ՏՏՀ/Ծովաբողկ
ԾՈՎԱԲՈՂԿ, կծվիչ, Հայաստանում աճեցնում են ամենուր (տնամերձերում)։ Հավաքում են ուշ աշնանը (ցրտերն սկսվելուց առաջ) կամ գարնանը։ Անհրաժեշտ է պահել –1° - +1 °C ջերմաստիճանում (նպատակահարմար է չոր ավազի մեջ)։
Ծ-ի արմատը պարունակում է ջուր, ազոտային նյութեր, թաղանթանյութ, մինչև 100 մգ % C վիտամին, եթերայուղեր, ֆիտոնցիդներ։ Ծ. ունի սուր հոտ ու համ։ Այն օգտագործում են որպես տարբեր կերակուրների համեմունք, վարունգ և պոմիդոր թթու դնելիս։ Գիշերը սառը ջրում պահելուց հետո Ծ. հեշտությամբ է քերվում։ Քերած Ծ. չի սևանա, եթե նրա վրա քամվի կիտրոնի հյութ կամ լցվի քացախ և խառնվի:
Ծ. քացախով. Ծ. կեղևել, լվանալ, քերիչով քերել, լցնել ամանի մեջ, եռման ջուր լցնել, ծածկել կափարիչով և թողնել հովանա։ Ջուրը թափել, ավելացնել աղ, շաքարավազ, քացախ։ Մատուցում են մսեղենի ու ձկնեղենի սառը և տաք կերակուրների հետ։
300 գ Ծ-ին՝ 2 3/4 բաժակ ջուր, 1 բաժակ 6 %-անոց քացախ, 2-ական թեյի գդալ աղ և շաքարավազ։
Ծ. ճակնդեղով, պատրաստում են վերը նկարագրված եղանակով՝ ավելացնելով 200 գ եփած, մանր քերիչով քերած ճակնդեղ։ Մատուցում են տապակած խոզի մսի և դոնդողածածկ կերակուրների հետ։