ՏՏՀ/Ծնեբեկ (բանջար)
ԾՆԵԲԵԿ (բանջար), սննդի մեջ օգտագործում են մատղաշ, հյութալի ընձյուղները։ Ծ. յուրահատուկ համ ու հոտ ունեցող արժեքավոր սննդաբույս է։ Այն պարունակում է ազոտային նյութեր, ճարպեր, շաքար, անազոտ մզվածքանյութեր, մինչև 25 մգ % C, A և աննշան քանակությամբ B1, B2, PP վիտամիններ։
Ծ. անհրաժեշտ է պահել խոնավ ավազի մեջ, առավել ցանկալի է հով տեղում (0 °C-ի պայմաններում)։
Ծ. ջեռեփած. Ծ. մաքրել, կտրտել 1-1,5 սմ երկարության կտորների, լվանալ, եփել աղ գցած ջրում, ապա ջրքամել։
Կանաչ սոխով սոխառած անել, լցնել եփած Ծ-ի վրա, ավելացնել մանր կտրտած մաղադանոս, պղպեղ, զաֆրանի թուրմ, խառնել, լցնել յուղ քսած տապակի մեջ, աղ ցանել, վրան հարած ձու լցնել և թխել ջեռոցի մեջ։ Ծ. մատուցել կիտրոնով։
500 գ Ծ-ին՝ 50 գ կանաչ սոխ, 2 ձու, 2 ճաշի գղալ հալած յուղ, աղը, պղպեղը, մաղադանոսը, զաֆրանը՝ ըստ ճաշակի։
Ծ-ի սալաթ. Ծ եփել ինչպես նկարագրված է նախորդ բաղադրատոմսում, թողնել, որ հովանա, ապա համեմել մայոնեզով և մանր կտրտած կանաչի ցանել։