Jump to content

ՏՏՀ/Խորոված

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԽՈՐՈՎԱԾ, պատրաստում են տավարի, ոչխարի, խոզի մսից, թռչնամսից, ենթամթերքից և ձկից։ Միսը շարում են շամփուրների վրա և խորովում անբոց կրակով՝ մանղալի վրա։

Խ. խոզի մսի. մեջքամիսը և ազդրի փափուկ միսը կարտել, վրան աղ, սոխ ու պղպեղ ցանել, պահել որոշ ժամանակ, ապա շարել շամփուրների վրա և, պարբերաբար շրջելով, խորովել թեժ, անբոց կրակի վրա։

Մատուցել ափսեով, հետը՝ թթու դրած պտուղ, պրաս, բարակ կտրտած սոխ։ Առանձին մատուցել նռան հյութ։

1 կգ մսին՝ 500 գ թթու դրած միրգ (տանձ, խաղող), 1-2 գլուխ սոխ, 150 գ պրաս, 1 բաժակ նռան հյութ. աղը, պղպեղը՝ ըստ ճաշակի։

Խ. Կարսի. ոչխարի փափուկ մեջքամիսը ջլազատել և բաժանել խոշոր կտորների (180-200 գ-անոց)։ Դմակը բաժանել նույն չափի կտորների։

Միսը և դմակը շարել կավե կամ ճենապակե ամանի մեջ, վրան ցանել աղ, բուրավետ և սև պղպեղ, մեխակ, մսաղացով աղացած գլուխ սոխ, ավելացնել կիտրոնահյութ կամ քացախ, կոնյակ, կանաչի, խառնել և 6-7 ժամ պահել սառը տեղում (բաստուրմա դնել)։

Մսի կտորները դմակի հետ մեկ ընդ մեջ շարել շամփուրի վրա և, պարբերաբար շրջելով, խորովել թեժ անբոց կրակի վրա։ Խորովելիս սուր դանակով տաշել մսի և դմակի խորովված մասերը (մոտավորապես 1-1,5 սմ հաստության)։ Մատուցելուց առաջ վրան ցանել կտրտած գլուխ սոխ, սամիթ, գինձ և մաղադանոս։

1 կգ ոչխարի մսին՝ 150 գ դմակ, 50 գ քացախ կամ կիտրոնաթթու, 1 ճաշի գդալ կոնյակ, 4 գլուխ սոխ. աղը, սև պղպեղը և կանաչին՝ ըստ ճաշակի։

Խ. ամառային. ոչխարի մեջքամիսը, ազդրի փափուկ միսը բաժանել 40-50 գ–անոց կտորների, լցնել ամանի մեջ, վրան աղ, պղպեղ, մանրած գլուխ սոխ ցանել, խառնել և 3-4 ժամ պահել սառը տեղում։

Սմբուկը լվանալ, երկարությամբ ճեղքել, մեջը դնել մանր կտրտած դմակ։ Պոմիդորը և կանաչ տաքդեղը լվանալ։ Բաստուրմա դրած միսը և բանջարեղենը շարել շամփուրների վրա և, պարբերաբար շրջելով, խորովել թեժ, անբոց կրակի վրա։ Նախ խորովել բանջարեղենը, ապա՝ միսը։

Խորոված բանջարեղենը կեղևել, շարել սկուտեղի մեջ և վրան կանաչի ցանել։ Միսը մատուցել առանձին սկուտեղում՝ վրան կտրտած սոխ ցանած։

1 կգ ոչխարի մսին՝ 3 գլուխ սոխ, 0,5 կգ սմբուկ, 50 գ դմակ, 4 պոմիդոր, 4 կծու տաքդեղ. աղը և սև պղպեղը՝ ըստ ճաշակի։

Ծեծած մսի Խ. (լուլաքյաբաբ). ոսկրազատած և ջլազատած միսը ծեծել քարի վրա կամ երկու անգամ աղալ մսաղացով, ավելացնել աղացած գլուխ սոխ, աղ, պղպեղ, չորացրած խառը կանաչի (մանրած), մի քիչ ջուր և լավ խառնել։ Մսի զանգվածը, մաս-մաս բռի մեջ առնելով, խողովակաձև կպցնել շամփուրների վրա և, պարբերաբար շրջելով, խորովել փայտածխի անբոց կրակի վրա։

Ափսեի մեջ լավաշ փռել, Խ. քաշել լավաշի վրա, կողքը կտրտած սոխ և կանաչի դնել ու ծածկել լավաշի կտորով։ Առանձին մատուցել կծոխուր կամ նռան հյութ։ Որպես խավարտ կարելի է տալ նաև խորոված պոմիդոր և կանաչ տաքդեղ։

1 կգ մսին՝ 2 գլուխ սոխ, 1/2 բաժակ ջուր, աղը, պղպեղը, կանաչին, սոխը (խավարտի համար) և կծոխուրը՝ ըստ ճաշակի։