ՏՏՀ/Ծիրան
ԾԻՐԱՆ, պտուղները հասունանում են հունիս-հուլիսին։ Հասունացման և բերքահավաքի ժամանակը 20-25 օր է։ Սենյակում Ծ. պահպանվում է մինչև 25 օր, իսկ սառնարանում (0 °C ջերմաստիճանում)՝ մինչև 2-3 շաբաթ։ Պահելու համար նախատեսված պտուղները հավաքում են հասունանալուց 3-5 օր շուտ։ Ծ-ի կորիզը կարելի է օգտագործել քաղցր նուշի փոխարեն։
Ծ. պարունակում է 7-20 % (որոշ սորտերում մինչև 22 %) շաքարներ, 2-10 մգ % կարոտին (A նախավիտամին), օրգանական թթուներ, պեկտինային և բուրավետ նյութեր, հանքային աղեր (կալիում, կալցիում, ֆոսֆոր)։ Ըստ իրենց նշանակության Ծ-ի սորտերը բաժանվում են 3 խմբի. սեղանի՝ Երևանի (Շալախ), Սաթենի, Խոսրովենի, Կարմրենի, Կանաչենի ևն, օգտագործվում են հիմնականում թարմ վիճակում, ինչպես նաև սոուսներ պատրաստելու և սառեցնելու համար, պահածոյի՝ Երևանի, Խոսրովենի, Արագածի, Համբանի ևն, վերամշակում են, պատրաստում կոմպոտներ, հյութեր (պտղամսի հետ) և մուրաբա, չրեր՝ Երևանի, Սաթենի, Կանաչենի, Կարմրենի ևն։ Մինչև 50 % շաքարներ պարունակող Ծ-ի (տես Բանջարեղենի և մրգերի չորացում) չրերը (չորացնում են ամբողջական պտուղը կորիզով և առանց կորիզի ու կես-կես՝ առանց կորիզի) արժեքավոր սննդանյութ են։
Տարածված են նաև Ծ-ի վայրիացած ձևերը, որոնք մշակովի սորտերից տարբերվում են պտուղների փոքրությամբ, ցածր շաքարայնությամբ և ավելի ամուր պտղամսով։ Գնահատվում են բարձր ցրտադիմացկունության, ամենամյա առատ բերքատվության համար։ Օգտագործվում են հիմնականում կոմպոտ, մուրաբա եփելու և չորացնելու համար, կարելի է պատրաստել նաև շաքարաչիր ևն։