ՏՏՀ/Խոհանոցային օժանդակ հարմարանքներ և իրեր
ԽՈՀԱՆՈՑԱՅԻՆ ՕԺԱՆԴԱԿ ՀԱՐՄԱՐԱՆՔՆԵՐ ԵՎ ԻՐԵՐ, խոհանոցում ցանկալի է ունենալ տնային տնտեսուհու գործը հեշտացնող մի շարք հարմարանքներ։
Կորիզահանը ծառայում է բալի և կեռասի կորիզները հեռացնելու համար։ Այն ավելի հարմար է, քան երկժանի հերակալը, որից տնտեսուհիները հաճախ օգտվում են այդ նպատակով։ Խոհանոցում ամենից հաճախ գործածվող իրերից է քերիչը, որով միրգ, բանջարեղեն, պանիր և այլ մթերք են քերում։ Կան տափակ և քառանիստ քերիչներ տարբեր չափերի անցքերով։ Թողարկում են նաև սեղանին դրվող և մսաղացի տեսքով մեխանիկական ռոտորային քերիչներ։ Քերիչները հիմնականում մետաղական են, սակայն արտադրում են նաև պլաստմասսայե քերիչներ (դրանցով քերած մրգի և բանջարեղենի մեջ ավելի լավ է պահպանվում C վիտամինը)։ Մթերքին կամ ուտեստին գեղեցիկ տեսք տալու համար հաճախ գործածում են ձևավոր դանակներ և կտրիչներ։ Օրինակ, ալիքաձև սայրով դանակով կտրում են գաթայի խմորը, հատուկ ձևավոր կտրիչով գեղեցիկ տեսք տալիս բանջարեղենին (պարուրաձև ժապավեն, շրջան ևն)։ Ձկնամաքրիչը նախատեսված է ձկան թեփուկները մաքրելու համար։ Երկսայր դանակը տեղադրված է շերեփաձև ձկնամաքրիչի ներքևի մասում, իսկ թեփուկները հավաքվում են հանովի կափարիչով շերեփի մեջ։ Արտադրում են նաև համակցված ձկնամաքրիչներ, որոնցով ոչ միայն հեռացնում են թեփուկները, այլև կտրում փորը և ձուկը կտորների բաժանում։
Սալաթները, բուտերբրոդները և այլ ուտեստներ հաճախ ձևավորում են հավասար կտորներով կտրտած պինդ եփած ձվով։ Ձվի կտրտիչները լինում են երկու տեսակի՝ լայնակի և երկայնակի կտրվածքներ անող։ Առաջին դեպքում ձուն կտրտվում է շրջանաձև, երկրորդ դեպքում՝ կիսալուսնաձև։ Տնտեսուհու աշխատանքը զգալիորեն թեթևացնում է կարտոֆիլամաքրիչը, որը լինում է երկու տեսակի. մեջտեղում գտնվող երկկողմանի սայրով դանակի տեսքով և մեխանիկական, որի մեջ լցվում է ջուր, կարտոֆիլ և բռնակով շարժման մեջ է դրվում մաքրիչի ներքևի մասում տեղակայված հղկասկավառակը։ Մեխանիկական մաքրիչը հարմար է նուրբ կեղևով մատղաշ կարտոֆիլ մաքրելու համար։
Խոհանոցում պետք է ունենալ նաև հավ կտրելու մկրատ՝ մանգաղաձև սայրով, մթերք կտրտելու տախտակ, մսի թակիչ, տակդիր տաք ամանների համար, տաք կաթսայի բռնիչներ, բոցամեղմիչ ցանց, հավանգ, սխտոր ճզմելու, կիտրոն և նարինջ քամելու, խնձորի և սերկևիլի միջուկը հանելու հարմարանքներ, ընկույզկոտրիչ, գրտնակ ևն։