղենը, ակվարիումը, թռչուններին և տնային կենդանիներին։ Քիթը և բերանը փակել բամբակաթանզիֆային կապով կամ 4 տակ ծալած թանզիֆով։ Խայծերը տեղադրել միջատների շատ կուտակումների տեղերում՝ շրիշակների, որմնախորշերի, կահույքի, պատերի ճեղքերում, խողովակների մուտքի և ելքի տեղերում, մարտկոցների հետնամասերում, խոնավ տեղերում ևն։ Դուստը կարելի է փոշեցրել ռետինե տանձիկի կամ հատուկ սրվակի օգնությամբ, իսկ հեղուկ միջոցները քսել խոզանակով, վրձնով, փոշեցիրով ևն։ Աշխատանքը վերջացնելուց հետո անհրաժեշտ է երեսը և ձեռքերը լավ լվանալ օճառով, իսկ բնակարանն օդափոխել։ Պատրաստուկները պետք է պահել սննդամթերքից հեռու և երեխաների ու տնային կենդանիների համար անհասանելի տեղերում։ Խորհուրդ է տրվում 7-10 օր հետո բնակարանը նորից միջատազերծել։ Տես նաև Միջատազերծում, Դուստ: